Աշխատաժամանակի կրճատումը կարող է կործանել տնտեսությունը, բայց փրկել իշխանություններին

Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է առաջիկա ընտրություններին։ Որքան ընտրությունները մոտենում են, այնքան ավելի ակնառու են դառնում ընտրողներին կաշառելու փորձերը։ Պետական բյուջեի հաշվին որոշեցին մարել շուրջ 220 հազար քաղաքացիների մինչև 1 մլն դրամ անհուսալի վարկերը, անցան աշխատաժամանակի կրճատմանը։

Որպես դասական պոպուլիստներ՝ ընտրողներին սիրաշահելու համար պատրաստվում են ամբողջությամբ քանդել առանց այն էլ քանդված տնտեսությունը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկել է 8-ժամյա աշխատանքային օրը կրճատել և դարձնել 7-ժամյա։

Անշուշտ գայթակղիչ առաջարկ է. Ո՞վ չի ուզի՝ 8-ի փոխարեն՝ 7 ժամ աշխատել։ Հատկապես որ, ինչպես նախագծի հեղինակներն են պնդում՝ աշխատանքի ժամանակը կրճատվում է, իսկ աշխատավարձերը պահանվելու են։ Ինչպե՞ս, այլ հարց է։ Այդ հարցն է, որի պատասխանը ժամանակը կտա։ Հեշտ է գործարարին ասել՝ աշխատաժամանակը կրճատի, իսկ աշխատավարձը՝ ոչ։ Իսկ ո՞վ պիտի կրի այդ չաշխատած 1 ժամի ֆինանսական բեռը։ Ի՞նչ հետևանք կունենա այն տնտեսության վրա։

Կարդացեք նաև

Աշխատանքային օրվա տևողությունը 8-ից 7 ժամ դարձնելը ներկայացվել է՝ որպես աշխատողների կյանքի որակը բարձրացնելու միջոց:

Փոփոխությունները նպատակ ունեն բարելավել աշխատանքի և անձնական կյանքի հարաբերակցությունը՝ ստեղծելով հնարավորություններ աշխատողների համար ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին, հանգստին և ինքնազարգացմանը, նվազեցնել սթրեսը և առողջապահական խնդիրները՝ հատկապես սրտանոթային հիվանդությունները և հոգեկան լարվածությունը, բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և արտադրողականությունը, ինչպես ցույց են տալիս միջազգային փորձն ու ուսումնասիրությունները, նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը՝ ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր հատվածներում։ Այսպիսի ականջահաճո մեկնաբանություններով է նախարարությունը հիմնավորել առաջարկվող փոփոխությունները։

Երբ մի քանի տարի առաջ ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատում էին, չէին մտածում ընտանիքին ու հանգստին ավելի շատ ժամանակ հատկացնելու, սթրեսը և առողջապահական խնդիրները նվազեցնելու, աշխատանքի արդյունավետությունն ու արտադրողականությունը բարձրացնելու մասին։ Ասում էին՝ չենք կարող մեզ նման ճոխություն թույլ տալ ու մի շաբաթ չաշխատել։ Հիմնավորումներ էին բերում, թե դա բացասական ազդեցությունն է թողնում՝ ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ՝ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության՝ արտահանման և ներմուծման, տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։

«Ըստ էության, մենք պետք է արձանագրենք, որ այս որոշմամբ մենք ընդգծում ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանալ աշխատանքի և կոնկրետ արդյունքների վրա և ընդգծել, որ սրանով մենք մեր քաղաքացիների հանգստի իրավունքը որևէ կերպ չենք նսեմացնում, որովհետև նախ օրենսդրությամբ սահմանված է 20 աշխատանքային օրվա արձակուրդ՝ աշխատող քաղաքացիների համար, սրան գումարած մենք 12 օր ունենք ոչ աշխատանքային օր: Ուզում եմ ընդգծել, որ այս քաղաքականությունն անցողիկ չէ, մենք պետք է կյանքի այս ռեժիմին սովորենք, որովհետև մտադիր չենք որևէ փոփոխություններ անել»,- ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատելն արդարացնում էր Նիկոլ Փաշինյանը՝ համարելով, որ ավելի շատ պետք է կենտրոնանալ աշխատանքի վրա։

Այն ժամանակ արդարացնում էին ոչ աշխատանքային օրերի կրճատումը՝ պատճառաբանելով, որ դա վնասում է տնտեսությանը, որ Հայաստանն իրավունք չունի իրեն նման ճոխություններ թույլ տալ։ Հիմա պատրաստվում են աշխատաժամանակը 8-ից 7 ժամ դարձնելով՝ ոչ աշխատանքային ժամանակը տարեկան նվազեցնել 10-11 օրով՝ առանց հետևանքները հաշվի առնելու։

Լավ է, որ մարդիկ պիտի քիչ աշխատեն ու շատ հանգստանան։ Բայց դա պիտի հիմնավորված լինի։

Քաղաքացու աշխատանքի, անձնական կյանքի բարելավումը խնդրի շատ փոքր կողմն է, ու որքան էլ այն ողջունելի լինի աշխատողի համար՝ կարող է լուրջ տնտեսական խնդիրների հանգեցնել։ Գոնե սա գիտակցո՞ւմ է վարչախումը, թե՞ նրան միայն ընտրողների ձայներն են հետաքրքրում։

Միանշանակ է, որ Հայաստանն այսօր այն երկիրը չէ, որն ի վիճակի է իրեն նման ճոխություն թույլ տալ։ Դա կարող են անել տեխնոլոգիապես  զարգացած, կապիտալ կուտակած, ներդրումների հնարավորինս քիչ խնդիրներ ունեցող երկրները։ Իսկ Հայաստանի տնտեսությունը, գիտենք, թե ինչ վիճակում է՝ իր ցածր արտադրողականությամբ ու տեխնոլոգիական խղճուկ վիճակով։

Աշխատանքային օրը 1 ժամով կամ 12,5 տոկոսով կրճատելն ուղիղ հարված է տնտեսությանը, ներդրումներին, տնտեսության մրցունակությանը։ Այն ավելացնում է տնտեսության ֆինանսական բեռը, բարձրացնում է ինքնարժեքը, մեծացնում է գնաճի ռիսկերը։

Խոսքը կառավարության կամ նախարարությունների մասին չէ, որոնց մեկ ժամ պակաս  աշխատել-չաշխատելը որևէ նշանակություն չունի։ Երբեմն դրանց չաշխատելը նույնիսկ ավելի ձեռնտու է, քան աշխատելը։ Նույնը չես կարող ասել տնտեսության համար։

Եթե արտադրությունը 1 ժամ քիչ աշխատի, այդքանով կկրճատվի նաև թողարկվող արտադրանքի ծավալը։ Հակառակ պարագայում գործատուն պիտի նոր աշխատողներ ներգրավի՝ բացը լրացնելու համար։ Նոր աշխատող ներգրավելը փող է, և ո՞վ պիտի վճարի այդ փողը։ Եթե վճարում է գործատուն՝ նշանակում է, բարձրանում է նրա արտադրանքի ինքնարժեքը, հետևաբար՝ նաև գինը, նվազում է մրցունակությունը։

Աշխատաժամանակի կրճատումը համակարգային խնդիր է, որին անթույլատրելի է գնալ՝ առանց մանրակրկիտ ուսումնասիրությունների, հետազոտությունների, տեխնիկական հագեցվածության ու արտադրողականության բարձրացման։ Պոպուլիզմի հետևից ընկնելով ու քաղաքական նպատակներ հետապնդելով՝ եղածն էլ կկործանեն։ Չկա ոչ մի հիմնավորում։

Ասել, թե աշխատանքային օրվա տևողությունը սահմանափակելով՝ կավելանան աշխատատեղերը, պրիմիտիվիզմ է։ Ինչպե՞ս կարելի է այդպիսի մակերեսային մոտեցումով արդարացնել աշխատաժամանակի կրճատումը, որից տնտեսությունը մեծ կախվածություն ունի։

Իսկ ո՞վ կարող է ասել, թե դրա հետևանքով որքանո՞վ կտուժի տնտեսությունը, ինչքանո՞վ կավելանան տնտեսության կորուստները, կնվազի տնտեսական աճը։

Օրինակ՝ Ֆրանսիայում աշխատաժամանակի կրճատումը հանգեցրեց տնտեսական աճի տեմպի 0,5 տոկոսային կետի կրճատման։ Հայաստանում նվազումն անհամեմատ ավելի մեծ կլինի՝ հաշվի առնելով տնտեսության տեխնիկական հետամնացությունն ու ցածր արտադրողականությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս