
Բաքուն կրկին փորձում է օրակարգ բերել Ադրբեջանում 1-ին ԱԷԿ-ի կառուցման հարցը. Հայաստանը կարող է զրկվել տարածաշրջանում «խաղաղ ատոմ» զարգացնող միակ երկրի բարձր կարգավիճակից. Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է․
«Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փիրվյազովը հանդիպում է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի նախագահ Գրոսսիի հետ: Միջուկային զենքի չտարածման, կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրի սկզբունքների կատարման հարցերի հետ մեկտեղ կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի էներգետիկ համակարգում միջուկային բաղադրիչի ներդրման հեռանկարը:
Այսպիսով՝ Բաքուն կրկին փորձում է օրակարգ բերել Ադրբեջանում առաջին ատոմակայանի կառուցման հարցը:
Հիշեցնեմ, որ խորհրդային տարիներից մշակվող ու պարբերաբար վերաիմաստավորվող ադրբեջանականան ԱԷԿ-ի նախագիծը վերջին անգամ բարձր մակարդակով քննարկվել է 2019 թ.-ին՝ Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական գագաթնաժողովին Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ:
Ադրբեջանում ԱԷԿ-ի կառուցման շուրջ նկատվող ակտիվության ֆոնին Հայաստանի համար անվտանգային մարտահրավեր է դառնում նոր միջուկային ռեակտորի կառուցման վերաբերյալ ռազմավարական որոշման կայացումը: Ընդ որում, որոշումն ի օգուտ փոքր հզորության մոդուլային բլոկի անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանում «խաղաղ ատոմի» ոլորտի վերջնական պարալիզացմանը, ինչին բազմիցս անդրադարձել եմ:
Ադրբեջանն ունի աճող էլեկտրաէներգետիկ ախորժակ, ինչը դրսևորովում է միաժամանակ մի քանի ուղղությամբ՝ Սև ծովի հատակով անցնող ադրբեջանա-վրացա-ռումինա-հունգարական մալուխից մինչև այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքով» էլեկտրահաղորդման գիծ: Թե առաջինը, թե երկրորդը Բաքուն փորձում է «վաճառել» արտաքին շահառուներին որպես «կանաչ միջանցք»: Հաշվի առնելով «միջուկային ռենեսանսով» պայմանավորված ատոմային էներգետիկայի արդի էկոլոգակենտրոն ընկալումները՝ Ադրբեջանում ԱԷԿ-ի կառուցումն առավել քան տեղավորվում է Բաքվի «կանաչ» հռետորաբանության մեջ:
Ստեղծվում է մի իրավիճակ, որում Հայաստանը փաստացի կարող է զրկվել տարածաշրջանում «խաղաղ» ատոմ զարգացնող միակ երկրի բարձր ռազմավարական կարգավիճակից: Փաստացի հենց դրան է ուղղված Բաքվի և Անկարայի էներգետիկ դիվանագիտությունը, որի նպատակը էքսպերիմենտալ բնույթ կրող փոքր մոդուլային կայանի նախագծի ներքո Հայաստանին միջուկային հզորություններից վերջնականապես զրկելն է»: