
Իմ շանսերը բարձր եմ գնահատում, Գյումրին ունենալու է ընդդիմադիր քաղաքապետ․ Ռուբեն Մխիթարյան

Իմ շանսերը բարձր եմ գնահատում, Գյումրին ունենալու է ընդդիմադիր քաղաքապետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ հզոր համայնք» կուսակցությունով Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։
«Ես իմ շանսերը բարձր եմ գնահատում, ընդհանրապես, ընդդիմադիր թևի շանսերը բարձր եմ գնահատում։ Չեմ կարծում, որ ընդդիմադիր թեկնածուներն իրենց մրցակից համարում են իշխանական թեկնածուին, որովհետև իշխանական թեկնածուի շանսերի մասին ավելի լավ է մտածի իշխանությունը, որը, ինչպես տեսնում եք, ինչպիսի մեթոդների է դիմում, դեռ քարոզարշավը չսկսած, պայքար մղելու ընդդիմադիր թեկնածուների դեմ։ Մրցակցային ֆոն ստեղծելու են ընդդիմադիր թեկնածուները։ Ակնկալիքս ու կանխատեսումս այն է, որ Գյումրին ունենալու է ընդդիմադիր համայնքապետ»,-ասել է Մխիթարյանը։
Անդրադառնալով այն հարցին, որ Շիրակի մարզպետը մինչ այս հայտարարել էր, որ ընդդիմադիր թեկնածուների հոգսը ոչ թե Գյումրին է և ՏԻՄ ընտրությունները, այլ պատրաստվում են համապետական ընտրություններին, Մխիթարյանը պատասխանեց․ «Ես հասկանում եմ, որ ՔՊ-ում վերջին 7 տարում քաղաքականությամբ զբաղվող մարդիկ իրենց շատ լուրջ քաղաքական գործիչ են համարում, բայց կա մի հայտնի արտահայտություն՝ քաղաքական գործիչը միշտ մտածում է հաջորդ ընտրությունների մասին, իսկ պետական գործիչը միշտ մտածում է հաջորդ սերունդների մասին։ Այդ անձնավորությունը, որը խոսում է հաջորդ ընտրությունների մասին, ընդամենը քաղաքական գործիչ է, իսկ իմ մեծ ցանկությունն է, որ ես և ընդդիմադիր շատ թեկնածուներ ընտրություններին մոտենանք պետական գործչի դիրքից»։