
«Գժվե՞լ ես, 6000 միջուկային մարտագլխիկ ունեցող երկրի հետ մեզ ինչո՞ւ ես թշնամացնում». Արամ Մանուկյան
Հայաստանի իշխանության արած և չարած քայլերին նայում և հերթական անգամ արձանագրում եմ՝ Հայաստանում մենք չունենք իշխանություն, որը զբաղվեր արտաքին մարտահրավերներով, ներքին հանդուրժողականության դաշտ ստեղծելով, զբաղվեր բանակով և կրթությամբ. մենք որևէ միջազգային խոշոր ծրագրի, խնդիրների լուծումների մաս չենք կազմում, Հայաստանը դարձել է մի դատարկ տարածք, որի իշխանությունը չի էլ կարողանում անգամ իր գերիների հարցը լուծել: 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով աշխարհում ընթացող զարգացումներին հընթացս Հայաստանի իշխանության վարած քաղաքականության մասին՝ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
«Հայաստանը դիվանագիտություն չունի, միաեղջյուր դեպի Եվրոպա անհիմն քաղաքականություն են փորձում վարել, ինչը փուչ է. դա տեսանք այլ երկրների օրինակով։ Մինչև հիմա, եթե Հայաստանն ուզենար միջազգային խաղի մաս դառնալ, պետք է երկու խնդիր լուծած լիներ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցում, որը պետք է ավարտվեր 2017 թվականին, և էներգետիկ մայրուղու ստեղծում։ Դա միջազգային տնտեսական մեծ պրոյեկտ է, որով Հայաստանը դառնում է խաղացող։ Քանի դեռ Հայաստանն այդ երկու խնդիրը չի լուծել, իսկ մենք տեսնում ենք, որ չեն լուծում, ինչ էլ ուզում են՝ ասեն, տնտեսական, էներգետիկ առումով Հայաստանը զրո է»,- ասաց Արամ Մանուկյանը՝ ընդգծելով՝ Հայաստանը դուրս է մնում Ռուսաստան-Վրաստան-Իրան ճանապարհներից և էներգետիկ հաղորդակցության ուղիներից:
«Նիկոլի կարճ խելքով՝ դուրս ենք մնում այդ ծրագրերից, մինչդեռ դրանց մաս դառնալու պարագայում է, որ Հայաստանը կարող էր ազդեցության լծակ ունենալ Ադրբեջանի դեմ։ Փոխարենը՝ անում է այն, ինչ պահանջում է Ալիևը՝ Արարատից հրաժարում, Ցեղասպանության ուրացում, Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցերի հետքաշում և այլն. էս մարդու բոլոր պրոյեկտները գալիս են այդ երկրից։ Այս մարդը պարզ ծրագիր է կատարում, որը տանում է Հայաստանի կործանման, ոչնչացման»,- ասաց Մանուկյանը։
ՀԱԿ փոխնախագահի խոսքով՝ ՀՀ իշխանությունն իրականում աշխարհում ստեղծված հնարավորություններից օգտվելու փոխարեն՝ գնում է նաև Թուրքիայի ենթակայությանը Հայաստանը հանձնելու ճանապարհով։
«Գիտեք՝ մենք որ գանք իշխանության, հոգեբուժարանների համար ռեֆորմ կանենք, իրենց գժի տեղ դնողներին տեղեկանք կտանք, որով կարգելենք նրանց քաղաքականությամբ զբաղվել։ Լա՛վ, այս իշխանությունը չի կարողանում խելոք մնալ՝ տեսնելով, թե ի՞նչ է կատարվում աշխարհում։ Անգամ այս պարագայում դեռ խոսում է ռուսների ատամները ջարդելու մասին։ Սա գժանոց է, գժվե՞լ ես, լավ, 6000 միջուկային մարտագլխիկ ունեցող երկրի հետ մեզ ինչո՞ւ ես թշնամացնում։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է ոչնչացման ճանապարհով, որից, ի դեպ, հրաժարվեց, օրինակ, Վրաստանը»,- ասաց Արամ Մանուկյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։