Թրամփն այսօր պայքարում է այն ամենի դեմ, ինչը խտացված նստած է ՀՀ վարչապետի աթոռին. Հայկ Մամիջանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Հայկ Մամիջանյանն է։

Երեկ  ԱԺ-ն քննարկեց ԵՄ անդամակցության օրինագիծը, որը «չի ենթադրում ԵՄ անդամակցության հայտ»:

Քննարկվեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը կառավարությունը հաստատել էր դեռևս հունվարի 9-ին։ Հիշեցնենք, որ հունվարի 9-ի կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը, կարևորելով ԵՄ-ի անդամակցության հարցով ստորագրահավաքի նախաձեռնությունը, նշել էր, որ նախագիծը չի ենթադրում Հայաստանի անդամակցություն ԵՄ-ին։ «Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն ու միայն հանրաքվեի ճանապարհով»,- ասել էր նա։

Օրենքի նախագիծը կառավարությանը ներկայացվել էր ԵՄ-ին անդամակցության հարցով 2024-ին Հայաստանում անցկացված ստորագրահավաքի արդյունքում, որի ընթացքում պահանջվող 50,000 ստորագրության փոխարեն հավաքվել էր ավելի քան 52,000-ը։ Ստորագրահավաքը նախաձեռնել էր «Ժողովրդավարական ուժերի պլատֆորմը», որում միավորված են արտախորհրդարանական չորս հակառուսական դիրքորոշում ունեցող մարդ-կուսակցություններ և մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ:

Կարդացեք նաև

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի նիստում հաստատել էր «Եվրոպական միությանը ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների վավերականությունը։

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ երեկ ընդունեց քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։  Նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ` 7 պատգամավոր։ «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ էր քվեարկել, մինչ այդ էլ հայտարարություն էր տարածել՝ մեկնաբանելով, թե ինչու են դեմ քվեարկելու այդ օրինագծին:

Ինչո՞ւ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, որի առանցքային քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ 2017-ին նախաձեռնել և ստորագրել էր  Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), ավելին, անդամակցում է ԵՄ-ի շրջանակներում գործող խոշոր և ամենաազդեցիկ քաղաքական կուսակցությանը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ), ամենասերտն է համագործակցել և համագործակցում, այդ թվում՝ եվրոպական կառույցների հետ, դեմ քվեարկեց ներկայացված օրինագծին: 

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Եվրամիության անդամակցության ներկայացված նախագիծը նախ օրինաչափ չէր, հետո հակասում էր ՀՀ Սահմանադրությանը։ Քաղաքացիների 60.000 ստորագրությունը ո՛չ ժողովրդի կամք է, ո՛չ էլ հանրաքվե։ Ժողովրդի կամքը հանրաքվեով է արտահայտվում։ Իրականում սա կեղծ գործընթաց է, որը վնասում է ոչ միայն Հայաստանին, այլև հենց ԵՄ-ին՝ քաղաքացիների մոտ կեղծ սպասումներ առաջացնելով: 
  • Նույնիսկ Եվրոպական պառլամենտից չունեն արձագանք, էն դեպքում, որ օրենսդիրը միշտ ավելի ազատ է լինում իր արտահայտություններում, քան գործադիրը։ 
  • Նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում վարում էր բալանսավորված արտաքին քաղաքականություն: «Ե՛վ-Ե՛վ»-ի ժամանակ մեր առաջ «կա՛մ-կա՛մ»-ի հարց չի դրվել։ Բայց ինչ-որ պահի մեր եվրոպացի գործընկերները մեզ ասացին՝ խաղի կանոններ են փոխվել։ Մենք արձագանքեցինք, որ եթե ընտրության հարց է, ուրեմն մեր ընտրությունն այլ է։ Հետո առաջարկեցինք ստորագրել Ասոցացման համաձայնագրի բացառապես քաղաքական մասը, հետո եղավ Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ստորագրումը։

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում՝ 2017-ի նոյեմբերին, ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2021-ի մարտին:

  • Մտածե՞լ են 300.000 գյուղատնտեսական տնտեսությունների մասին, որոնց իրացման շուկան ԵԱՏՄ-ն է։ Սրանք մեր երկիրը հերթական անգամ տանում են դեպի աշխարհաքաղաքական փակուղի։ Հին աշխարհակարգը փլվել է, ձևավորվում է նորը, և այս պայմաններում բավական չէ՝ դու ռեալ մանևրելու հնարավորություն չունես, ավելին՝ քո արտգործնախարարն Արարատ Միրզոյանն է, մի հատ էլ դու նրան սահմանափակում ես այս օրենքով
  • Եվրոպան մեզանից՝ ՀՀԿ-ից պաշտպանելն աբսուրդ է: Շատ դժվար է ՀՀԿ-ին մեղադրել եվրոպական մերձեցումը ձախողելու մեջ, որովհետև երբ հիմիկվա խոսողները Բրյուսելում թռվռում էին, Արմեն Աշոտյանը նույն Բրյուսելում ԵԺԿ-ին ինստրուկցիա էր ստորագրել տալիս։

  • ԵՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանները վավերացրել էին CEPA-ն, որտեղ ասում էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի հիմնարար սկզբունքների հիման վրա։
  • Եվրոպառլամենտի պատգամավորներն իմ ներկայությամբ են Փաշինյանի թիմին՝ ՔՊ-ական պատգամավորներին ասել, որ նրանք ձախողում են CEPA-ի իմպլեմենտացիան։
  • Երբ երկրի ղեկավարը հաճոյանում է ինչ-որ մեկին, դա երկիրը տանում է կործանման։ Փաշինյանի միջազգային այցերը գրոտեսկ են։ Երեկ ԱԺ-ում էլ ընդունեց, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսից հանդիպումն իրենք են խնդրել։ Արարողակարգի հերն անիծել են, բայց որ ինքը հանդիպում է խնդրել, ասել են՝ դե լավ, արի, ըստ Փաշինյանի՝ նշանակում է երկուստեք ցանկություն։ Կարողացավ ընդամենը Մակունցի հեռախոսով արված մի լուսանկար պոկել: Ես թքած ունեմ՝ Փաշինյանին ոնց են վերաբերվում, բայց ես երբեք թույլ չեմ տա, որ իմ երկրին նման կերպ վերաբերվեն։ Փաշինյանի ամերիկյան այցը մեր բոլորի ամոթն էր։
  • Ուրեմն լսի՛ր, ա՛յ հրաշք, քեզ որպես ժառանգություն՝ փոխանցվել է ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների ստորագրությամբ 5 հայտարարություն, որոնցում գրված է, որ Արցախի հարցը պետք է լուծվի ինքնորոշման սկզբունքի հիման վրա։ Քեզ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներից փոխանցվել է նաև CEPA-ի համագործակցության կարևոր փաստաթուղթ, որտեղ ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի հիմնարար սկզբունքների հիման վրա։
  • Մեզ միջազգային կառույցներից բազմիցս են ասել՝ ի՞նչ եք ուզում մեզանից, գնացեք ձեր հարցերը լուծեք Հանրապետության հրապարակում, նոր եկեք խոսենք, որովհետև ձեր երկրի ղեկավարը գալիս ասում է քո ասածին տրամագծորեն հակառակ բաներ, այդ թվում՝ Արցախի հարցով…
  • Ով կգա, կասի, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի այս նախագծի քվեարկության դեպքում վիզաների ազատականացում է լինելու, սուտասա՛ն է։ Իրենց կառավարման 6 տարիների ընթացքում այս հարցում մեր թողած փաստաթղթից մի միլիմետր առաջ չեն գնացել։ Այնպես որ, ժողովուրդ ջան, Եվրամիությանն անդամակցելու այս օրինագիծը մեզ, բացի վնասից, ոչ մի օգուտ չի տալու։ Ցավոք, Հայաստանը հետաքրքիր չէ Եվրոպային։ Նույնիսկ իրենց հետազոտական վերլուծության մեջ Հայաստանը չի դիտարկվել։ Էդ հեքիաթները թող իրենց պահեն։ ԵՄ արտաքին քաղաքականության զեկույցի մեջ անգամ Հայաստանը չկա։ Այդ զեկույցը, ի դեպ, պատրաստվել է ամիսներ առաջ։

