Եվրահանձնաժողովի 2025թ․ աշխատանքային փաստաթղթում Հայաստանի հետ կապված որևէ ծրագիր ու առաջարկ ներառված չէ

Մինչ Հայաստանի խորհրդարանում երկօրյա թեժ քննարկումներից հետո 64 կողմ (ՔՊ-ական), 7 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը, Եվրահանձնաժողովը հրապարակեց 2025 թվականի աշխատանքային ծրագիրը։ Եվրահանձնաժողովի տարեկան ամենակարևոր փաստաթղթում որևէ խոսք չկա Հայաստանի Հանրապետության մասին։

Ինչպես տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքէջից, ամեն տարի Հանձնաժողովն ընդունում է իր տարեկան աշխատանքային ծրագիրը՝ սահմանելով հանձնաժողովի այն նոր քաղաքական և օրենսդրական նախաձեռնությունները, որոնք պետք է իրականացվեն տարվա ընթացքում։ Աշխատանքային ծրագիրը ԵՄ տվյալ տարվա գործունեության հիմնական գործիքն է, որի հիման վրա ծրագրվում են 2025 թվականի ԵՄ օրենսդրական նախաձեռնությունները և եվրոպական այլ կառույցների օրակարգերը։ Եթե ավելի պարզ, ապա այս փաստաթղթի ուսումնասիրությունը թույլ է տալիս ծանոթանալ Եվրահանձնաժողովի ամենամյա նպատակներին և իրականացվելիք նոր նախաձեռնություններին, ինչն էլ իր հերթին՝ փորձագիտական հանրությանը թույլ է տալիս կանխատեսել ԵՄ գործունեության ուղղություններն ու առաջնահերթությունները տարվա ընթացքում, այսինքն՝ քաղաքական առաջնահերթությունները։

Եվրահանձնաժողովի կայքէջում տեսնում ենք, որ տարեկան աշխատանքային ծրագիրը բաղկացած է երեք մասից։ 2025 թվականի աշխատանքային ծրագրի առաջին հատվածում ներկայացված են այն նպատակները, ուղեցույցները, որոնցով առաջնորդվելու է տարվա ընթացքում ԵՄ-ն։ 12 էջանոց փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ն պետք է բարձրացնի մրցունակությունը, բարելավի անվտանգությունը և ամրապնդի տնտեսական կայունությունը, պահպանի կենսամակարդակը, պաշտպանի ժողովրդավարությունն ու արժեքները, ինչպես նաև պատրաստի ԵՄ-ն ապագային։ Անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՀ-ն նախատեսում է «ստեղծել անվտանգ ապագա եվրոպական պաշտպանության համար»՝ համագործակցելով ՆԱՏՕ-ի հետ։

Այս փաստաթղթում Ուկրաինայի ազատությունը նշվում է՝ որպես ԵՄ առաջնահերթություն։ «Միջազգային մարտահրավերներ» բաժնում ասվում է, որ Ուկրաինային աջակցելու գործողությունները «մնում են առաջնահերթություն»:

Կարդացեք նաև

Բացի այդ, նշվում է՝ ԵՄ-ն նաև հանդես է գալիս Մերձավոր Արևելքում արդար և կայուն խաղաղության օգտին, որը հիմնված է երկու երկրների համակեցության նպատակի վրա: Միջերկրական պակտը և Սևծովյան ռազմավարությունը կենտրոնացած են տարածաշրջանային համագործակցության, տնտեսական ներդրումների և անվտանգության վրա։ ԵՄ-Հնդկաստան նոր ռազմավարական ծրագիրը համապարփակ մոտեցում է առաջարկում ընդհանուր ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող ոլորտները բացահայտելու համար: Աշխատանքային ծրագրի երրորդ հատվածում ներկայացված է ծրագրի փաստաթերթը և դրա հետ կապված պարզաբանումները։

Ամենաուշագրավն ու ինֆորմատիվն աշխատանքային պլանի երկրորդ հատվածն է, որում ներկայացված են այն բոլոր ծրագրերը, առաջարկները, որոնք հանձնաժողովը պետք է իրականացնի կամ պատվիրակի իրականացնել, նախաձեռնել ԵՄ այլ կառույցներին։

28 էջանոց փաստաթղթում ներկայացված են բազմաթիվ նախաձեռնություններ, աջակցության ծրագրեր՝ ինչպես ԵՄ անդամ երկրների, այնպես էլ՝ ոչ անդամ երկրների համար, ինչպիսիք են Մոլդովան, Եգիպտոսը, Հորդանանը։ Վերջին երկուսի վերաբերյալ Եվրահանձնաժողովն առաջարկում է Եվրոպական խորհրդարանին և խորհրդին մակրոտնտեսական աջակցություն ցուցաբերել:

Հետաքրքրականն այն է, որ Եվրահաձնաժողովի ներկայացրած այս ծավալուն ցանկում որևէ հիշատակում չկա Հայաստանի հետ իրականացվելիք որևէ ծրագրի մասին, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ որևէ առաջարկի մասին խոսք չկա։

Ուշագրավ է, որ չկա նաև որևէ հիշատակում Վրաստանի ու Ադրբեջանի հետ կապված որևէ ծրագրի մասին։ Սակայն, եթե Ադրբեջանի ու Վրաստանի պարագան ինչ-որ տեղ հասկանալի է, պայմանավորված այն արտաքին քաղաքական որոշումներով, որոնք այդ երկրներն են կայացնում․ Ադրբեջանը չի պատրաստվում խորացնել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, առավել ևս խոսք չկա ԵՄ ինտեգրացիայի հեռանկարի մասին։ Վրաստանի իշխանություններն էլ, ինչպես հայտնի է, ժամանակավորապես՝ մինչև 2028 թվականը, իրենց օրակարգից դուրս են բերել ԵՄ անդամակցության բանակցությունները, այսինքն՝ դադարեցրել են ԵՄ ինտեգրացիայի գործընթացը։

Եվ միայն Հայաստանն է, որն ունենալով չկարգավորված ու լարված հարաբերություններ Թուրքիայի, Ադրբեջանի հետ, խոցելի անվտանգային միջավայր ու արտաքին քաղաքականություն, Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու, ինչպես նաև ԵԱՏՄ-ում ՀՀ տնտեսական մեծ օգուտները կասկածի տակ դնելու գնով փորձում է ԵՄ անդամակցության գործընթաց սկսել։ Եվ այս ամենը ԵՄ-ի կողմից որևէ որոշակի, հստակ արձագանքի չի արժանանում, ինչը, թերևս, անակնկալ չէ Ուկրաինայի, Վրաստանի և ԵՄ անդամակցության գործընթաց նախաձեռնած այլ երկրների փորձն ուսումնասիրած վերլուծաբանների, քաղաքական գործիչների համար։

ՀՀ իշխանությունների նախաձեռնած արտաքին քաղաքականությունը դեպի Արևմուտք, դեպի եվրաինտեգրացիա բացարձակապես համահունչ չէ Եվրահանձնաժողովի 2025 թվականի աշխատանքային ծրագրում որևէ բառ անգամ չկա ՀՀ-ի հետ կապված որևէ ծրագրի մասին։ Ավելին՝ իրականությունից կտրված են ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի նախաձեռնության հեղինակները, որոնք պնդում են՝ Եվրոպական միությունում Հայաստանին սպասում են, ավելին՝ «Հայաստանը արժեքավոր է ԵՄ-ի համար»։ Մինչ ընդդիմադիր խմբակցությունները ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի նախաձեռնությունը «խայտառակ բլեֆ են որակում ընտրությունների նախաշեմին, արտաքին քաղաքական ավանտյուրա ներքաղաքական նպատակներով», «հերթական պոպուլիստական հնարք, որը միտված է հիմնազուրկ սպասումներ ստեղծելու», իշխանությունները ներկայացնում են ԵՄ անդամակցության իրենց իղձերը՝ չներկայացնելով հստակ հաշվարկներ այն մասին, թե կորցնելով ԵԱՏՄ շուկան՝ ԵՄ շուկայում ի՞նչ օգուտներ է ունենալու ՀՀ-ն։ Բացի այդ, մինչ նույնիսկ հստակ հաշվարկներին անցնելը՝ ՀՀ իշխանությունները նույնիսկ չունեն ԵՄ «կանաչ լույսը»՝ այս գործընթացը սկսելու համար։ Իսկ Եվրահանձնաժողովի տարեկան աշխատանքային պլանը ԵՄ մտադրությունների լավագույն ցուցիչն է։

Պատահական չէ, թերևս, որ ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում անկեղծ լինել սեփական հանրության հետ և բացատրել, թե որոնք են լինելու սեփական քայլերի հետևանքները, ինչ է կորցնելու Հայաստանը՝ լքելով ԵԱՏՄ-ն։

«ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն կրում են փոխադարձ բացառող բնույթ»,- նշում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Այս մասին արտահայտվել են ՌԴ փոխվարչապետ Օլեքսեյ Օվերչուկը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, դեսպան Կոպիրկինը և մի շարք այլ ռուս գործիչներ։

Տեսանյութեր

Լրահոս