Փաշինյանը Թրամփին հետաքրքիր չէ. Թրամփը չի ցանկանում պատերազմել Իրանի հետ, Ռուսաստանն իր նվաճած որևէ հող չի զիջի. Զանգեզուրի միջանցքի ամերիկյան դիտանկյունը. Քրիստինե Առաքելյան

168TV-ի «Դիպլոմատ» հաղորդման շրջանակում ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը զրուցել է ԱՄՆ-ում գործունեություն ծավալող տնտեսագետ, բիզնես մենեջմենթի խորհրդատու և Հայկական գիտաշխատողների համագումարի գիտաշխատող Քրիստինե Առաքելյանի (Christine Arakelian) հետ:

Արթուր Խաչիկյան.- Հարգելի հետևորդներ, ուզում եմ հիշեցնել ձեզ, որ այսօր մենք ուրախ ենք զրուցել տիկին Քրիստինե Առաքելյանի հետ: Նա հանդիսանում է Վաշինգտոնում գործող գործընկերների հայկական ընկերության անդամ, բիզնես խորհրդատու։ Քրիստին, բարի գալուստ մեր ծրագիր:

Քրիստինե Առաքելյան.– Շնորհակալություն, հաճելի է կրկին խոսել ձեզ հետ, Արթուր։

Կարդացեք նաև

Արթուր Խաչիկյան.Հաճելի է ձեզ հյուրընկալել։ Վաշինգտոնում տեղի են ունենում մի քանի զարմանալի իրադարձություններ, կարծես ատրակցիոն լինի, կարող ենք սկսել ցանկացած թեմայից, ըստ ձեր ցանկության, քանի որ նույնիսկ չգիտեմ՝ որտեղից սկսել:

Քրիստինե Առաքելյան.– Շատ կարևոր շաբաթ էր, և իրականում վերջին երկու շաբաթները շատ կարևոր էին նախագահ Թրամփի և իր վարչակազմի առաջնահերթությունները ձևակերպելու առումով: Իր նոր վարչակազմում պետքարտուղար Ռուբիոն նաև մի շարք գործողություններ է ձեռնարկել՝ Պանամայի ջրանցքի, Ուկրաինայում և այլուր ԱՄՆ շահերի հետ կապված: Թրամփը նաև հայտարարություններ է արել նաև BRICS-ի վերաբերյալ: Փաշինյանը վերջին շաբաթը Վաշինգտոնում էր, բայց նա չարժանացավ Թրամփի վարչակազմի ուշադրությանը:

Կարծում եմ, որ այդ այցի մասին լռությունն իսկապես խոսում է այն մասին, թե որ տեղում է գտնվում Հայաստանն այս պահին Միացյալ Նահանգների համար: Ես չեմ ասում, որ Հայաստանը չի կարող առաջնահերթ լինել Միացյալ Նահանգների համար, բայց այս պահին դա այդպես չէ:

Արթուր Խաչիկյան.Գիտե՞ք՝ էլ ինչն է շատ մեծ ցուցանիշ: Երբ երկրի ղեկավարն այցելում է Վաշինգտոն, և նրան նույնիսկ չեն ընդունում, պաշտոնական հանդիպումներ չեն լինում, և Թրամփի վարչակազմի կամ Պետդեպարտամենտի ներկայացուցչի հետ հանդիպելու փոխարեն, նա հանդիպում է կրոնական որոշ առաջնորդների հետ, նրանցից ոմանք էլ կրոնական աղանդների առաջնորդներ էին: Ինչո՞ւ այդպես եղավ, մենք ընդամենը վերջերս էինք ԱՄՆ-ի հետ պայմանագիր-հուշագիր կնքել ռազմավարական համագործակցության մասին: Բայց չնայած դրան, մենք անգամ Թրամփի հետ հանդիպման չարժանացանք: Նրանք նույնիսկ չնկատեցին Փաշինյանին:

Քրիստինե Առաքելյան.- Ճիշտ է, ուստի եկեք մի քանի քայլ հետ գնանք: Փաշինյանը գնացել էր Կապիտոլիումի շենք և հանդիպել Կոնգրեսի մի քանի անդամների հետո։ Այս հարցազրույցից հետո ես ձեզ կարող եմ մանրամասն տեղեկատվություն տրամադրել այդ հանդիպումների կապակցությամբ: Դա խառնաշփոթ էր, ռազմավարական իմաստով որևէ նշանակություն չունեին այդ հանդիպումները և իրականում որևէ արդյունքի չտվեցին:

Առանցքային հանդիպումները, որոնք Փաշինյանը պետք է ունենար Վաշինգտոնում, գործադիր իշխանության հետ պետք է լինեին: Նա պետք է հանդիպեր Ռուբիոյի, Վենսի, Թրամփի հետ… Եվ, որպեսզի պարզ լինի, ասեմ, որ հայ ժողովուրդն ունի Թրամփի հետ ուղիղ կապ ունեցող անձնավորություն` ի դեմս Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա Կաթողիկոսի: Հիշեցնեմ, որ Արամ Ա Կաթողիկոսը խոսել է Թրամփի հետ ԱՄՆ ընտրությունների ժամանակ։ Շատ մեծ հարց է, թե ինչո՞ւ Փաշինյանը և իր թիմը չեն ուզում աշխատել հայ եկեղեցիների հետ, որպեսզի Թրամփի հետ հանդիպում ունենան։

Արթուր Խաչիկյան.- Ես գիտեմ դրա պատասխանը։

Քրիստինե Առաքելյան.– Այսինքն` անձնական շահերը Փաշինյանի թիմի համար ավելի կարևոր դեր ունեցան, քան ազգային շահերը: Դա հիմարություն էր նրանց կողմից` անձնական ամբիցիաներով առաջնորդվելը: Այս հարցը ոչ թե Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին է, այլ Հայաստանի ազգային շահի, որը ստորադասվեց նրանց կողմից: Որոշումները կայացնելիս պետք է առաջնորդվել ազգային շահերով և ոչ թե՝ անձնական զգացմունքներով, շահերով և ամբիցիաներով: Այդպե՞ս եք որոշումներ կայացնում: Դա ռազմավարական սխալ էր Հայաստանի կառավարության կողմից, որը Թրամփի ադմինիստրացիային ցույց տվեց հայ համայնքի ներսում առկա պառակտումները, ճեղքերը, որոնք կնվազեցնեն Հայաստանի ռազմավարական կարողությունները Միացյալ Նահանգների համար տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում:

Բայց Թրամփն արդեն հստակ հայտարարել է իր նախապատվությունների մասին՝ կրոնական առաջնորդների հետ աշխատելու առումով. ԱՄՆ նախագահի նախընտրական ելույթներին հետևելով՝ դա կտեսնեք, երբ նա Միչիգանում էր ու հանդիպում էր իմամների հետ: Եթե հիշում եք, Թրամփն իմամների հետ հայտարարություններ արեց բեմից։ Նույնը՝ Ուղղափառ եկեղեցու հետ: Նա զանգահարեց Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա Կաթողիկոսին: Այս դրվագները ցույց են տալիս, թե ինչպես է նա նախընտրում շփվել մարդկանց հետ, որովհետև կրոնական առաջնորդները շատ առումներով ավելի ներկայացուցչական են, ավելի են վստահություն ներշնչում և ավելի հեղինակավոր են, քան որոշ աշխարհիկ առաջնորդներ:

Դա միշտ չէ, որ այդպես է, բայց սա մի վարչակազմ է, որն ընդունում է կրոնի ուժն ու կարևորությունը հանրային կյանքում՝ ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում:

Փաշինյանը հիմնովին բաց թողեց այդ հնարավորությունը, և դա իր ձախողումն էր:

Իսկ այժմ անդրադառնանք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրին, որը ստորագրվել էր վերջերս։

Ես չգիտեմ` ե՞րբ մեր այս հարցազրույցը եթեր կգնա, Փաշինյանի ԱՄՆ այցը կտևի մինչև փետրվարի 7-ը, բայց այնուամենայնիվ, վստահ եմ, որ նա Թրամփի վարչակազմի հետ լուրջ հանդիպում չի ունենա։ Դրա պատճառն այն է, որ նա հիմնականում նոր բան չունի առաջարկելու՝ օրակարգ չունի։

Այն ամենը, ինչ նա կարող էր ասել` ասել է, արդեն ասված է, ուրեմն ի՞նչ իմաստ ուներ նրա հետ հանդիպումը:

Այնպես որ, եկեք ամփոփենք այն ամենը, որ նա արել է մինչ այս պահը:

Փաշինյանն այս ընթացքում հանդիպումներ է ունեցել այն սփյուռքահայերի հետ, որոնք ընտրված էին իր իսկ թիմի կողմից, որպեսզի որևէ կոշտ հարց իրեն չտրվի նրանց կողմից, կամ ամոթալի հակադարձում չստանա, չլինի մի բան, որն իրեն հանկարծակիի կբերի: Սփյուռքի ներկայացուցիչների հետ նրա հանդիպումն ԱՄՆ -ում Հայաստանի դեսպանատան կողմից շատ զգույշ էր կազմակերպված այստեղ: Փաշինյանը քննարկում ունեցավ Ջորջթաունում, Ատլանտյան խորհրդում, նա կրկին հանեց իր հայտնի ինֆոգրաֆիկան, որը Հայաստանի կառավարությունը պատրաստել էր «Խաղաղության խաչմերուկի» համար: Դա նույն ինֆոգրաֆիկան է, ի դեպ, որը նրանք օգտագործում են ավելի քան մեկ տարի:

Որևէ առաջընթաց չկա, Խաղաղության խաչմերուկի մասին ներկայացնող այդ ինֆոգրաֆիկան մանկական սլաքների փունջ է, որոնք ուղղված են տարբեր ուղղություններով:

Բայց ահա, թե ինչ չարեց Փաշինյանը. նա չխոսեց այն մասին, թե ինչ առանցքային դեր կարող է ունենալ Հայաստանը BRICS-ի` այդ տարածաշրջանում հաստատվելու գործում:

Թրամփն արդեն նշել է, որ ինքը թշնամաբար է վերաբերվում BRICS-ի ցանկացած նախաձեռնության, որը կթուլացնի դոլարի համաշխարհային գերակայությունը:

Փաշինյանը չխոսեց դրա մասին, նա չխոսեց նաև Իրանի հետ Հայաստանի լավ հարաբերությունների մասին և այն մասին, թե ինչպես Հայաստանը կարող է մեղմել, լիցքաթափել այդ լարվածությունը տարածաշրջանում Իսրայելի և Իրանի միջև հնարավոր առճակատման դեպքում։

Թրամփը հստակ հասկացրեց, որ չի ցանկանում պատերազմել Իրանի հետ։ Նա, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է հանդիպել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ և կփորձի հանդարտեցնել իրավիճակը, և դեռ պետք է տեսնել, թե դա ինչպես կստացվի, բայց Հայաստանն այդ մասին որևէ բան չասաց:

Հայաստանը ոչինչ չասաց նաև Մերձավոր Արևելքի քրիստոնյաների և հայկական համայնքների մասին, և, թե ինչպես նրանք կարող են համագործակցել Միացյալ Նահանգների կառավարության և տարածաշրջանի կառավարությունների հետ՝ իրավիճակը բնիկ քրիստոնյա բնակչության համար կայունացնելու նպատակով, և այլն, և այլն:

Այսինքն, եթե դուք Վաշինգտոն եք այցելում, դուք չպետք է խոսեք ձեր լեզվով, պետք է խոսեք այն ամենի մասին, որոնք նրանց շահերի տեսանկյունից էլ կարող են հետաքրքրություն առաջացնել: Նա դա չարեց, նա այդպես էլ չհասկացավ` որոնք են դիմացինների ռազմավարական կարևորություն ունեցող հարցերը: Ատլանտիկ Խորհրդում դեսպան Հերբսը մեկնաբանություններ արեց ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական հուշագրի մասին, բայց այդ մարդիկ Թրամփի վարչակազմում ազդեցություն չունեն: Հանրապետականների միջավայրում չկա որևէ մարդ, ոը առ այսօր հաստատած լինի այդ հուշագիրը:

Դա հսկայական ռազմավարական բացթողում է Հայաստանի կառավարության կողմից և այլևս դա հնարավոր չէ շտկել: Ես զանգեր էի ստանում Հայաստանից, ինձ ասում էին` պետք է ամեն ինչ անել, որ այդ փաստաթուղթը հաստատվի, բայց եթե Բայդենի վարչակազմի և Փաշինյանի կառավարության միջև կնքված Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կարևոր լիներ Թրամփի համար, մենք այժմ կիմանայինք դրա մասին:

Երևանից հաղորդագրություններ էին ստացվում, իբրև թե դա Բայդենի վարչակազմի և Թրամփի վարչակազմի համատեղ նախագիծն էր՝ ի շահ Հայաստանի: Բայց դրա ապացույցները չկան: Այնպես որ, կրկին բազմաթիվ տարբեր բացթողումներից պարզ է դառնում, որ Փաշինյանը նախատեսված հանդիպումներ չի ունեցել. նա փորձում էր Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ ավելի ռազմավարական հանդիպումներ ապահովել իր համար, բայց իր կողմից կրկին առաջարկվող ոչինչ չկար, օրակարգ չկար:

Այնպես որ, եթե ես լինեի Ջեյ Դեյ Վենսի կամ Ռուբիոյի տեղը, կմտածեի` պե՞տք է արդյոք հանդիպեմ Փաշինյանի հետ. ես պարզապես կդիտեի դեսպան Հերբսի հետ Փաշինյանի հարցազրույցը՝ հասկանալու համար՝ ինչ նորություն դա կտա մեզ համար: Ոչինչ էլ չկար հետաքրքիր, ուստի ինչո՞ւ հանդիպեմ նրա հետ: Այնպես որ, ես կարծում եմ, որ ունենք այն, ինչ ունենք:

Խաչիկյան.- Չի կարող պատասխանել այդ հարցին։ Բայց ի՞նչ կարող էր նա ասել։ Բնականաբար, Միացյալ Նահանգներն ունի շահեր այս ռեգիոնում, որոնք հիմնականում վերաբերում են Իսրայելին, Թուրքիային, Ադրբեջանին, գազի, նավթի պաշարներին, այսպես կոչված, «Միջին միջանցք»-ին և, ինչպես Դուք ասացիք, մեզ ցույց տվեցին այդ մանկական ինֆոգրաֆիկան վայրերի սլաքներով։ Եվ Դուք ճիշտ եք, մենք տեսնում ենք նույն բանը տարիների ընթացքում։ Ինչո՞ւ չի կարող փաստարկ ներկայացվել Միացյալ Նահանգներին, որ Հայաստանը կարող է կարևոր դերակատարություն ստանձնել այս ռեգիոնում՝ տեղավորելով իրեն մեր ռեգիոնում ԱՄՆ շահերի Թրամփի տեսլականի շրջանակում։

Քրիստինե Առաքելյան- Այդ փաստարկը կարող է բերվել, սակայն չի բերվում։ Օրինակ՝ Ադրբեջանը ներկայումս ԲՐԻԿՍ-ի մաս է կազմում, Թրամփը թշնամաբար է տրամադրված ԲՐԻԿՍ-ի հանդեպ, նա դա դիտարկում է՝ որպես ռազմավարական սպառնալիք։ Ես չտեսա ՀՀ կառավարության կողմից այստեղ Վաշինգտոնում այդ մասին որևէ նշում։ Կա, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք։ Եկեք տերմինաբանության ետևից չընկնենք, «Խաղաղության խաչմերուկ» տերմինը վատն է, ոչինչ չասող, դա արդյունքն է, դա չի հուշում, թե այդ ծրագիրն ինչ է իրենից իրականում ներկայացնում։ Ուստի վերջնարդյունքում պետք է լինի միասնաբար՝ ԱՄՆ-ի ու Հայաստանի կողմից կառավարվող «Զանգեզուրի միջանցք», դա կհետաքրքրի Միացյալ Նահանգներին։ Ինչո՞ւ, որովհետև ԱՄՆ-ը գիտակցում է աշխարհով մեկ առանցքային միջանցքների կարևորությունը։ Հենց սա է պատճառը, որ Ռուբիոն, օրինակ՝ կենտրոնացած է Պանամայի ջրանցքի վրա, սա է պատճառը, որ կա հետաքրքրություն Գրենլանդիայի և Արկտիկայի նկատմամբ: Ի վերջո, գլոբալ տաքացմամբ պայմանավորված՝ Արկտիկայի Կարմիր ծովի երթուղիները պետք է բացվեն, դա բոլորն են հասկանում։

Այսինքն՝ սա այն է, ինչում ԱՄՆ-ը իսկապես հետաքրքրված է։ ԱՄՆ-ը պետք է ապահովի Հնդկաստանի ներգրավվածությունն իր արևմտյան դաշինքում։ Դա ներկայումս վտանգի տակ է։ Ինչպե՞ս կարող է Հայաստանն ուժեղացնել դա, «Զանգեզուրի միջանցքի» և այս ռեգիոնում Հնդկաստանի մասնակցության միջոցով, որովհետև ներկայումս Հնդկաստանը շրջապատված է երկրներով, որոնք կապված են Թուրքիայի և Չինաստանի հետ՝ ինչպես ծովային, այնպես էլ՝ ցամաքային եղանակով։

Ներկայացնեմ մի քանի այլ բան, որոնք Հայաստանը կարող է անել։ Կա երկրների նոր եռյակ՝ Հունաստան, Կիպրոս և Եգիպտոս, որոնք աշխատում էին համագործակցաբար Արևելյան Միջերկրականում թուրքական նկրտումները կասեցնելու ուղղությամբ։ Սա չափազանց կարևոր է, քանի որ Թուրքիան ամրապնդում է ազդեցությունը։ Թուրքիան դառնում է ավելի ագրեսիվ և ծովային, և տարածքային տեսանկյունից։ Սա չափազանց հստակ է։ Երկրների այս խումբը՝ Հունաստան, Կիպրոս, Եգիպտոս, ուժեղացնում են ճնշումը Թուրքիայի նկատմամբ արևելյան միջերկրականում։ Ինչո՞ւ Հայաստանը չի աշխատում այս երեք երկրների հետ տարածքային բաղադրիչով Թուրքիային զսպելու համար։ Դա իր հերթին՝ Հայաստանին ավելի լավ հարաբերությունների կհանգեցներ Իսրայելի հետ, սակայն, կրկին ասեմ, նրանք վատ խորհուրդներ են ստանում։

Քրիստինե Առաքելյան.– Հետևաբար՝ Վաշինգտոնում որոշ խմբերի մոտ կա այդպիսի միտք, որ Հայաստանը պետք է ենթարկել ավետարանականների և սիոնիստների ազդեցությանը, որի հետևանքով նա ավելի լավ հարաբերություններ կունենա Իսրայելի հետ: Բայց սա սխալ է, եթե դուք ուզում եք լավացնել ձեր հարաբերություններն Իսրայելի հետ, դուք պետք է ռազմավարական նշանակություն ունենաք Իսրայելի համար: Սա մի հնարավորություն է, որը Հայաստանը չի օգտագործել անցյալում: Բոլորը գիտեն, որ Ադրբեջանն ու Իսրայելը դաշնակիցներ են, բայց այս դաշինքը կազմալուծման շեմին է, քանի որ Ադրբեջանը սերտ կապեր ունի Թուրքիայի հետ: Թուրքիայի, Ադրբեջանի և Իսրայելի միջև այս լարվածությունը պետք է օգտագործվի լիովին: Ընդ որում, Իսրայելում շատ մարդկանց իսկապես հուզում է այն հարցը, թե երբ է իսկապես Իսրայել-Ադրբեջան դաշինքը կազմալուծվելու:

Ադրբեջանը չի կարող խզել իր սերտ կապերը Թուրքիայի հետ, և ժամանակի ընթացքում, երբ այդ կապերն ավելի սերտ կլինեն, ի՞նչ դեր կխաղա Իսրայելն Ադրբեջանի համար:

Ադրբեջանն էներգառեսուրսներ է արտահանում դեպի Իսրայել, բայց երբ իրականություն դառնա Ստամբուլից սկսվող և մինչև Կենտրոնական Ասիա ձգվող Միջանցքի գաղափարը, ի՞նչ նշանակություն կունենա նավթի էքսպորտը դեպի Իսրայել: Իսրայելի նշանակությունն այդ առումով կնվազի: Դա ստրատեգիական սպառնալիք կլինի Իսրայելի համար: Այս առումով կարող է աճել լարվածությունն Իսրայելի և Թուրքիայի միջև, որովհետև նրանք Սիրիայում ունեն համատեղ սահման: ԱՄՆ-ը փորձում է հաշտեցնել Իսրայելին ու Թուրքիային ու այնպես անել, որ նրանց միջև կոնֆլիկտ չլինի, բայց պարզ չէ՝ դա կհաջողվի՞, թե՞ ոչ:

Սա ևս մեկ հնարավորություն էր՝ Միացյալ Նահանգների հետ սերտ հարաբերություններ ունենալ, բայց բոլոր հնարավորությունները մենք բաց թողեցինք: Դու չես կարող ավարտական գերազանց գնահատական ունենալ, եթե 4-5 տարի չես պատրաստվել վերջին քննությանը: Հայաստանն ընտրեց միակողմանի պայմանավորվածության տարբերակը՝ դաշինք կնքել Բայդենի վարչակազմի հետ և հետևել նրա ադմինիստրացիայի հրահանգներին: Մենք տեսանք, որ այդ լիմիտը սպառվեց, որովհետև հիմա ԱՄՆ-ը հարցնելու է Հայաստանին՝ ո՞րն է հետաքրքրությունը: Դուք այդ հարցի պատասխանը չունեք: Եվ ձեզ ԱՄՆ-ում չեն հասկանում: Դուք շարունակում եք օգտագործել Խաղաղության խաչմերուկի լեզուն, որը բացի ձեզնից՝ որևէ մեկի համար որևէ նշանակություն չունի: Սա ձեզ համար զարթուցիչի զանգի ձայն պիտի լինի: Արարատ Միրզոյանն ու Լիլիթ Մակունցը պիտի ամեն ինչ ջնջեն ու նորից սկսեն:

Արթուր Խաչիկյան.- Եթե խոսում ենք ամեն ինչ ջնջելու գաղափարի մասին, արդյո՞ք Դուք կարծում եք, որ արդեն իսկ գոյություն ունի ինչ-որ նախնական պայմանավորվածություն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, և Փաշինյանի ու նրա խմբակի վրա ճնշում է գործադրվել «Զանգեզուրի միջանցքի» հարցով, քանի որ, երբ մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում Պաղեստինում, ինչ հայտարարություններ են հնչում ամերիկյան կողմից, հասկանում ենք, որ Իսրայելի ազդեցությունը շատ ուժեղ է: Իսկ Ադրբեջանն Իսրայելի դաշնակիցն է, ու իրենց լոբբիստները համատեղ են աշխատում: Եվ տրամաբանական կլիներ, որ Ադրբեջանն այս պահին իր պահանջները ներկայացներ: Իսկ տարածաշրջանում նրանց ամենակարևոր պահանջը «Զանգեզուրի միջանցքն» է: Դուք կարծո՞ւմ եք, որ գաղտնի պրոցեսներ են ընթանում ետնաբեմում: Մենք տեսնում ենք, որ Եվրոպայից ևս հայտարարություններ են գալիս, թե իրենք կողջունեն այս հարցով Հայաստանի և Ադրբեջանի գործադրած ջանքերը: Արդյո՞ք այս տարբերակը խաղի մեջ է մտել:

Քրիստինե Առաքելյան.– Այսինքն՝ ես ճի՞շտ հասկացա՝ Ձեր հարցն այն մասին էր, թե հնարավո՞ր են արդյոք գաղտնի պայմանավորվածություններ Զանգեզուրի միջանցքի հարցով:

Արթուր Խաչիկյան.- Այո՛, դա է իմ հարցը:

Քրիստինե Առաքելյան.– Դա անգամ հարցականի տակ չէ: Հայաստանն այս քննարկումներում անգամ սեղանի շուրջ նստած չէ: Եթե դուք նայեք Հայաստանը, այսպես ասած, պաշտպանելու համար արված որոշ «առաջարկներին», դրանք բոլորն էլ վերաբերում են լեգալ մեխանիզմներին: Հայաստանն ինչպե՞ս են դրանք պաշտպանելու: Դա նշանակում է, որ դուք պրոցեսի մեջ մտնում եք թույլի դիրքերից: Հիշեք՝ Թրամփն անշարժ գույքի գործակալ էր: Աշխարհում շատ լծակներ են ստեղծվում, որ մարդիկ պաշտպանեն իրենց սեփականությունը, տարածքները: Անգլո-սաքսոնների մոտ այդ նպատակով հարկերը հասցվում են նվազագույնի: Այդտեղ դա այդպես չէ: Անշարժ գույքի հարկերը համապատասխանում են գույքի արժեքին: Եվ եթե դուք չվճարեք այդ գույքահարկը, ձեզ դուրս կհանեն: Իսկ անգլոսաքսոնական օրենքով՝ հողի մաքսիմալ էֆեկտիվ օգտագործումն առաջնահերթություն է: Սա նշանակում է, որ եթե Հայաստանը չանի այնպես, որ Սյունիքում լինեն ներդրումներ, Թրամփը որևէ հետաքրքրություն չի ունենա այս ռեգիոնում: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ, ի վերջո, Թուրքիան ու Ադրբեջանը Թրամփի հետ համաձայնության կգան՝ Կենտրոնական Ասիայի հազվագյուտ հանածոները, ինչպես նաև նավթն ու գազը շահագործելու վերաբերյալ, ինչն օգտակար կլինի բոլոր դաշնակիցների համար:

Այսինքն՝ Հայաստանն իրեն պիտի հարց տա՝ եթե դուք ուզում եք ԱՄՆ-ին դաշնակից դառնալ, ինչո՞ւ են ներդրումները քիչ Սյունիքում: Սա անտրամաբանական է:

Սրանք են այն խորքային հարցերը, որոնց մասին Հայաստանի ղեկավարությունը պետք է մտածի:

Ինչ վերաբերում է Գազայի անեքսիայի վերաբերյալ Թրամփի հայտարարություններին, դրանք խնդրահարույց են: Քանի որ, եթե մի երկիր կարող է զավթել ինչ-որ տարածք, ինչո՞ւ դա չի կարող անել մի ուրիշ երկիր:

Արթուր Խաչիկյան.- Եվ էթնիկ զտման ենթարկել:

Քրիստինե Առաքելյան.– Ի դեպ, սա դատապարտվել է բոլոր եվրոպական երկրների կողմից, բացառությամբ՝ Բրիտանիայի:

Արթուր Խաչիկյան.- Իհարկե: Եվ ձեզ հայտնի է՝ ինչու: Որովհետև Մեծ Բրիտանիան Ադրբեջանի դաշնակիցն է:

Քրիստինե Առաքելյան.– Այո՛, և դա շատ խնդրահարույց է: Այս մոդելը շատ հեշտ կարող է կիրառվել և Հայաստանի դեպքում: Հիշեք, որ Արցախի շրջափակման մոդելը կիրառվեց նաև Գազայի դեպքում: Այսինքն՝ մարդկանց հասցնում են սահմանագծին, վերջին կետին, տեսնում են՝ ինչ ռեակցիա կա, ու սկսում են գործել: Սա է աշխարհի մտածելակերպը: Միջազգային իրավունքից Հայաստանի կառչելը ձեզ որևէ բան չի տա:

Արթուր Խաչիկյան.- Այսինքն Դուք ասում եք, որ կան ինչ-որ կուլուարային քննարկումներ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ: Հայաստանի վրա կարող է ճնշում գործադրվել, որ զիջի այդ Միջանցքը, և Հայաստանը չի կարողանում դիմադրել, որովհետև որևէ ռեալ ամերիկյան շահեր Սյունիքում չկան:

Քրիստինե Առաքելյան.– Ես բանակցություններ եմ վարել ողջ աշխարհում: Բանակցությունների համար ամենակարևոր բանը նախնական բանակցություններն են: Ամեն մարդ, որ մտնում է բանակցությունների սենյակ, արդեն իր դիրքորոշումը կայացված է: Իրական աշխարհում գործերն այսպես են կատարվում:

Հայաստանն ինչ-որ ռեալ տնտեսական պայմանավորվածություններ չունի արտասահմանյան երկրների հետ, չկան փոխադարձ նյութական շահեր, և դրա հետևանքով Հայաստանին դուրս են թողել այդ բանակցություններից: Հետևաբար՝ Հայաստանը որևէ մեկի համար որևէ արժեք չի ներկայացնում:

Արթուր Խաչիկյան.- Բայց Թրամփը վերջերս չէ՞ր ասել, որ Ուկրաինայից օգտակար հանածոներ է ուզում արտահանել:

Քրիստինե Առաքելյան.- Ծիծաղելի է, որ նախագահ Թրամփը վազվզում է ողջ աշխարհով ու ասում, որ եթե դուք ուզում եք մեզնից ռազմական օգնություն ստանալ, դուք մեզ պետք է տրամադրեք այդ հազվագյուտ հանքանյութերը: Ինչպես գնդապետ Մաք Գրեգորն ասաց, այդ հանքանյութերը գտնվում են Արևելյան Ուկրաինայում, Դնեպր գետից դեպի Արևելք:

Արթուր Խաչիկյան.- Այո՛, այն տարածքներում, որտեղ ապրում է ռուսախոս բնակչություն:

Քրիստինե Առաքելյան.- Նա աշխարհագրական սխալ կատարեց, բայց դա մի կողմ: Սա ցույց է տալիս Թրամփի մտածելակերպը: Թրամփը մեծ հաղթանակ է ուզում: Նախագահ Օբամայի անունը կապված է Նոբելյան մրցանակի հետ: Թրամփն, իհարկե, մեծ հաճույքով կհամաձայնի նույնպես ստանալ Նոբելյան մրցանակ, բայց նա դա կստանա, եթե խաղաղություն բերի Պաղեստինին, Միջին Արևելքի տարածաշրջանին: Հայաստանը նրան չի կարող այդ հարցում օգնել, քանի որ չի կարող օգնել Թրամփին խաղաղություն բերել մեր տարածաշրջան: Ռեգիոնալ հարցերի մեջ Հայաստանը երկրորդական տեղ է զբաղեցնում: Անհնար է լուծել միայն Հայաստանի պրոբլեմները:

Ռուսաստանն ունի ստրատեգիական շատ շահեր Կովկասում և Միջին Արևելքում: Ինչպե՞ս է ԱՄՆ-ը հարգելու դրանք: Բացի դրանից, առաջին անգամ շաբաթներ առաջ ԱՄՆ-ը Պետդեպի շուրթերով ընդունեց, որ աշխարհը բազմաբևեռ է դարձել, և կան ուրիշ երկրներ, որոնք ունեն իրենց սեփական շահերը: Եվ մենք պետք է աշխատենք այդ բազմաբևեռ աշխարհակարգի պայմաններում: Բայդենի ադմինիստրացիայի ժամանակ մենք շատ էինք լսում Երկրոդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային աշխարհակարգի մասին: Ես չեմ ասում, որ այդ աշխարհակարգն արդեն կազմալուծվել է, բայց մենք գտնվում ենք ինչ-որ միջանկյալ ժամանակաշրջանում: Այլ կերպ ասած՝ Հայաստանն այնպես է իրեն դիրքավորում ԱՄՆ-ի նկատմամբ, որ դա ավելի շատ համապատասխանում է Բայդենի աշխարհայացքին: Հայաստանից պահանջելու են, որ նա իր բոլոր հարևանների հետ լեզու գտնի: Այն միտքը, որ Թրամփը կաջակցի Հայաստանին ու կփրկի վտանգի դեպքում, սին է: Դա չի լինելու:

