Իրանը դեմ է ցանկացած ճանապարհի, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն. Իրանի դեսպան
Հունվարի 31-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Մենք Ադրբեջանին շատ կոնկրետ առաջարկ ենք արել: Ընդ որում, դա նույնիսկ առաջարկ չէ, այլ հարցի լուծում, որը մեր գնահատմամբ և ակնհայտորեն՝ հաշվի է առնում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիրքորոշումները, և էդ դիրքորոշումների հաշվառմամբ առաջարկել ենք, որ Արևմտյան Ադրբեջանից, այսինքն՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններից, լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, և հակառակ ուղղությամբ, բայց նույն սկզբունքով: Առաջինը պարզ է՝ Հայաստանի տարածքով, կոնկրետ՝ Մեղրիով: Ինչո՞ւ Մեղրիով: Որովհետև մյուս երկաթուղին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա, գիտեք, Տավուշի մարզում՝ Հաղարծինի հատվածում սողանքի հետևանքով այնպիսի մեծ ավերածություններ են, որ այդտեղ երկաթուղին վերականգնելն այնպիսի մեծ ինվեստիցիաների հետ է կապված, որ դա լուծելը շատ բարդ խնդիր է: Ես հույս ունեմ, որ կոմունիկացիաներն այն աստիճանի կակտիվանան, որ այդ ներդրումն իմաստ կունենա եկամտաբերության տեսանկյունից: Բայց էժան և իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղով Արևմտյան Ադրբեջանից, այսինքն՝ Զանգելանի շրջանից Մեղրիով Նախիջևան՝ հակառակ ուղղությամբ, և Երասխից Նախիջևանի տարածքով՝ Մեղրի և հակառակ ուղղությամբ… Ե՛վ Հայաստանը Ադրբեջանի տարածքով միջազգային առևտրի համար, և՛ Ադրբեջանը Հայաստանի տարածքով միջազգային առևտրի կամ բեռնափոխադրումների համար… Մենք այդ առաջարկն արել ենք»:
Ավելին, Փաշինյանն ապաշրջափակման մասին խոսելիս ոչ մեկ անգամ վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է անցում տալ Բաքվին նույն պայմանով, ինչ Իրանը:
Փետրվարի 6-ին հայաստանյան լրագրողները ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանի Մեհդի Սոբհանիից փորձեցին պարզել՝ ի՞նչ է Իրանն առաջարկում Ադրբեջանին, և ինչպե՞ս է Իրանը վերաբերվում Նիկոլ Փաշինյանի ապաշրջափակման մասին հայտարարություններին և «Խաղաղության խաչմերուկին»:
«Նախկինում Ադրբեջանն ունեցել է Իրանի տարածքով դեպի Նախիջևան հաղորդակցության այդ ուղին: 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանցիները մոտեցան և՛ Հայաստանի սահմանին, և՛ մեր սահմանին,- շեշտեց դեսպանը և հավելեց,- Ներկայացվեց հետևյալ գաղափարը, որ այդ երթուղու մեծ մասն անցնի հենց իրենց տարածքով, մնացած մասը՝ Հայաստանի և Իրանի սահմանին մոտ տարածքով կարողանան այդ երթուղին ունենան: Ուստի մենք ադրբեջանական կողմին առաջարկեցինք նոր կետով կարողանան շարունակել իրենց բեռնափոխադրումները դեպի Նախիջևան: Երբ ավարտեն այդ ճանապարհաշինարարական աշխատանքները, ադրբեջանական բեռնատար ավտոմեքենաները կարող են այդ նոր երթուղով հասնել Նախիջևան, որի երկարությունը կազմում է 50 կմ»:
Սոբհանիի խոսքով՝ երթուղին, որն անցնում է Իրանի տարածքով, ամբողջովին գտնվում է Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ներքո, և մաքսային կանոնակարգերն իրականացվելու են Իրանի օրենսդրությամբ, դա տրանսպորտային երթուղի է:
«Իսկ ճանապարհների ապաշրջափակմանը մենք դեմ չենք, եթե դա իրականացվում է երկրների ազգային և տարածքների ազգային իշխանության ներքո: Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, բայց այն պետք է իրականացվի ազգային, տարածքային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա: Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք»,- հավելեց Իրանի դեսպանը:
Մանրամասները՝ տեսանյութում