  • Հայաստանի տնտեսության առյուծի բաժինն այս կամ այն կերպ փոխկապակցված է ԵԱՏՄ-ի հետ։ ԵԱՏՄ շուկան մեզ համար հիմնականում ռուսական շուկան է։ Ռուսաստանից եղան այդ օրենքի առնչությամբ բազմաթիվ արձագանքներ։ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն ասաց՝ «օկ, որոշել եք, գնացեք ԵՄ։ Բայց դա մի օրում չի լինելու, չէ՞, դա առնվազն 10 տարի կտևի, բայց այդ 10 տարին մենք չենք պատրաստվում սնել ձեր տնտեսությունը ԵՄ-ի համար։ ՌԴ փոխվարչապետն ուղիղ ասաց՝ ձեր սիրախաղը ԵՄ-ի հետ ԵԱՏՄ շուկան չի ֆինանսավորելու։ Այդ ամենի հետևանքները պատկերացնո՞ւմ են մեր քաղաքացիները: Մենք մեր բոլորիս կյանքերի մասին ենք խոսում։ Ես չեմ պատրաստվում արմանբաբաջանյանների ստատուսի խաթր վտանգել մեր երկրի, մեր ընտանիքների բարօրությունը, երկրի տնտեսությունը։
  • Ժողովրդին խաբելու համար Փաշինյանին պետք է ինչ-որ թուղթ, և կապ չունի՝ ինչ գրված կլինի դրա վրա։ Սկզբում դա Խաղաղության պայմանագիրն էր։ Չստացվե՛ց։ Խաղաղության խաչմերուկը նույն արժեքն ունի, ինչ որևէ շաուրմայանոցի ֆլայեր, որևէ մեկին դա հետաքրքիր չէ: Հաջորդը հայ-ամերիկյան կանոնադրությունն էր, որն Արարատ Միրզոյանը կնքեց Բայդենի վարչակազմի պետքարտուղար, արդեն պաշտոնաթող Բլինքենի հետ։ Դա էլ չստացվե՛ց։ Դրա կնքումից հետո ԱՄՆ-ում նույնիսկ չնկատեցին Փաշինյանի այցը, Թրամփը նույնիսկ չհանդիպեց: Մյուս փորձն էս ԵՄ-ի թուղթն է։ Սա էլ չի ստացվելու։ Երեկ ԱԺ-ում Փաշինյանն արդեն իսկ տվեց անոնսը՝ ինչպես է քարոզարշավ անելու, դռնեդուռ ընկնելով՝ քարոզելու է «Իրական Հայաստանի» ցնդամիտ թեզը։ Փաշինյանին չպետք է այդ հնարավորությունը տալ։

Ի դեպ, երեկ ԱԺ-ում ԵՄ անդամակցության այդ թղթին անդրադառնալով՝ ասաց. 

«Ժողովրդին արտաքին քաղաքականության մենյու ենք առաջարկում.

կարևոր եմ համարում օրենքի ընդունումը… բայց մարդիկ չպետք է մտածեն, որ մենք այս օրինագիծն ընդունելով՝ դարձանք ԵՄ անդամության թեկնածու…

մենք հայ ժողովրդի առաջ  ընտրության շատ լայն հնարավորություն ենք դնում… Շատ ռիսկեր ունենք, բայց այս որոշումը բազմաթիվ ռիսկեր դարձնում ա ավելի կառավարելի»:

  • Անցել է 24 ժամ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի այս նախագծին մեր՝ «Պատիվ ունեմ» խմբակցության դեմ քվեարկելուց։ Եվրոպացի մեր գործընկերներից որևէ արձագանք չկա ու չի լինելու։ Կրկնում եմ՝ աբսուրդ է Եվրոպան մեզանից պաշտպանելը։ Արձագանք չի լինելու, որովհետև մեր հայտարարության մեջ մանրամասն բացատրել էինք, որ այդ օրինագիծը կեղծ է։

 

  • Երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Փաշինյանին հարցրեց՝ ճի՞շտ է, որ դուք Ադրբեջանի հետ համագործակցելու եք, որ հայրենասերներին դատեք։ Փաշինյանն այս հարցին չպատասխանեց։ Ավելին, Ադրբեջանի դատախազությունը 2 շաբաթ առաջ նամակ է գրել՝ առաջարկելով համագործակցել իրենց հետ Ադրբեջանում դատվող Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների կեղծ դատավարության ընթացքում։ Այս գրությանն էլ ՀՀ գլխավոր դատախազությունը չի պատասխանել։ Այսպես որ, գնաց, բոլոր այն մարդիկ, ովքեր ծառայել են Արցախում, կանգնելու են պատասխանատվության առաջ։ Դա է լինելու հաջորդ քայլը։
  • Բոլոր մեր այն քաղաքացիները, ովքեր դժգոհ են Լուկաշենկոյի ասածներից, թող Մակրոնին լսեն։ Փաշինյանի մասին նույն բաները Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է ասում։
  • Մի կողմ դնենք Եվրոպա-ԱՄՆ աշխարհաքաղաքական հակասությունները, փաստ է, որ ԵՄ-ի անվտանգության երաշխավորը ՆԱՏՕ-ն է, իսկ ՀՀ-ին ամենամոտ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը Թուրքիան է։ ԵՄ-ն անվտանգություն ստեղծող չէ, ԵՄ-ն անվտանգության սպառող է։
  • Ռուս փորձագիտական շրջանակները խոսում են ռուս-թուրքական անխուսափելի հակասության մասին։ Բայց քանի որ մենք «հրաշագեղ» ԱԳՆ ունենք, որևէ քայլ այդ ուղղությամբ չի արվում, որ գոնե օգտվեն ընձեռված հնարավորությունից։
  • Այն ամենը, ինչի դեմ այսօր պայքարում է Թրամփը, խտացված նստած է մեր վարչապետի աթոռին։
  • Հռոմի ստատուտն ընդունելու ժամանակ ՔՊ-ն գիտեր, որ Ադրբեջանը պահանջելու է հետ կանչել միջազգային հայցերը։ Բա ինչի՞ էիր միանում մի փաստաթղթի, որից ոչ միայն ոչ մի օգուտ չես ստանալու, այլև այն քեզ միայն վնաս է տալու։
  • Հայաստանում որևէ մեկը լրջորեն մտածում է, որ երբ տեսախցիկներն անջատվում են, Փաշինյանին թողնում են՝ խոսի՞։ Նրան ուղղակի ասվում է՝ թուղթ ու գրիչը վերցրու, նստիր, լսիր ու գրիր՝ ինչ պիտի անես
  • Հայաստանի Հանրապետության բոլոր խնդիրները Հանրապետության հրապարակի կառավարության թիվ մեկ շենքում են ու լուծումն էլ այդտեղ է։ Տարիներ հետո հայոց պատմության դասագրքերում երբ նկարագրվեն մեր օրերի իրադարձությունները, հարց է լինելու՝ իսկ ո՞վ էր այդ ժամանակ ընդդիմությունը։ Ես չեմ ուզում այդ ամոթով ապրել։ Առանց ժողովրդական լայն աջակցության՝ իշխանափոխություն իրականացնել հնարավոր չէ։ Պետք է պայքարել հանուն գաղափարի, այդ ժամանակ մենք հաջողություն կունենանք: Այդ գաղափարը հզոր պետություն ունենալն է: Կոչ եմ անում՝ մեր ժողովրդին համախմբել հզոր երկիր ունենալու գաղափարի կարգախոսի շուրջ։ Որ ունենանք այնպիսի երկիր, որի քաղաքացին, երբ գերի ընկնի, իմանա, որ իր հետևից եկող կա… Դրա համար ենք մենք պայքարում, և վստահ եմ՝ ունենալու ենք թե՛ քաղաքական դաշտի, թե՛ ժողովրդի աջակցությունը։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունը. 

«ՀՀ Ազգային ժողովի սույն թվականի փետրվարի 11-ին մեկնարկող նիստերի օրակարգում ընդգրկված է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության ընթացակարգը մանրամասն կանոնակարգված է ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածով և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով: Ըստ այդմ` Եվրոպական Միությանը, որպես վերպետական միջազգային կազմակերպության, անդամակցելու գործընթացը մեկնարկելու իրավասությունը պատկանում է կառավարությանը, իսկ անդամակցության համար անհրաժեշտ հանրաքվե անցկացնելու որոշման ընդունումը` Ազգային ժողովին: Անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է հանրաքվեի միջոցով, որով անմիջականորեն արտահայտվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը:

 Օրենքի նախագիծը իրավական առումով անհեթեթ փաստաթուղթ է, քանի որ այն չի համապատասխանում օրենքին ներկայացվող պահանջներին և ո’չ ավելացնում, ո’չ պակասեցնում է վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության վերաբերյալ օրենսդրական պահանջները: Նախագիծն իր էությամբ հայտարարություն է, բայց ոչ օրենք, քանի որ այն չի պարունակում վարքագծի պարտադիր կանոններ որևէ իրավասուբյեկտի համար:

 Ավելին, նախագծում պարունակվող «Հայաստանի Հանրապետությունը` արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը» արտահայտությունը  ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ Եվրոպական Միությանը՝ որպես վերպետական միջազգային կազմակերպությանն անդամակցության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը կարող է արտահայտվել միայն անմիջականորեն` հանրաքվեի միջոցով: Ազգային ժողով ներկայացված օրինագիծը, սակայն, ելնում է այն բանից, որ Ազգային ժողովը օրենք ընդունելու միջոցով կարող է սահմանել, որ դրանով արտահայտվում է ԵՄ-ին անդամակցելու`  Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը: ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու հետ կապված Ազգային ժողովը կարող է արտահայտել միայն իր սեփական կամքը, բայց ոչ երբեք Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը: 

 Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ դրույթը որևէ նորմատիվ տարր իր մեջ չի պարունակում: Այն չի պարտադրում և չի կարող պարտադրել կառավարությանը` սկսելու անդամակցության վերաբերյալ բանակցություններ Եվրոպական Միության հետ: Նման պարտադրանքը կհակասի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման սկզբունքին, քանի որ միջազգային պայմանագրեր կնքելու կամ չկնքելու լիազորությունը պատկանում է բացառապես գործադիր իշխանությանը, իսկ առանձին տեսակի միջազգային պայմանագրերի վավերացումը` Ազգային ժողովին: Ուստի ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ գործընթացն ինքնին հակասում է Մայր օրենքին։

 Այսպիսով՝ իրավական առումով ներկայացված օրինագիծը որևէ իրավական հետևանք չի կարող առաջացնել Եվրոպական Միությանը անդամակցելու կամ չանդամակցելու խնդրում: Սակայն այն, որպես քաղաքական փաստաթուղթ, կարող է անդառնալի քաղաքական և տնտեսական հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության համար՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անդամակցությունը վերպետական կազմակերպություններին, մասնավորապես՝ Եվրասիական Տնտեսական Միությանը։ Հաշվի առնելով գործընկեր պետությունների հայտարարությունները, ինչպես նաև միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի բազային սկզբունքները՝ ակնհայտ է դառնում, որ այս գործընթացը վտանգում է մեր տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ԵԱՏՄ շուկաների հետ իրականացվող ազատ առևտուրը։ Իր էությամբ դատարկ և ձևական այս գործընթացը ոչ միայն չի կարող որևէ դրական արդյունքի բերել Հայաստանը, այլ նաև սպառնում է լրջագույն տնտեսական հետևանքներ առաջացնել մեր երկրի և մեր քաղաքացիների համար։

 Կարևոր ենք համարում նաև նշել, որ «օրինագիծը» կարող է առաջացնել աշխարհաքաղաքական բացասական հետևանքներ՝ հաշվի առնելով այն փաստը, որ ժամանակակից աշխարհակարգի տուրբուլենտականության պայմաններում անմտություն է օրենսդրական մակարդակում արտաքին քաղաքականության ճկունության սահմանափակումը։ «Խաղաղության խաչմերուկի» մասին հորջորջող վարչախումբն այս նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությանը մտցնում է աշխարհաքաղաքական փակուղու մեջ։

 Հավելենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշտապես հանդես է եկել Եվրոպական Միության հետ սերտ գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններով, ինչի ապացույցներից է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (Comprehensive and Enhanced Partnership Agreement – CEPA), որը կնքվել է 2017 թվականին և ցայսօր հանդիսանում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների հիմնարար փաստաթուղթը, որը գործող վարչախմբի կողմից գործնականորեն և լիարժեքորեն կյանքի չի կոչվում։

 Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ սույն «օրինագիծն» այսօրվա կառավարիչների հերթական պոպուլիստական հնարքն է, որը միտված է հիմնազուրկ սպասումներ ստեղծելու։ Մյուս կողմից փորձում են պատրանք ստեղծել, թե արդարությունը, հանդուրժողականությունը և մարդու իրավունքների պաշտպանությունն են իրենց գլխավոր արժեքը, բայց ոտնահարում և ոչնչացնում են դրանք։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկելու մեր երկրի համար շոշափելի և իրական վտանգներ պարունակող այս նախաձեռնությանը»,-ասված էր հայտարարության մեջ։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս