8-ի փոխարեն՝ 7 ժամ․ Հետազոտություն արվե՞լ է, կա՞ ծրագիր, թե ինչպես պետք է կրճատել աշխատաժամը․Հոգեբան
Բոլորս էլ ունեցել ենք և ունենք սթրես։ Իսկ ի՞նչ պետք է անել՝ դեմ դիմաց սթրեսին հանդիպելիս՝ դիմադրե՞լ, թե՞ փախչել։ Այս մասին զրուցել ենք հոգեբան Անի Ապիտոնյանի հետ։
-Մեր կյանքի ընթացքում առնչվում ենք սթրեսին։ Ի՞նչ է այն, ինչպե՞ս է արտահայտվում։
-Սթրեսին ամեն օր ենք հանդիպում։ Այն առաջանում է տարբեր գործոնների ներքո, և ընկալելով, որ վնաս է լինելու, մարդու մոտ տարբեր հակազդումներ են առաջանում՝ այն հաղթահարելու, փախչելու կամ շոկի մեջ ընկնելու առումով։
Սթրեսը հիմնականում բաժանում ենք ֆիզիոլոգիական և հոգեբանական մասերի։ Այն կարող է լինել՝ ինչպես առօրյա, այնպես էլ՝ երբեմն կրկնվող և քրոնիկ։
Առօրյա սթրեսները հիմնականում հաղթահարում ենք, եթե խորքային և անընդհատ չեն ու մեծ ազդեցություն չունեն մեզ վրա։ Երբ հաղթահարում ենք սթրեսը, դառնում ենք սթրեսակայուն, ձեռք ենք բերում մեխանիզմներ, որոնց միջոցով հետագայում ևս կարողանում ենք բազմաթիվ սթրեսորներ հաղթահարել։ Երբ լինում են կրկնվող կոնֆլիկտներ, բռնություն, աշխատանքային ոչ լավ պայմաններ, կարող է առաջանալ սթրես։ Ֆիզիոլոգիական մասը հիմնականում վերաբերում է մեր մարմնին, և ունենում ենք հոգնածության զգացում, որը քնելուց հետո չի անցնում։ Մարդն առավոտյան արթնանում է ու ունի հոգնածության զգացում։ Առաջանում են մարմնային ցավեր, խանգարվում են օրգան-համակարգերի աշխատանքները։ Սիրտ-անոթային համակարգում կարող են խնդիրներ առաջանալ, տեղի ունենա զարկերակային ճնշման բարձրացում, լինի ախորժակի կորուստ և այլն։ Օրգանիզմը փորձում է մոբիլիզացվել, որպեսզի դուրս գա իրավիճակից։
-Մարդը սովորաբար կարողանո՞ւմ է դուրս գալ սթրեսային իրավիճակից։
-Հոգեբանները սիրում են ասել, որ եթե գիտակցությունը թողնի՝ օրգանիզմն ավելի հեշտ դուրս կգա սթրեսից։ Հաճախ սխալ ընկալման միջոցով ավելի բարդացնում են այդ գործոնի ազդեցությունը և ճնշում օրգանիզմի կողմից հաղթահարման մեխանիզմների աշխատանքը։ Բազմաթիվ սթրեսներ ենք հաղթահարում մեր կյանքում, և միշտ չէ, որ օգնություն է պետք։ Բայց գալիս է մի կետ, երբ մարդուն օգնություն է անհրաժեշտ։
Եթե սթրեսը դիտարկենք հոգեբանական կողմից, ապա այն ազդում է հուզական ոլորտի վրա։ Սա հիմնականում կոնֆլիկտների ազդեցությամբ է դրսևորվում։ Այս դեպքում մարդու մոտ հույզերը կամ շատ չափազանցված են ապրվում, կամ հակառակը, մարդը դառնում է ավելի անտարբեր, կարող է չշփվել կամ շփվելիս լինել ագրեսիվ։ Հնարավոր է՝ նաև դեպրեսիա զարգանա։ Հոգեբանական սթրեսի ժամանակ տեղի են ունենում նաև ինտելեկտի խաթարումներ՝ հիշողության, ուշադրության խանգարումներ։ Մարդը չի կարողանում կենտրոնանալ, օրինակ, աշխատավայրում, կատարել աշխատանք, որովհետև հույզերը շատ են, մտքերը՝ խառը։ Սրան գումարվում է այն, որ տնօրենը կարող է նկատել՝ սխալ աշխատանք է կատարում,և չփորձի հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունենում։ Հակառակը, շտապեցնում է, ու կրկնակի սթրես է առաջանում։
-Հոգնածություն շատերն են ունենում, և այն կարող է կապված լինել, օրինակ, վիտամինների պակասի հետ։ Ինչպե՞ս հոգնածությունը տարբերել քրոնիկ սթրեսից։
-Երբ կան այս ախտանշանները, առաջին ցուցումն այն է, որ պետք է այցելել թերապևտի, որպեսզի հանձնեն որոշ անալիզներ, անցնեն հետազոտություն, որպեսզի պարզ դառնա՝ կա՞ խնդիր, որից կարող է առաջանալ սթրես։ Չենք մոռանում նաև հոգեբանականի մասին․անամնեզ ենք հավաքում մարդու կյանքի մասին, թե ինչպե՞ս է ապրում, ի՞նչ ռեժիմ ունի, հանգստանո՞ւմ է, թե՞ ոչ, երկա՞ր է աշխատում, քանի՞ տեղ է աշխատում, արդյո՞ք ծնվել է միայն աշխատելու համար։ Սա ևս կրկնակի սթրես է առաջացնում, որովհետև չի հանգստանում։
-Սթրեսի աղբյուր է նաև բացասական ինֆորմացիան։ Չգիտեմ՝ այլ երկրներում ինչպես է, բայց մեզ մոտ նախընտրում են ինչքան բացասական նյութ կա՝ կարդան։ Սա ինչի՞ մասին է խոսում։ Իրենք իրենց սթրեսի՞ են ենթարկում։
-Կարծում եմ, սա մարդուն է բնորոշ, ոչ ազգին։ Մենք պաշտպանված ենք, երբ գիտենք բացասականի մասին։ Սակայն, երբ ընկնում ենք այդ տեղեկատվական հոսանքի մեջ, դա հավելյալ սթրես է։ Գոյություն ունի համեմատաբար նոր հասկացություն՝ ինֆորմացիոն սթրես։ Հիմա տեղեկատվությունը շատ արագ է, բազմաբովանդակ, մարդը միանգամից տարբեր ոլորտների մասին տեղեկություն է ստանում տարբեր աղբյուրներից, և սուտն ու ճիշտը խառնված է իրար, ու մշակումը պետք է անի մարդու ուղեղը։ Եվ մարդը ինֆորմացիան մշակում է՝ ելնելով իր համոզմունքներից, սպասումներից, այն, թե ի՞նչն է ուզում, որ ճիշտ լինի, և այլն։ Անգամ սուտը կարող է ընկալել որպես ճշմարտություն՝ անտեսելով փաստերը, որոնք, կարող է, բացասական երանգ ունեն, բայց ավելի են համապատասխանում իրականությանը։
Բազմաբնույթ ինֆորմացիան դժվար է մարսել, ու առաջանում է սթրես։ Մարդը կարող է դառնալ ագրեսիվ կամ հակառակը՝ անտարբեր։
Ինֆորմացիոն սթրեսը նաև աշխատանքի ժամանակէ բավական ծանր, քանի որ հրահանգները հիմա շուտ և արագ են տրվում, այն դեպքում, երբ մարդը գործը դեռ չի ավարտել։ Ուղեղը սկսում է տատանվել, թե այս հոսքի մեջ ինչպե՞ս ընտրություն կատարի։
-Աշխատանքայինսթրեսից խոսեցիք։ ՀՀ Աշխատանքի ևսոցիալական հարցերի նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է 8 ժամի փոխարեն՝ աշխատել 7 ժամ, շաբաթական 40 ժամի փոխարեն՝ 35 ժամ։Սա սթրեսը կնվազեցնի՞։
-Առաջին հայացքից շատ լավ միտք է։ Երկրներ կան, որտեղ 5 ժամ են աշխատում ու այն արդյունավետ են համարում, քանի որ արվել են հետազոտություններ, որտեղ ապացուցվել է, որ մարդը մոտավորապես 5 ժամ է աշխատունակ լինում։ Չգիտեմ՝ այս նախագիծը ներկայացնելուց առաջ արվե՞լ են հետազոտություններ, կա՞ ծրագիր, թե ինչպես պետք է կրճատել։ Եթե աշխատանքը շատ է, ինչպե՞ս պետք է 1 ժամվա բացթողումը լրացվի ու ե՞րբ։ Հաճախ եմ լսում, որ պետական աշխատողներն 8 ժամից ավելի են աշխատում, որովհետև չեն հասցնում։ Այս առումով կարող է ավելի սթրեսային լինի, կամ մարդիկ ուղղակի չհետևեն այդ օրենքին։ Եթե լինի ծրագիր, համակարգային ինչ-որ փոփոխություն, աշխատանքի վերաբաշխում տեղի ունենա, կարծում եմ, հնարավոր է։ Մարդը հանգստի համար մեկ ժամ հավելյալ ժամանակ կունենա, իսկ մենք գիտենք, որ մարդիկ հիմա քիչ են հանգստանում, ինչը հավելյալ սթրեսի աղբյուր է։ Պետք է հատուկ պայմաններ ստեղծված լինեն, մարդուն սովորեցնեն, թե 8 ժամի փոխարեն՝ ինչպե՞ս 7 ժամ և արդյունավետ աշխատի։
-Սթրեսից ազատվելու մեթոդներ կա՞ն։
-Այո։ Երբ աշխատանքն ավարտվում է, անձն այլևս չպետք է պատասխանի որևէ հարցի, որպեսզի կարողանա տեղափոխվել իր կյանք։ Աշխատավայրում պետք է ապահովվի հանգիստը․ մի շարք աշխատավայրերում կա սրահ, որտեղ մարդիկ կարող են գնալ խաղալ, վարժություններ կատարել, որ ակտիվանա մարմինը։ Պետք է դուրս գալ սենյակից, քայլել, անջատվել աշխատանքից։
Կարևոր է քնել 8 ժամ։ Այն տեղեկատվությունը, որը կարդալիս վատ են զգում՝ որոշ ժամանակ անհրաժեշտ է չկարդալ։ Չշփվել կամ քչացնել այն մարդկանց հետ շփումը, ովքեր բացասական ազդեցություն են ունենում։
Ինչ վերաբերում է սթրեսից ազատվելու ժամանակահատվածին, ապա հստակ ոչինչ չկա, որովհետև անձնային առանձնահատկությունները տարբեր են։ Կապ ունի այն, թե խնդիրների հաղթահարման ի՞նչ մեխանիզմներ ունի մշակված կամ արդյո՞ք նոր պետք է ձևավորել։
Մանրամասները՝ տեսանյութում