«Ստերի մեջ խճճված Փաշինյանն ի՞նչ ուղերձ պետք է հղի. ինքն է օգնել Ալիևին». Տաթևիկ Հայրապետյան

Ալիևի ամանորյա ուղերձը լի էր Հայաստանի հասցեին ուղղված սպառնալիքներով: Դրան հաջորդեց ադրբեջանական քարոզչամեքենայի ավանդական գործելաոճը՝ Հայաստանին մեղադրել իբր ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ, որը հերքվեց ՀՀ ՊՆ-ի կողմից: Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի իշխանություններին մեղադրել պատերազմի պատրաստվելու մեջ:

«Ալիևը երևակայական ռևանշիստական Հայաստան է հորինել, որին բոլորը զինում են, պատրաստում Ադրբեջանի դեմ պատերազմի, և ինքը դրա դեմ պայքարում է և իր ամանորյա ուղերձում էլ հնչեցնում էր սպառնալիքներ այդ համատեքստում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ, պ.գ.թ. Տաթևիկ Հայրապետյանը՝ շեշտելով, որ Հայաստանի իշխանությունների կողմից մինչ օրս հստակ քաղաքական գնահատականներ չեն հնչել:

Հայրապետյանի դիտարկմամբ՝ մեկ բան է, երբ ՀՀ ՊՆ-ն է հերքում Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը, մեկ այլ բան՝ երբ այդ շինծու քարոզչական արշավների հետ կապված հստակ գնահատականներ են հնչեցվում:

«Դա Ադրբեջանի համար ռազմական գործողության թեստ-դրայվ է, այսինքն՝ Ալիևը միշտ սկսում է քարոզչությունից, ապատեղեկատվական ակտիվ արշավից և ըստ արձագանքների՝ որոշում է իր հետագա անելիքները: Այդ համատեքստում կարևոր է հասկանալ, թե ինչպես է Ադրբեջանը փաթեթավորում այդ ամենը, և ինչպես Հայաստանը կարող է դա խելացի օգտագործել՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ նպատակները կանխելու համար: Ամենակարևորն այն է, որ այդ ամենը փաթեթավորվում է այն կոնտեքստում, թե իբր Հայաստանը բացառիկ օգնություն է ստանում ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, այսինքն՝ Արևմուտքը Հայաստանին պատրաստում է պատերազմի: Մի բան, որն ամբողջությամբ կեղծ է, և իրականությունը հակառակն է. եթե Ադրբեջանն է Հայաստանի տարածքը կոչում «Արևմտյան Ադրբեջան», եթե Ադրբեջանն է մեկ տարվա կտրվածքով ավելի քան 60-70 զորավարժություն կազմակերպում և հսկայական զենք գնում, ապա այդ ֆոնին, բնականաբար, հենց Ադրբեջանը չի ուզում տարածաշրջանում կայունություն, և այն հանգամանքը, որ Հայաստանի դեմ տեղեկատվական արշավն ուղեկցվում է արևմտյան երկրների դեմ տեղեկատվական արշավով, կարևոր գործիք է, որը կարելի է օգտագործել, եթե նման ցանկություն իշխանություններն ունեն»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Տաթևիկ Հայրապետյանին թվում է, որ Նիկոլ Փաշինյանը հոյակապ գիտի, որ Ադրբեջանը ոչ մի կետում կանգ չի առնի, և, որ Ադրբեջանի հեռահար նպատակը Հայաստանի չգոյությունն է. «Այդ համատեքստում արդեն հարցեր են առաջանում, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը ակտիվորեն հրաժարվում մեր ժողովրդի կենսական իրավունքներից»:

Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը մշտապես մեկ խնդիր է լուծել՝ մնալ իշխանության. «Նիկոլ Փաշինյանն իշխանության մնալու համար ասաց, որ դա չարեց, որ չկոչվի դավաճան, հետո ասում է՝ այն ժամանակ պետք է ձեզ ճշմարտությունն ասեի՝ չասացի, բայց չգիտես՝ ինչու, 2021 թվականին էլ չասաց ճշմարտությունը, միայն 2018-ի մասին է հիշում, բա 2021թ. Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի, ԼՂ ինքնորոշման իրավունքի ծրագրով էիք եկել, բա ո՞ւր է, այդ ժամանակ ինչո՞ւ ճշմարտությունը չասացիք: Նա արդեն այնքան է սուտ խոսել, որ այդ ստերի մեջ խճճվել է, մի սուտը հակասում է մյուս ստին, և մի անգամ ստային աջաբսանդալ կարող է եփել իր բլոգի միջոցով: Ստերի մեջ խճճված Փաշինյանն ի՞նչ ուղերձ պետք է հղի միջազգային հանրությանը, եթե ինքն է օգնել Ալիևին՝ դուրս մղել միջնորդներին գործընթացից»:

Նա հիշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ ինքը դեռ իշխող խմբակցությունում էր, Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումներից ակնհայտ էր, որ Փաշինյանը չի պայքարելու Արցախի համար. «Իրենք երկիրը դարձրել են փորձադաշտ: Ասում են՝ մի անգամ այսպես գոռացինք, լավ չստացվեց, պատերազմ եղավ, հիմա եկեք՝ հակառակը գոռանք, որ Արցախը Ադրբեջան է, և վերջ: Իրենք կա՛մ գիտելիք չունեն, կա՛մ ուղղակի պարզ կոլաբորացիոնիստական քաղաքականություն են վարում»:

Հարցին՝ երբ 2020թ. արդեն պարզ էր, որ Փաշինյանը չի պայքարելու Արցախի համար, ի՞նչ քննարկումներ էին տեղի ունենում ՔՊ-ում, նա պատասխանեց. «Երբ թիմի ներսում կար դիմադրություն, կար խոսակցություն, որ Փաշինյանը չլինի վարչապետ… Ես, օրինակ, կարծում եմ, որ հենց ինքը չպետք է ուզենար մնար վարչապետ, եթե պետական շահով առաջնորդվեր, ամեն դեպքում այդ ժամանակ այնպես չէր, որ ոչ ոք ոչինչ չէր կարող խոսել: Այդ ժամանակ կային մարդիկ, որոնք ինչ-որ իրավիճակներում անհաշտություն ունեին, բայց դրանից հետո, երբ կշեռքի նժարը փոխվում է, օրինակ՝ հասկանում են, որ Փաշինյանը հաղթելու է կամ մնալու է, դիրքորոշումներն ըստ այդմ փոխվում են»:

Հայրապետյանի համար սպասելի էր, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները նման ձևով կվարվեն իրենց երբեմնի թիմակից Հովիկ Աղազարյանի հետ. «Մարդը, որը կարող է նման քայլի գնալ, հետո ասել՝ ժողովուրդ ջան, ես այդ պատերազմը չկանգնացրի, որ ինձ դավաճան չասեք, այդ արտահայտությունից հետո դուք այդ մարդուց միջանձնային հարաբերություններում ի՞նչ եք սպասում: Ամեն ինչի ունակ մարդ է ինքը, և մշտապես տառապելու է դրանով, անելու է պետական շահին դեմ քայլեր»:

Նա վստահ է, որ ՔՊ-ում կան անձինք, որոնք կուզենային առանձին թիմով գնալ. «Այնպես չէ, որ նրանց հարաբերությունները, կներեք բառիս համար, շոկոլադնի են, իրար մեջ բազմաթիվ հակասություններ ունեն, բայց իրենց պահում է ընդհանուր կոմպրոմատը և այն ծանրությունը, որի տակ բոլորը մտել են: Իրենք համաձայնել են լինել մի գործընթացում, որից ոչինչ տեղյակ չեն լինելու, ես նկատի ունեմ՝ ֆրակցիան, որտեղ բացի 10 հոգուց՝ մնացածը գիտեք՝ շատ գիտե՞ն՝ ինչ է բանակցվում: Նիկոլ Փաշինյանը գալիս՝ կարճ ինֆորմացիա է տալիս և գնում է, նա «փորձագետների» խումբ ունի, որոնց ավելի շատ ինֆորմացիա է տալիս, քան իր թիմակիցներին»:

Տաթևիկ Հայրապետյանը մեկնաբանություն չունի Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, թե Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության պայմանագրի, այլև ռազմավարական գործարք կնքելու կարիք:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս