Ալմա Աթայի հռչակագրի իջեցված նշաձողը. Ադրբեջանը ստանալու է իր ուզած «երկաթբետոնե» խաղաղության փաստաթուղթը
Օրերս հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստորագրած կանոնակարգը: Իսկ սահմանազատման և սահմանագծման գործընթացի հիմքում, ըստ հայկական կողմի, 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրն է, որի միջոցով երկու կողմերն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Իրականում միայն Հայաստանն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանը, ըստ էության, այն պատրաստ է անել սահմանագծման ամբողջ գործընթացի ավարտից հետո:
Անցած տարի մի առիթով Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովն ասել էր, թե սահման ասվածն իր մեջ 2 կոմպոնենտ է պարունակում, և միջազգայնորեն ճանաչված սահման հասկացությունը կիրառելի է այն պարագայում, «երբ հարևան պետությունները դեմարկացիայի են ենթարկում իրենց սահմանները, որից հետո ստորագրում են համապատասխան փաստաթուղթ, որը նշանակում է՝ այդ սահմանը ճանաչելի է երկու պետությունների կողմից»:
«Եթե նման պրոցես գոյություն չունի, ապա միջազգայնորեն ճանաչված սահման հասկացությունը չի կարող օգտագործվել այս կամ այն պետության դեպքում, որոնք ունեն չավարտված գործընթացներ՝ այս խնդրի հետ կապված»,- շեշտել էր ադրբեջանցի դիվանագետը՝ հավելելով՝ ՄԱԿ-ը ճանաչում է պետությունը և ոչ թե՝ այս կամ այն սահմանները:
«Եվ Ալմաաթյան հռչակագրում ևս ամրագրված չէ այս կամ այն սահմանի որևէ կոորդինատ»,- շարունակել էր նա:
Նախորդ տարի մեկ այլ հարցազրույցում էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարարն առաջ էր քաշել ադրբեջանական կողմի առարկությունն Ալմա Աթայի հռչակագրի հետ կապված:
«Փաշինյանը հայտարարում է, որ ճանաչում է 1991-ի տարածքային ամբողջականությունը: Լավ: Բայց 1991-ին Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ ուղղում է եղել, որով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ըստ էության, ճանաչվել է Ղարաբաղի հետ միասին: Երկրորդ՝ ՀՀ սահմանադրության համաձայն՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար իրավական հիմք գոյություն չունի (В 1991 году она не признала территориальную целостность Азербайджана, поскольку у Армении была поправка, в которой указывалось, что они признают территориальную целостность Армении вместе с Карабахом. Во-вторых, юридических оснований подписывать мирное соглашение не существует, согласно конституции Армении)»,- պնդել էր նա:
Այս տարվա ապրիլին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ինքն էր «Al-Jazeera»-ին տված հարցազրույցում հայտարարել.
«Խնդիրն այն է, որ թեև մեր ղեկավարները բազմիցս վերահաստատել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հիմնվելով Ալմա Աթայի հռչակագրի վրա, որի մասին ես հենց նոր խոսեցի, մենք տեսնում ենք, որ մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում, որն ավելի համապարփակ փաստաթուղթ է, հարցում, և որը պատրաստվում են ստորագրել երկու երկրները»:
Եվ հիմա, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստորագրած կանոնակարգում հիշատակվում է Ալմա Աթայի հռչակագիրը՝ որպես սահմանազատման քաղաքական հիմք, ինչպե՞ս է, որ Ադրբեջանը համաձայնել է դրան, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը սահմանազատման հանձնաժողովների ստորագրած կանոնակարգը համարում է կոնսենսուսային փաստաթուղթ: Այս հարցի պատասխանը հենց կանոնակարգում է:
