
«Ռուսաստանում չեն մոռանալու Փաշինյանի և Ալիևի հակառուսական պահվածքը». Հայկ Խալաթյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է Ուկրաինայի դիրքորոշումից. Նա շեշտել է՝ եթե Ուկրաինան ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ, ապա երկրում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ, նաև ընդգծել էր, որ Ուկրաինան պետք է վերադարձնի ԱՄՆ-ի տված փողերը։ «Զելենսկին պետք է բացատրություն տա, թե ուր են այս փողերը»,- ասել է Թրամփը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Արևմուտքը, ինչպես ասում են, գցեց Ուկրաինային:
«Փաստացի դա է, որովհետև բոլորս հիշում ենք, որ 2022թ., երբ պատերազմը նոր էր սկսվել, հնարավորություն կար Ուկրաինայի համար շատ ավելի ձեռնտու պայմաններով պատերազմն ավարտել, բայց Ուկրաինայի իշխանությունները նախընտրեցին լսել իրենց արևմտյան գործընկերներին՝ Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնին, որոշ տեղեկություններով՝ նաև ամերիկյան վարչակազմին, և շարունակել պատերազմը, որի արդյունքում տեսանք հազարավոր զոհեր Ուկրաինայի կողմից, ոչնչացված ինֆրաստրուկտուրա, հսկայական տարածքային կորուստներ: Ըստ բանակցություններից եկող տեղեկությունների՝ մինիմալը գոնե այդ տարածքները Ռուսաստանը պահելու է…»,- ի պատասխան՝ ասաց նա:
Հայկ Խալաթյանի խոսքով՝ Թրամփի հայտարարությունները երկու պատճառ ունեն. «Թրամփը չի մոռացել, որ երկու անգամ իր դեմ փաստացի իմփիչմենթի գործընթաց է սկսվել, որի հիմքում եղել են Զելենսկու հայտարարությունները, գործողությունները, և, իհարկե, շատ փորձագետներն էին կանխատեսում, որ իր առաջին ժամկետում և դրանից հետո տեղի ունեցած պատմությունը Թրամփը հիշեցնելու է Զելենսկուն: Բայց դրան ավելանում են նաև վերջին օրերին Զելենսկու հայտարարություններն ու գործողությունները, որովհետև եթե նույնիսկ հաշվենք, որ Թրամփը որպես բիզնեսմեն՝ կարող էր նույնիսկ անհրաժեշտության դեպքում մոռանալ, ապա մենք տեսնում ենք, որ Թրամփը ՌԴ-ի հետ հարաբերություններում մի գիծ է ընտրել, որին Զելենսկին փորձում է դիմադրել, փորձում է ցույց տալ, որ կարող է անտեսել Թրամփի մոտեցումներն ու հայտարարությունները»:
Ռուս-ամերիկյան հարաբերություններում տեղի ունեցող վերափոխումներից, Ուկրաինայի հարցում Թրամփի վարչակազմի մոտցումներից ի՞նչ հետևություններ պետք է անեն Հայաստանի իշխանությունները: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ նշել էր, որ ՀՀ իշխանությունները աշխարհաքաղաքական վեկտոր փոխելու համար շատ սխալ պահ են ընտրել, և չնայած՝ նա չի կասկածում՝ մոտ ապագայում Նիկոլ Փաշինյանը շատ արագ կոշիկները փոխելու է, զանգելու է ՌԴ նախագահին, և, ասես բան չի պատահել, սկսելու է կենացներ ասել հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կանխատեսումներ ունի Հայկ Խալաթյանն այս ուղղությամբ:
Ի պատասխան՝ նա նշեց, որ շատ հարցերում համամիտ է Ռոբերտ Քոչարյանի հետ. «Եթե Թրամփը Ուկրաինայի հարցում պատրաստ է գնալ զիջումների, ի՞նչ է ասելու՝ Ուկրաինան՝ ձեզ, Հայաստանը՝ մե՞զ: Վենսի հետ Փաշինյանի հանդիպումը, որը Հայաստանում ներկայացվեց իբրև հաղթանակ, բայց մենք տեսանք, որ ԱՄՆ փոխնախագահը նույնիսկ իր սոցիալական ցանցերում այդ մասին չի հիշատակել: ԵՄ-ն լուրջ խնդիրների մեջ է, Մակրոնն անընդհատ հավաքում է եվրոպական առաջնորդներին, որպեսզի քննարկի՝ ոնց օգնեն Ուկրաինային, բայց որևէ կոնկրետ համաձայնության դեռ չեն եկել: Ես մեծ կասկածներ ունեմ, որ առանց ամերիկյան ճնշման՝ ԵՄ-ն կկարողանա իր միասնականությունը պահել ՌԴ-ի հետ հակամարտության հարցում, կամ նույնիսկ, եթե այդ միասնությունը լինի, կարողանա անհրաժեշտ ռեսուրսներ գտնել, օրինակ՝ Ուկրաինային օգնելու համար:
Հիմա այստեղ հարց է առաջանում՝ Եվրոպան այդ ռեսուրսն ունի՞ Ուկրաինային օգնելու համար, ուր մնաց՝ Հայաստանին աջակցի: Մենք տեսնում ենք ԵՄ-Վրաստան խնդիրները: Միլիարդից ավելի եվրոպական ներդրումներն ո՞ւր են, ինչո՞ւ տեղի չունեցան, նույնիսկ վարկեր ամբողջությամբ չտվեցին, որովհետև լուրջ ֆինանսական խնդիրներ կան: Ռուսաստանը շատ հստակ իր պայմանները դրել է, զգուշացրել է, և այս պայմաններում պետք է ինքնասպան լինել, որպեսզի շարունակեն ներկայիս քաղաքականությունը: Նույնիսկ, եթե ընդունենք, որ դա ներքաղաքական խնդիրներ լուծելու համար է՝ ապահովելու հաղթանակ ընտրություններում, դա, միևնույն է, բերելու է լուրջ խնդիրների Ռուսաստանի հետ, և միևնույն ժամանակ՝ որևէ բան չես էլ ստանալու Արևմուտքից, բացի սիրուն հայտարարություններից, խոստումներից»:
Հայկ Խալաթյանն ընդգծեց՝ ռուս փորձագետները զրույցներում շատ են նշում, որ որևէ մեկը չի մոռանալու, թե ինչպես Ալիևն ու Նիկոլ Փաշինյանն իրենց պահեցին. «Այս երկրները կա՛մ փորձելու են ընդհանուր լեզու գտնել Մոսկվայի հետ, կա՛մ արդեն որոշ խնդիրների հետ են առնչվելու»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում