Մենք փորձում ենք Իրանի զգայուն շահերը հաշվի առնել և գործընթացներում հակադրություններ չստեղծել. Նիկոլ Փաշինյան

«Այն բանաձևը, որի մասին ես ասացի, հարաբերություններ, որոնք հիմնված են երկու երկրների բնական շահերի վրա, հենց այս բանաձևն ինքը որոշակի պաշտպանություն է ստեղծում հարաբերությունների զարգացման համար»։ Այս մասին Իրանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես պետք է պաշտպանել Իրան-Հայաստան հարաբերությունները՝ հաշվի առնելով, որ այդ հարաբերություններն ունեն լուրջ հակառակորդներ։

«Ընդհանրապես պետք է արձանագրել, որ միջազգային հարաբերությունները բարդ են և միշտ էլ բարդ են եղել, այսինքն` մենք մարդկության պատմության մի ժամանակաշրջան չենք կարող դուրս բերել, որ ասել, գիտեք ինչ՝ հարաբերությունները շատ պարզ էին, հարաբերությունները միշտ բարդ են և միշտ կա ցանկություն անել ավելին և այդ ավելին անելու ցանկությունն է, որ բերում է զարգացման և աճերի»,–ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետության շահերի նկատմամբ զգայուն է, և Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես Հայաստանի շահերի նկատմամբ զգայուն է:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք հարաբերությունների բնական շահերի վրա հիմնված լինելու հանգամանքի վրա, որը մեր հարաբերությունները դարձնում է օրգանիկ, մեր հարաբերությունները դարձնում է կենդանի, մեր հարաբերությունները դարձնում է ապրող և զարգացող։ Եվ այս իմաստով ես միշտ հակված եմ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններում կենտրոնանալ դրական գործոնների վրա, որովհետև եթե կենտրոնանանք բացասական գործոնների վրա, որոնք… Ինչպես նշում եք՝ կան գործոններ, որոնք նեգատիվ են ազդում, այդ գործոնները գաղտնիք չեն, այդ թվում՝ բարդ հարաբերություններն են Իրանի Իսլամական Հանրապետության և մի շարք արևմտյան երկրների միջև, որոնց հետ մենք նույնպես ունենք հարաբերություններ, ընդ որում՝ լավ հարաբերություններ»,–ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ Հայաստանը փորձում է Իրանի Իսլամական Հանրապետության զգայուն շահերը հաշվի առնել և գործընթացներում հակադրություններ չստեղծել, այդ թվում՝ այն պատճառով, որ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը բխում է Հայաստանի բնական շահերից:

Տեսանյութեր

Լրահոս