
Google-ի համահիմնադիրն աշխատակիցներին կոչ է արել շաբաթական 60 ժամ աշխատել

Ամերիկյան Google ընկերության համահիմնադիր Սերգեյ Բրինը Gemini արհեստական բանականության հավելվածի բաժնի աշխատակիցներին կոչ է արել շաբաթական 60 ժամ աշխատել (40-45 ժամի փոխարեն)՝ պատճառաբանությամբ, թե դա անհրաժեշտ է արհեստական բանականության ոլորոտի մրցավազքում Google-ի առաջատար դիրքն ապահովելու համար: Ի դեպ, աշխատակիցները պետք է ապահովեն ամենօրյա ներկայություն գրասենյակում, ինչը, նրա խոսքով՝ «արտադրողականության օպտիմալ մակարդակն է»։
Հիշեցնենք, որ այժմ Google-ի աշխատակիցներից պահանջվում է շաբաթական ընդամենը երեք օր աշխատել գրասենյակում:
«Նրանք, ովքեր աշխատում են նվազագույն չափով, ոչ միայն անարդյունավետ են, այլև բարոյալքում են մյուսներին»,- ըստ nytimes.com-ի՝ ասել է Google-ի համահիմնադիրը։
Սակայն, ըստ Bild-ի՝ աշխատաշուկայի արևմտյան փորձագետները, ինչպես և ակնկալվում էր, քննադատել են այս գաղափարը: Ժամանակի կառավարման մասին գրքերի հեղինակ Լաուրա Վանդերկամը կարծում է, որ «շատ քչերը կարող են հետևել նման գրաֆիկի՝ առանց գերհոգնելու»։
Նրա կարծիքով՝ օպտիմալ աշխատանքային գրաֆիկը շաբաթական 45-50 ժամն է։
Տորոնտոյի համալսարանի մենեջմենթի պրոֆեսոր Ջոն Տրուգակասը, իր հերթին, նշել է, որ կարևոր է ոչ թե ժամերի քանակը, այլ աշխատանքի արդյունավետությունը։