Արթուր Խաչիկյան.- Այո՛, ես լսեցի այդ ճառը, և դա ողջունելի էր: Նա փաստորեն ընդունեց իրականությունը: Բայց նա նաև մի ուրիշ հայտարարություն էլ արեց՝ ասելով՝ մենք խաբեցինք ուկրաինացիներին՝ ասելով, որ կարող են հաղթել Ռուսաստանին: Քաջություն էր պետք՝ խոստովանելու համար, որ իրենք ուկրաինացիներին խաբել են, և դրա հետևանքով զոհվել է շուրջ 1 միլիոն 200 000 մարդ: Ես այդպիսի թվեր եմ ստանում:

Քրիստինե Առաքելյան.- Եվ մի ուրիշ բան է շուտով լինելու: Համարյա հաստատված է, որ ԱՄՆ-ը շուտով իր ուժերը դուրս է բերելու Սիրիայից: Սրանով մենք վերադառնում ենք այն թեզին, որ ԱՄՆ-ը խորքային դաշինք չի կազմելու քրդերի հետ, Սիրիայում չի կանգնելու նրանց կողքին: Այս պայմաններում մենք ո՞նց ենք պատկերացնում՝ ինչո՞ւ պիտի ԱՄՆ-ը օգնի հայերին:

Ես մի քննարկում ունեցա մեկի հետ, ով շուտով դառնալու է Թրամփի վարչակազմի անդամ: Նա էլ ասաց, որ ԱՄՆ-ը չի կարող մաս կազմել Միջին Արևելքում տեղի ունեցող ամեն կոնֆլիկտի: ԱՄՆ-ը իր ուշադրության կենտրոնում է պահելու մեծ կոնֆլիկտները, իսկ մանր հարցերը կլուծվեն տարածաշրջանային մակարդակով: Հիմա դա եկեք պրոյեկտենք Հայաստանին հուզող հարցերի վրա: Մեր տարածաշրջանի համար հիմա կարևոր հարցը Խաղաղության խաչմերուկը չէ, այլ ԲՐԻԿՍ-ը, ազդեցության և տնտեսական վերահսկողության համար պայքարը, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մրցակցությունը: Սրանք զգուշացումներ են Հայաստանի համար, ու Հայաստանը դրանք անտեսում է: Ձեզ համար շատ կարևոր մեսիջ է այն, որ Միացյալ Նահանգներն իր զորքերը դուրս է բերում Սիրիայից: Բայց սա չի նշանակում, որ Հայաստանը չի կարող կարևոր ռազմավարական գործընկեր լինել ԱՄՆ-ի համար: Իհարկե, կարող է, բայց Հայաստանն իր փաստարկները չի ներկայացրել:

Մի բան էլ կա, որի վրա Վաշինգտոնում ուշադրություն են դարձրել: Փաշինյանն ասում է, որ ինքն արևմտյան կողմնորոշում ունի: Բայց նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից: Նա Եվրասիական միության անդամ է, ասում է, որ չի ուզում ԲՐԻԿՍ-ի անդամ լինել, բայց երբ Պուտինը հրավիրում է Կազանում անցկացվող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, գնում է: Արևմուտքում նրա գործողություններում ու ասածների մեջ հակասություն են տեսնում: Կարող եք ասել՝ բայց մենք այստեղ ԵՄ դիտորդներ ունենք, բայց դա թույլ փաստարկ է: Հումանիտար նպատակներով թրեյնինգներ անցկացնելը, կրթական ծրագրեր իրականացնելը նույն բանը չէ, ինչ ՆԱՏՕ-ի անդամ լինելը:

Արթուր Խաչիկյան.- Այո, ես համաձայն եմ, բացարձակ ճիշտ է:

Քրիստինե Առաքելյան.- Եվ դրա պատճառն այն է, որ Հայաստանը չի ուզում վճռորոշ որոշումներ ընդունել: Հայաստանի ղեկավարությունն ուզում է ամեն մեկից ինչ-որ բան վերցնել, լավ ապրել, սպասել, տեսնել՝ ինչ է լինում, նոր որոշում կայացնի: Եվ մարդիկ դա նկատում են: Եթե դուք ուզում եք դուրս գալ Ռուսաստանի ազդեցությունից, դուրս եկեք, սեղմեք ձեր կոճակը, բայց անընդհատ մի՛ փոխեք ձեր կարծիքը, հետ ու առաջ մի գնացեք և հետո ասեք, որ դուք արևմտյան կողմնորոշում ունեք: Ես խոսում եմ Ամերիկայի տեսանկյունից: Հիմա մարդիկ կմտածեն՝ Քրիստինը չի ուզում օգնել Հայաստանին, բայց օգնություն ստանալու համար դուք պետք է մտածեք այն մասին, թե ինչպես են դրսում ընկալում ձեզ: Դուք չեք կարող ակնկալել, որ բոլորը ցանկանալու են ձեզ հետ աշխատել ձեր իսկ ծիրում: Համաձայնություններն այսպես չեն կնքվում: Սա շատ ոչ իրատեսական պատկերացում է աշխարհի մասին:

Արթուր Խաչիկյան.- Ես համաձայն եմ, որ այս քաղաքականությունը, եթե, իհարկե, կա որևէ քաղաքականություն, ընկալվում է որպես հակասական՝ և՛ Արևմուտքի, և՛ Մոսկվայի կողմից: Մարդիկ զարմանում են՝ տեսնելով այսպիսի անհեթեթ, ներքին հակասություններ ունեցող քաղաքականություն: Ես կարծում եմ, որ նրանք փորձում են բալանսավորված քաղաքականություն վարել, բայց դա իրենց մոտ չի ստացվում: Եվ ինչպես ռուսներն էին ասում երկար ժամանակ, նրանք փորձում էին նստել 2 աթոռի վրա: Եվ մենք ընկանք այս աթոռների մեջտեղը, որովհետև 2 աթոռի վրա նստելու համար պետք է ունենալ շատ մեծ ուսեր: Մեր հարևաններին դա հաջողվում է: Ադրբեջանն ու Թուրքիան վարում են շատ անկախ արտաքին քաղաքականություն, և նրանք գործընկերային հարաբերություններ ունեն Ռուսաստանի և Արևմուտքի հետ: Բայց մեզ մոտ դա չի ստացվում:

Անդրադառնալով տարածաշրջանային կոնտեքստին, դուք կարծո՞ւմ եք, որ Իրանի վրա հարձակում կլինի, թե՞ այդ հարցը մի կողմ է դրվել: Որովհետև մենք լսեցինք կոշտ հայտարարություններ Պոմպեոյի կողմից, ով ասաց՝ հիմա է Իրանի վրա հարձակվելու պահը: Սենատոր Ինդիգամն ասաց, որ Իրանի հետ չի կարելի բանակցել, ինչպես չի կարելի բանակցել Հիտլերի հետ, որ Իրանը ֆաշիստ պետություն է, և հիմա է ճիշտ ժամանակն Իրանի վրա հարձակվելու համար:

Քրիստին, դուք կարծո՞ւմ եք, որ Թրամփին հաջողվել է զսպել նման տրամադրությունները, և նա գնալու է Իրանի հետ բանակցությունների՞: Իմ կարծիքով՝ դրանք դժվար բանակցություններ են լինելու:

Քրիստինե Առաքելյան.- Ես ձեզ հետ կկիսեմ իմ տպավորությունն այն մասին, թե ինչ է տեղի ունենում: Որևէ գաղտնիք չկա այն բանում, որ կան շատ մեծ նվիրատվություններ: Թրամփի նախընտրական արշավի ժամանակ բավականին մեծ նվիրատվություններ են արել ամերիկացի հրեաները: Որևէ գաղտնիք չկա այն բանի մեջ, որ սա ամենապրոիսրայելական ամերիկյան կառավարությունն է: Հետևաբար, ի վերջո, Թրամփը պետք է պարգևատրի իր ամենակարևոր ընտրողներին, ինչպես նաև ավետարանականներին, ովքեր իր համախոհներն են: Եվ ի՞նչ կարող է նա անել: Նրան ասում են՝ կարո՞ղ եք անեքսիայի ենթարկել Հորդանան գետի արևմտյան ափը, պատասխանում է՝ ոչ մի պրոբլեմ, և դա շուտով տեղի է ունենալու: Եկե՛ք Գազայից տեղահանենք բոլոր պաղեստինցիներին: Եկե՛ք ստիպենք, որ Հորդանանն ու Եգիպտոսն ընդունեն պաղեստինցիներին: Ի դեպ, դա հսկայական սխալ էր: Մի բան, որ դուք չեք կարող անել աշխարհի այդ կետում, այն է, որ դուք չեք կարող ստիպել, որ մարդիկ կորցնեն իրենց դեմքն ու արժանապատվությունը:

Արթուր Խաչիկյան.- Այո, դա ճիշտ է:

Քրիստինե Առաքելյան.- Եվ նա ի՞նչ ասաց հրապարակայնորեն: Ասաց՝ ես Հորդանանի Աբդուլլա թագավորի տերն եմ, որովհետև ես նրան շատ փող եմ տալիս, և նա կանի այն, ինչ ես իրեն կասեմ:

Արթուր Խաչիկյան.- Դա շատ վատ է աշխարհի ցանկացած մասում:

Քրիստինե Առաքելյան.- Դուք նոր փաստարկ տվեցիք Աբդուլլայի ընդդիմադիրներին առ այն, որ նա ԱՄՆ-ի գործիքն է, ու նրան պետք է հեռացնել իշխանությունից:

Արթուր Խաչիկյան.- Այո, սա անտակտ, սխալ քայլ էր, դիվանագիտական պրոտոկոլի խախտում:

Քրիստինե Առաքելյան.- Ի դեպ, նույնը վերաբերում է Եգիպտոսի Սիսիին: Եգիպտոսը միայն երկիր չէ: Դա փառահեղ քաղաքակրթություն է: Դուք չեք կարող մարդկանց ստիպել, որ նրանք իրենց դեմքը կորցնեն հրապարակայնորեն: Եվ Թրամփը դա արեց: Անդրադառնանք Իսրայելին: Թրամփն իրականում Իսրայելին ասում է՝ մենք ձեզ կտանք ամենը, ինչ դուք ուզում եք ձեր Մեծ Իսրայել պրոյեկտի համար Սիրիայում, Հորդանան գետի արևմտյան ափում, Գազայում և այլուր: Մենք ձեզ ուղարկում ենք 900 կգ-անոց ռումբեր, օգտագործեք դրանք: Դուք ուզում եք դո՞ւրս հանել ՄԱԿ-ի աշխատակիցներին… Ոչ մի պրոբլեմ… Վերաբնակեցված հրեանե՞ր… Մենք ձեզ այլևս ոչ մի պատժամիջոցների չենք ենթարկի: Այսինքն՝ Թրամփն Իսրայելին ամեն ինչ տալիս է: Բայց իրականում Թրամփն իր կարմիր գիծն է գծում՝ ասելով՝ ես կտամ ձեզ սա, սա, բայց չեմ տա Իրանը, կընտրեմ խաղաղության ճանապարհը: Եվ նա կարևոր հայտարարություն արեց սոցիալական ցանցերում՝ ասելով, որ ինքն ուզում է վերսկսել բանակցություններն Իրանի հետ, որ խստացնում է պատժամիջոցներն Իրանի դեմ:

Նա դա անում է Իրանի նկատմամբ մաքսիմալ ճնշում գործադրելու համար, որ նրանք նստեն բանակցությունների սեղանին: Եվ Իրանն արձագանքեց այդ կոչին, ասաց՝ այո՛, եկեք բանակցենք: Հիմա Իսրայելն ասում է, որ իրենց դուր չի գալիս այդ զարգացումը, որովհետև հիմա է ճիշտ ժամանակն իրենց շահած դիրքերն ամրապնդելու համար: Իսկ ինչպե՞ս կարող է Իսրայելը պահպանել իր շահած տարածքները: Նրանք պետք է պատերազմ սկսեն Իրանի հետ, և նրանք չեն ուզում դա միայնակ անել, այլ ԱՄՆ-ի օգնությամբ: Նրանք դա գիտեն: Եվ ահա, թե դա ինչպես է տեղի ունենալու: Իսրայելը փորձելու է Իրանին հարվածներ հասցնելու պատրվակ գտնել, ինչն Ամերիկայի ձեռքերը կկապի: Թրամփը փորձում է կանխել սա ու ասում է, որ կբանակցի Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ, ու կարծում է, որ իրենք կկարողանան համաձայնության գալ: Եվ նա դա անում է կանխարգելիչ ձևով, որ Իսրայելի լոբբիստներին ասի՝ մի՛ անցեք այս գիծը:

Հիմա դուք տեսնում եք, թե ինչպես են իսրայելական լոբբիստական կազմակերպությունների հետ քիչ թե շատ կապված ամերիկացի որոշ քաղաքական գործիչներ, ինչպիսին, օրինակ, Պոմպեոն է, մարդատյաց դիրքավորվել, ռազմատենչ հայտարարություններ անում, իսկ որոշներն էլ, ընդհակառակը, ասում են, որ դա խելագարություն է: Բայց այս գործընթացի ստրատեգիական կոնտեքստը համաձայնությունն է Իսրայելի հետ փոխզիջումների հարցում:

Բայց ԱՄՆ-ի համար կա կարմիր գիծ: Հարցն այն է, թե արդյո՞ք ԱՄՆ-ը կկարողանա պահել իր կարմիր գիծը, և ի՞նչ է անելու Իսրայելը, եթե Միացյալ Նահանգները չկարողանա պահել իր կարմիր գիծը: Սա է այն խաղը, որ տարվում է կուլուարներում: Մենք տեղեկություն չունենք, թե ինչ է այնտեղ կատարվում, բայց դա հսկայական կարևորություն կունենա Միջին Արևելքի ապագայի համար: Հարցն այն է, որ արաբական երկրները մերժել են Թրամփի առաջարկը: Եվ սա հսկայական սխալ էր: Թրամը նոր է մեկնարկել իր նախագահական ժամկետը, և նրա մասին ավելի չափավոր արաբական երկրների կասկածները հաստատվեցին: Ի դեպ, կա արաբների մի խումբ, ովքեր աջակցեցին Թրամփին ընտրություններին ժամանակ: Դրանք իրենց անվանում էին՝ «արաբ ամերիկացիները՝ Թրամփի համար»: Բայց հենց Թրամփը հայտարարեց Գազան անեքսիայի ենթարկելու իր մտադրության մասին, նրանք իրենց անունը փոխեցին ու կոչվեցին «արաբ ամերիկացները՝ խաղաղության համար»՝ իրենց տարանջատելով Թրամփից:

Ես տեղեկություն ունեմ, որ շուտով Թրամփը գնալու է Միջին Արևելք՝ Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա: Սաուդիան Արաբիան կապիտուլյացիայի չի գնա, նրանք հզոր ուժ են ռեգիոնում, ուժեղ խաղացող ու իրենց տեսնում են՝ որպես սուննի արաբ աշխարհի առաջնորդներ: Նրանք են վերահսկում Մեքքան, Մեդինան: Նրանք ունեն պարտավորություններ իսլամի և արաբական աշխարհի նկատմամբ: Նրանք չեն զիջելու այս հարցում:

Արթուր Խաչիկյան.- Ես համաձայն եմ Ձեզ հետ: Նա փաստորեն խայտառակեց իրեն: Եվ ինչպե՞ս կարելի է մտածել անգամ, որ ԱՄՆ նախագահը կարող է 1.8 միլիոն պաղեստինցիներին հանել իրենց հայրենիքից: Եվ ի՞նչ է անելու, այդ տարածքը դարձնելու է ֆրանսիական Ռիվիերա՞:

Քրիստինե Առաքելյան.- Թո՛ւյլ տվեք մեկնաբանել այդ հարցը: Այդ հիմար հայտարարությունը նաև այլ մարդիկ են արել: Փոլ Ֆիդմանը հոդված է գրել New York Times-ում, որում ասել է, որ եթե պաղեստինցիները ցանկանան, կարող են գնալ Աբու-Դաբի: Ես եղել եմ Աբու-Դաբիում և Դուբայում ու տեսել եմ՝ ինչ են նրանք արել այդ հողի հետ: Երկնաքերներ են կառուցել, շքեղ թաղամասեր են ստեղծել: Մենք պետք է նույն բանն անեինք Գազայի համար: Եվ բոլորն ուրախ ու երջանիկ կլինեին: Հետո՞ ինչ, որ պաղեստինցիները կտեղահանվեն:

Այս մարդիկ բացարձակ միամիտ են: Ես ճանապարհորդել եմ ողջ Միջին Արևելքով շատ անգամներ: Բեդվիններն ուզում են լինել բեդվիններ: Նրանք չեն ուզում տեղափոխվել մեծ քաղաք: Պետք է գնալ փոքր գյուղեր ու խոսել տեղի բնիկների համայնքների ներկայացուցիչների հետ ու տեսնել, թե նրանք ինչ են մտածում: Նրանք չեն ուզում, որ Աբու-Դաբին գա Գազա ու մեծ շենքեր կառուցի առափնյա հատվածներում, որտեղ Թրամփն ու ուրիշները կարող են կենացներ ասել: Հասարակ մարդիկ պարզապես մի կողմ են շպրտված:

Ուղղակի նայեք, թե ինչ վիճաբանություն էր եղել Սաուդյան Արաբիայի իշխանությունների և բեդվինների ցեղերի հետ: Այս մարդիկ չեն ուզում տեղաշարժվել, չեն ուզում ուրիշ տեղ գնալ: Իրենք թքած ունեն, որ սա կարող է լինել ամենաթանկարժեք հանգստավայրերից մեկն աշխարոհւմ: Նրանք իրենց հողն են ուզում՚:

Սրանք իրականությունից կտրված հայտարարություններ էին, և միշտ այդպես է լինում, երբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը վարում են մարդիկ, ովքեր միայն եղել են Դուբայում, Աբու-Դաբիում և Էլ Ռիադում ու բացարձակ չեն հասկանում տարածաշրջանը:

Արթուր Խաչիկյան.- Սա շատ զարմացնում է: Բայց մի ուրիշ հարց էլ կա: Թրամփն ակնարկում է, որ քննարկումներ են տեղի ունենում Մոսկվայի հետ Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ: Ի՞նչ նորություններ կան սրա վերաբերյալ, որովհետև ակնհայտ է, որ սա կարևորագույն, առանցքային հարց է: Որևէ հույս կա՞, որ այս պատերազմը կկանգնեցվի, կդադարեցվեն հարյուր-հազարավոր մարդկանց սպանությունները, ու կգտնվի խաղաղ լուծում, ու ի՞նչ պայմաններով:

Քրիստինե Առաքելյան.- Կարծում եմ, որ Ուկրաինայի կոնֆլիկտը հանգուցալուծելու համար առանցքային բանը լինելու է Թրամփ-Պուտին հանդիպումը: Քելլոգը Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանն է և այս հարցերի լուծմամբ զբաղվող ամենակարևոր մարդը: Բայց Թրամփը սիրում է վերահսկել գործընթացները և կարող է իր կարծիքը պարտադրել: Օրինակ՝ Գազայի վերաբերյալ հայտարարությունն անելիս նա չէր խորհրդակցել իր ավագ խորհրդատուների հետ: Այդ մարդիկ չգիտեին սրա մասին:

Կարծում եմ՝ հիմա որևէ լուրջ առաջընթաց այս հարցով չի լինի: Վերջին բանը, որ ես լսել եմ, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջնորդության հարցն է, որ Պուտինն ու Թրամփը սկսեն խոսել միմյանց հետ: Բայց հարցը չի լուծվելու 24 ժամում: Մեծ հարց է՝ կկարողանա՞ն 6 ամսվա ընթացքում լուծել այս հարցը: ԱՄՆ-ը իսկապես Ռուսաստանի վերաբերյալ մարտավարություն չունի: Սա է մեր մեծ պրոբլեմը հիմա: Մենք հիմա գտնվում ենք բազմաբևեռ աշխարհում: Նրանք ունեն լեգիտիմ շահեր: Որո՞նք են դրանք, ու ինչպիսի՞ն են մեր շահերը: Եվ հետո, Ուկրաինայի վերաբերյալ ռացիոնալ քաղաքականություն վարելու համար դուք պետք է նայեք ավելի լայն ռեգիոնի շրջանակներին: Եթե մեր քաղաքականությունը Ռուսաստանին զսպելն է, ուրեմն մենք դրան պետք է նայենք Արկտիկայի, Աֆրիկայի, Միջին Արևելքի կոնտեքստում: Բայց մենք դա չենք անում: Մենք Ուկրաինայի հարցն առանձին ենք դիտարկում: Եվ հետո, արդյո՞ք մենք պետք է որդեգրենք Ռուսաստանին զսպելու քաղաքականությունը, թե՞ հնարավոր է ռուսների հետ աշխատել բազմաբևեռ աշխարհում, որտեղ մեր շահերը միմյանց չեն հակասում:

Վերադառնալով Հայաստանին՝ Հայաստանը կարող է լինել պայմանական կամուրջ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ավելի լավ հարաբերություններ հաստատելու համար: Հայաստանը նաև ավելի լավ կամուրջ կարող էր լինել ԱՄՆ-Իրան հարաբերություններում: Ինչպե՞ս ենք մենք օգտագործում այս հնարավորությունները: Մենք դրանցից ոչ մեկը չենք օգտագործում:

Ինչո՞ւ մենք պետք է Ռուսաստանը որպես մեր թշնամի դիտարկենք: Ես կարծում եմ՝ հետագա 4 տարիների ընթացքում Թրամփի վարչակազմը կհեռանա այդ մոտեցումից, որովհետև այդ քաղաքականությունը շատ քիչ օգուտ տվեց ԱՄՆ-ին: Ես կարծում եմ, որ օգտակար հանածոները և գյուղատնտեսական հողատարածքները կարող են հետաքրքրություն ներկայացնել ԱՄՆ-ի համար, բայց իմ կարծիքով՝ բոլորը պետք է հասկանան, որ Ռուսաստանն իր նվաճած որևէ հող չի զիջի: Եվ սա էքզիստենցիալ հարց է Ռուսաստանի համար:

Երբ Բայդենը թույլ տվեց, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը սկսվի, ասում էր, որ Եվրոպայի բոլոր երկրները կմտնեն արևմտյան դաշինք, և Ռուսաստանը Եվրոպայի մաս չի դառնա: Այս թեզերը մենք հարյուրավոր տարիներ ասել ենք Ռուսաստանին: Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը գերտերություն չէ: Արդյո՞ք Ռուսաստանն իրավունք ունենալու է նավահանգիստ ունենալ Սև ծովում, թե՞ նրան այդ ռեգիոնից ևս դուրս են հանելու, որովհետև իրականում սա էր Բայդենի վարչակազմի քաղաքականությունը: Եվ հիմա մենք ստացանք հակառակ արդյունքներ: Մի քանի տարի առաջ Վրաստանը շատ ավելի մոտ էր Արևմուտքին, քան հիմա: Վրաստանում նոր նավահանգիստ կառուցվում է չինացիների, ոչ թե Արևմուտքի կողմից: Այսինքն՝ Ռուսաստանը տարածաշրջանից դուրս բերելու ջանքերը տապալվեցին: Եվ Վրաստանը դրա վառ օրինակն է: Մարդիկ պետք է դա հասկանան:

Արթուր Խաչիկյան.- Ես այս հարցում Ձեզ հետ բացարձակ համաձայն եմ: Ես կարծում եմ՝ սա Հայաստանի համար կարող է լինել պատմական հնարավորություն՝ անել այն, ինչ դարերով արել է՝ լինել կամուրջ Արևմուտքի և Արևելքի, Իրանի և ԱՄՆ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Պատմականորեն դա մեզ մոտ լավ է ստացվում: Մենք փոքր երկիր ենք, բայց հաշվի առնելով մեր Սփյուռքը, մեր տաղանդը, տարբեր երկրների միջև տնտեսական կապեր ստեղծելու մեր հմտությունը՝ սա մեզ համար կարող է իսկապես հիանալի հնարավորություն լինել: Բայց այդ բանն անելու համար պետք է խելացի ղեկավարություն, խելացի դիվանագիտական ներկայացուցիչներ, ովքեր գիտեն՝ ինչպես պետք է դա արվի: Ակնհայտ է, որ այս ղեկավարությունը դա չի կարող անել:

Քրիստինե Առաքելյան.- Ես խոսակցություն եմ ունեցել Վաշինգտոնում, չեմ կարող ասել՝ ում հետ: Վրաստանը շատ կոշտ հակաԼԳԲՏ գծի մեջ է հանդես գալիս: Սա շատ կարևոր է Թրամփի ադմինիստրացիայի համար՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական նկատառումներով: USAID-ի ապամոնտաժման կարևոր պատճառներից մեկն այն էր, որ այդ կազմակերպությունը պետք է առաջ մղեր այդ անձանց իրավունքները ողջ աշխարհում: Այդ բոլորից մենք հիմա ազատվում ենք: Ցավոք սրտի, Հայաստանի այս վարչապետը թույլ տվեց, որ այդ ծրագրերն արմատ գցեն Հայաստանում: Իսկ Վրաստանը դա չի արել:

Բացի Վրաստանի բեկումից դեպի Ռուսաաստան, հիմա ԱՄՆ-ում քննարկումներ են գնում, որ Վրաստանը ցանկալի գործընկեր լինի ԱՄՆ-ի համար Կովկասում, եթե Վրաստանը նշված հարցի վերաբերյալ ավելի պահպանողական մոտեցում որդեգրի:

Վրաստանն աջակցում է իր եկեղեցուն: Սերտ կապեր կան նաև Վրաստանի և Թուրքիայի միջև: Մշակութային տեսակետից Վրաստանն ԱՄՆ-ի գծի մեջ է: Այսինքն՝ անգամ այս հարցում Հայաստանը որևէ արձագանք չի գտնում ԱՄՆ-ում: Սա ևս մեկ բացթողում էր, որ թույլ տվեց Հայաստանի ղեկավարությունը:

Արթուր Խաչիկյան.- Իմ վերջին հարցը հետևյալն է: Ես ցնցված էի, երբ տեսա այդ լուսանկարները: Այդ խմբի ղեկավարը, որը պետության ղեկավարն է, հանդիպում է կրոնական աղանդների առաջնորդների հետ: Նրանցից մեկը մի աղանդի առաջնորդ էր, որը Հայաստանում ունի 200 000 հետևորդ: Ես գիտեմ, որ ավետարանականների մի մասն էքստրեմալ հայացքներ ունի: Սա ուղղակի ժամանակավոր մի մերձեցում է, այս պահին հարմար դաշինք: Նրանք օգնելու են, որ Հայաստանի այս ռեժիմը կապ հաստատի Թրամփի հետ, բայց փոխարենը կցանկանան ուղղորդել ՀՀ արտաքին քաղաքականությունը: Հայաստանում կոնգրես է տեղի ունենալու, ու նրանք գալու են Հայաստան: Նրանք ներխուժելու են մեր եկեղեցի:

Քրիստինե Առաքելյան.- Եկեք անդրադառնանք սրան: Կարծում եմ՝ այդ աղանդավորական խմբերը հստակ, բացահայտ կամ անուղղակի ձևով հասկացնել տվեցին այս ռեժիմին, որ կարող են Թրամփի հետ կոնտակտ ապահովել: Պրոբլեմն այն է, որ դա նրանց չհաջողվեց: Այս պահին չկա որևէ նշանակալից պաշտոնական հանդիպում այդ անձի ու Թրամփի ադմինիստրացիայի միջև: Հարցն այն է, թե այս անձն արդյո՞ք կպնդի, որ սա միակ միջոցն է Թրամփի ադմինիստրացիայի վրա դուրս գալու, թե՞ հետքայլ կանի ու կմտածի՝ իսկ միգուցե ավելի՞ լավ ձև կա դա անելու: Դա կախված է նրանից, թե նա ինչպես է տեսնում իր այցը Վաշինգտոն և ինչ է փորձում ստանալ այդ այցից: Մի բան ակնհայտ է. այն առանցքային խմբերը, որոնց վրա նա հենվում էր ու փորձում ինչ-որ բան ստանալ, չկարողացան կատարել իրենց խնդիրը:

Այս անձն ինձ վրա հավատացյալ մարդու տպավորություն չի թողել: Սա քաղաքական օպորտունիզմ է: Հարցն այն է, թե նա հիմա ինչպես կտեսնի այս իրադրությունը: Կարծում եմ՝ նա կանի այն, ինչը համապատասխանում է իր անձնական շահերին: Չեմ կարծում, որ իրավիճակը նա դիտարկում է Հայաստանի շահերի տեսանկյունից: Նա չկարողացավ հասկանալ, որ Հայ եկեղեցին Հայաստանի ժողովրդի համար արժեք է, մեր պատմության առանցքային դերակատար ու գործոն մեր տարածաշրջանում: Կարծում եմ, որ մարդիկ Վաշինգտոնում համեմատում են Հայաստանի և Վրաստանի դիրքորոշումները հասարակությանը հուզող խնդիրների վերաբերյալ:

Թրամփի ճամբարին միանալու համար դուք ավելին պիտի անեք. Վաշինգտոնում ոչինչ ձրի չէ: Որևէ մեկը ոչինչ չի անելու ձեզ համար, որովհետև ձեզ սիրում են: Վաշինգտոնում ամեն բան փողի և քաղաքական ազդեցության հարց է: Սա պետք է հասկանալ: Եթե անգամ դուք խոսում եք հասարակական կազմակերպությունների մասին, փոքր-ինչ եթե փորփրեք, կտեսնեք, որ դրա տակ կան տնտեսական շահեր: Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում, դուք պետք է նայեք մարդկանց տնտեսական շահերին: Ցանկացած անձ ցանկանում է ստանալ իր գումարը: Հայաստանը պետք է թափանցիկ աշխատի, արտաքին քաղաքականության մեջ չպետք է գնա թաքնված գործարքների: Իսկական դեմոկրատական երկրներն ամեն կերպ պաշտպանում են իրենց արտաքին քաղաքական վեկտորը: Մենք չպետք է ունենանք գաղտնի օրակարգ, գաղտնի կամ թաքնված ազդեցություններ: Միացյալ Նահանգների կառավարությունը պահանջում է, որ Հայաստանն ավելի թափանցիկ լինի: Թափանցիկության, մարդու իրավունքների և խոսքի ազատության ռեյտինգներում Հայաստանը զիջել է իր դիրքերը: Սա առանցքային ցուցանիշ է՝ հասկանալու համար, որ սխալ ուղղությամբ ենք գնում: Մենք պետք է պատուհան փնտրենք: Եկեք միասին աշխատենք՝ Հայաստանի համար լավ ապագա կառուցելու համար:

Արթուր Խաչիկյան.- Շնորհակալ եմ:

Տեսանյութեր

Լրահոս