Հարավային Կովկասը անտեր տարածաշրջա՞ն է, որ Թրամփը վարձակալի. ԻԻՀ առաջնորդի խորհրդական

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը միշտ դեմ է եղել Հայաստանի տարածքով անցնող արտատարածքային միջանցքին և Հարավային Կովկասի տարածաշրջանում արտաքին ուժերի միջամտությանը։

«Հայաստանի հարավային մասի հաղորդակցության ուղիները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփինը չեն լինի»,- իրանական «Tasnim» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասն անտեր տարածաշրջան չէ, որ Թրամփը կարողանա վարձակալել։

Նա ճանապարհի վարձակալության գաղափարը որակել է անհեթեթություն՝ այն համեմատելով Պանամայի ջրանցքը վարձակալելու փորձի հետ։

«Թրամփն իրեն համարում է անշարժ գույքի գործակալ, որը կարող է հողեր և ամբողջ տարածաշրջաններ վարձակալել»,- ընդգծել է Վելայաթին։

Կարդացեք նաև

Նրա կարծիքով՝ նախագիծն ուղղված է Հայաստանի մասնատմանը և տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի արմատական փոփոխմանը։

Ալի Աքբար Վելայաթին շեշտել է, որ այս ծրագրին դեմ է հայ ժողովուրդը, քանի որ ոչ մի երկիր չի համաձայնի իր տարածքների մասնատմանը։

Նա նաև հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանն Իրան կատարած այցի ժամանակ դեմ էր արտահայտվել միջանցքի ստեղծմանը՝ համերաշխություն հայտնելով իրանական դիրքորոշմանը։

Վելայաթիի խոսքով` այս դավադրության իրագործմամբ վտանգվում է Հարավային Կովկասի անվտանգությունը, և հենց այս հիմքով է, որ Իրանը շեշտել է՝ Ռուսաստանի հետ, թե առանց Ռուսաստանի, շարժվելու է Հարավային Կովկասի անվտանգության ապահովման ուղղությամբ։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը, անկասկած, ռազմավարական առումով դեմ է նման միջանցքին։ Կասպից ծովից էներգետիկ ռեսուրսների տարանցումը նույնպես պետք է համակարգվի տարածաշրջանային ուժերի հետ և պետք է ստանա նրանց համաձայնությունը։

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հիշեցրել է, որ Կասպից ծովում վերջերս կայացած իրանա-ռուսական համատեղ զորավարժությունները հստակ ազդանշան էին տարածաշրջանի գործերին միջամտելու ցանկություն ունեցող արտաքին ուժերի համար։

«Բացի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից, ՆԱՏՕ-ի մյուս երկրներն էլ են ցանկանում ներկա լինել այս տարածաշրջանում, որպեսզի ՆԱՏՕ-ն, ինչպես վիշապ, կանգնի Իրանի և Ռուսաստանի միջև։ Բայց Իրանը դա թույլ չի տա։ Պուտինը մի քանի անգամ ասել է Ուկրաինայի մասին, որ եթե Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին և մոտենա Մոսկվային, ինքը քայլեր կձեռնարկի։ Մենք ևս թույլ չենք տա, որ ՆԱՏՕ-ն մոտենա Իրանի հյուսիսային սահմաններին, և այս հարցում մենք համոզված ենք, որ կանխարգելումը միշտ ավելի լավ է, քան բուժումը»,- ասել է Վելայաթին։

Նա հայտարարել է, որ այս տարածաշրջանային հավասարումը չի վերաբերում միայն Ադրբեջանին և Հայաստանին։ «Սա նաև կհանգեցնի աշխարհաքաղաքական տեղաշարժերի Իրանին սահմանակից տարածքներում, ուստի մենք իրավունք ունենք մեր շահերը պաշտպանել առավելագույնս», – ասել է նա։

Վելայաթին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «բազմիցս հայտարարել է, որ եթե Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին, նա միջոցներ կձեռնարկի. մենք թույլ չենք տա ՆԱՏՕ-ին մոտենալ Իրանի հյուսիսային սահմաններին, և այս առումով մենք կարծում ենք, որ կանխարգելումը ավելի լավ է, քան բուժումը»։

Խամենեիի խորհրդականը նշել  է, որ «Իրանի հյուսիսային շրջանների ժողովուրդը կդիմադրի Իրանի հյուսիս-արևմուտքում ցանկացած դավադրության»։

Տեսանյութեր

Լրահոս