Մասնավորապես, փաստաթղթում նախ նշվում է. «Հանձնաժողովները կհիմնվեն Ալմա Աթայի 1991 թ․ հռչակագրի վրա՝ որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք», այնուհետև շարունակվում է. «Եթե հետագայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով նախատեսված սկզբունքներին»։
Կարո՞ղ ենք ենթադրել, որ գործ ունենք Ալմա Աթայի հռչակագրի հետ կապված նշաձողի իջեցման հետ, և Խաղաղության բուն պայմանագրում դրան կարող է հղում չարվել որպես այդպիսին, ինչին ի սկզբանե դեմ է եղել Ադրբեջանը: Այսինքն, Ադրբեջանը, ըստ էության, ստանալու է իր ուզած «երկաթբետոնե» խաղաղության վերջնական փաստաթուղթը: Սա՝ առաջին:
Երկրորդ՝ Կանոնակարգի 4-րդ հոդվածը սահմանում է. «Սահմանազատման աշխատանքներն իրականացնելիս հանձնաժողովները կարող են դիտարկել սահմանագծի անցման օպտիմալացման հնարավորություններ և համաձայնեցնել գործընթացի չափանիշներն ու ձևերը»:
Նշվում է, որ սա կարող է արվել սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման, բնակիչների ավանդական տնտեսական գործունեության համար պայմանների ստեղծման, ինժեներական, էներգետիկ, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքների գործունեության ապահովման, ջրային ռեսուրսների օգտագործման, պաշտամունքային նշանակության օբյեկտների, գերեզմանատների, մշակութային և պատմական ժառանգության պահպանության և այլ նպատակներով:
Այս փաստարկների մեջ, թերևս, վատ բան չկա, և Հայաստանը կարող է վերը նշված փաստարկների հիման վրա պահանջել «սահմանագծի անցման օպտիմալացման հնարավորություններ»:
Բայց պետք է հաշվի առնել՝ ով է այսօր ՀՀ ղեկավարը, կամ՝ ՀՀ ղեկավարն այսօր Նիկոլ Փաշինյանն է, ով Տավուշում սահմանագծման պիլոտային ծրագրով Ադրբեջանին տարածքներ հանձնեց, այդ թվում՝ անվտանգային էական նշանակություն ունեցող մարտական դիրքեր, ինչի մասին անգամ իշխանամերձ փորձագետներից են խոստովանել, ով հայտարարում է, որ Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, որ այստեղ դպրոց գնալն անվտանգ է, այն ամենից հետո, ինչ կատարվեց: Ավելին, Փաշինյանը հայտարարել է, որ «ադրբեջանական Խեյրիմլի գյուղում էլ դպրոց գնալը նույնքան և նույնպես անվտանգ է»: Հետաքրքիր է՝ ե՞րբ է հայկական կողմը թիրախավորել ադրբեջանական խաղաղ բնակչությանը, դպրոցներ, երեխաների: Սա առանձին քննարկման թեմա է:
Իսկ Կանոնակարգի 2-րդ հոդվածում նշվում է, որ սահմանազատման գործընթացում հանձնաժողովներն օգտագործում են «բոլոր վերաբերելի քարտեզագրական փաստաթղթերը, ինչպես նաև իրավական և իրավաբանորեն հիմնավորված այլ փաստաթղթերը»:
Արդյո՞ք իշխանությունները ցանկանալու են և փորձելու, որ այս հոդվածի շրջանակում Հայաստանը շահեկան դուրս գա:
«Փաստինֆոյի» հետ զրույցում քարտեզագիր Ռուբեն Գալչյանը, մանավորապես, նշել է. «Եթե վերադառնանք այն տարածքին, որով մտել ենք Խորհրդային Միություն՝ 1920-ական թթ.-ին, ապա այդ տարիներից հետո մեր տարածքից 1920-30-ական թթ. 1200 կմ տրվել է Ադրբեջանին։ Այսինքն, 1926թ.-ի քարտեզներով ՀՀ տարածքը 30 հազար 900 քառակուսի կիլոմետր էր։ Եթե Ադրբեջանը սեղանին դրեց մեր համար անբարենպաստ քարտեզներ, ապա մենք էլ կարող ենք դրանք մեջտեղ բերել»։
Դեռ մի կողմ ենք դնում 2021-2022 թվականներին Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ ինքնիշխան տարածքների փաստը:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը դեռ պետք է ապացուցի, թե որքանով է ՀՀ 29.743 քկմ տարածքն իր համար «կարմիր գիծ», որը մի ժամանակ 29.800 քկմ էր՝ «ՀՀ-ն ունի սուվերեն տարածք, էդ սուվերեն տարածքը Խորհրդային Հայաստանի տարածքն է՝ 29.800 քառ. կմ», իսկ դրանից առաջ «թավշյա հեղափոխականներն» իրենց ազատություններն ու միասնական երազանքները պաշտպանված էին համարում 42.000 քկմ տարածքի վրա: