«Իրական Հայաստանի» վիրտուալ տնտեսական աճը․ տնտեսությունը մնացել է առևտրի հույսին

Հայաստանում վերջին տարիներին արձանագրվող տնտեսական աճերն իշխանությունները փորձում են որպես մեծագույն ձեռքբերում՝ մատուցել հասարակությանը։ Բայց խուսափում են խորանալ այդ աճերի կառուցվածքի մեջ։ Խուսափում են, որովհետև խորանալու դեպքում կպարզվի, որ գործ ունենք լավ փչված փուչիկի հետ, որ ցանկացած պահի կարող է պայթել։

Իրականում Հայաստանի տնտեսության վիճակը ծանր է։ Ու դրանում դժվար չէ համոզվել, ինչքան էլ իշխանությունները փորձեն իրավիճակը գունավոր ներկայացնել։ Ամբողջ գաղտնիքը թաքնված է ՀՆԱ ու տնտեսական աճի կառուցվածքի մեջ, որը վերջին տարիների անգամ բարձր տնտեսական աճերից հետո ոչնչով չի բարելավվել։ Ավելին՝ շարունակել է վատանալ։

Անցած տարվա արդյունքներով, Հայաստանում ՀՆԱ-ն առաջին անգամ հասել է 10,1 տրիլիոն դրամի։ Թվում է, թե լավ ձեռքբերում է։ Բայց հիմա տեսեք, թե դա ինչի հաշվին է եղել։ Գերակշիռ մասն առևտուրն ու ծառայություններն են՝ 10,1 տրիլիոնից 6,2 տրիլիոնը բաժին է ընկել առևտրին ու ծառայություններին։

Այնպես է ստացվել, որ վերջին տարիներին Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել է հիմնականում այս ոլորտի հաշվին։ 2018թ. այն ընդամենը 3,2 տրիլիոն էր՝ հասել է 6,2 տրիլիոնի։ Այն ժամանակ առևտուրն ու ծառայությունները կազմում էին ՀՆԱ 53 տոկոս, անցած տարի անցել է 61 տոկոսից։ Կշիռն ավելի է մեծացել։ Դրա արդյունքում էլ տեղի է ունեցել աճը։ Վեց տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել է 4,1 տրիլիոն դրամով, որից 3 տիլիոնն առևտրի ու ծառայությունների բաժինն է։ Այն, ինչ այդքան երջանկացրել է իշխանություններին՝ կապված 10 տրիլիոնը գերազանցող ՀՆԱ ունենալու հետ, պայմանավորված է առավելապես այս հանգամանքով։ Բայց դա իշխանություններին երջանկանալու առիթ չի տալիս։

Կարդացեք նաև

Սրանից ավելի շատ պետք է անհանգստանալ ու մտահոգվել, քան ուրախանալ։ Առևտուրն ու ծառայություններն ապագա չեն տնտեսության համար։ Ապագան իրական տնտեսության մեջ է, որտեղ, սակայն, իշխանություններն ասելիք, առավել ևս՝ հպարտանալու առիթ չունեն։ Անցած տարվա արդյունքներով, արդյունաբերության համախառն արդյունքը կազմել է ընդամենը 1,6 տրիլիոն դրամ, գյուղատնտեսությանը՝ 802 մլրդ դրամ։ Ընդ որում, գյուղատնտեսության ցուցանիշը զիջում է անգամ 2018թ. մակարդակը։ Վեց տարի առաջ գյուղատնտեսության համախառն արդյունքը 17 միլիարդով ավելին էր, քան անցած տարի։

Ահա այսպիսին են վերջին տարիներին Հայաստանի տնտեսության աճերի արդյունքում արձանագրված «ձեռքբերումները»։ Առևտրի ու ծառայությունների ոլորտին բաժին է ընկնում ՀՆԱ 61 տոկոս, իսկ տնտեսության մյուս բոլոր ճյուղերին՝ ընդամենը 39 տոկոսը։ Վեց տարի առաջ էլ առևտուրն ու ծառայությունները գերակշռող էին, սակայն տնտեսության մյուս հատվածների մասնաբաժինը շատ ավելի մեծ էր։ Նվազել է՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ՝ գյուղատնտեսության կշիռը։

Վեց տարի առաջ արդյունաբերությունը ՀՆԱ-ում ուներ գրեթե 17,5 տոկոս կշիռ, անցած տարվա արդյունքում դարձել է 16,1 տոկոս։ Գյուղատնտեսության պարագայում կրճատումը շատ ավելի մեծ տեմպերով է տեղի ունեցել՝ 2018թ. 13,6 տոկոս էր, անցած տարի կազմել է ընդամենը 7,9 տոկոս։ Վեց տարում այսպես են զարգացրել տնտեսությունը։

Իրական հատվածի բաժինը ՀՆԱ-ում ավելացնելու փոխարեն՝ մի բան էլ կրճատել են՝ ի հաշիվ առևտրի ու ծառայությունների։ Այսքանից հետո դեռ տնտեսական հաջողություններից ու ձեռքբերումներից են խոսում։ Տեղին է հիշեցնել, թե ժամանակին ինչպես էր Նիկոլ Փաշինյանը լվանում քաղաքացիների ուղեղը՝ հայտարարելով, որ կարճ ժամանակում վերամշակող արդյունաբերությունը դարձել է մեր տնտեսության առաջատար ճյուղը։

«2019-ի արդյունքներով մշակող արդյունաբերությունն աճելով 12 տոկոսով` 2008-ից ի վեր առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում առաջինն է տնտեսության բոլոր ոլորտների թվում՝ ապահովելով 12,1 տոկոս կշիռ: Սա նշանակում է, որ մեր երկրի արտադրական պոտենցիալը վերականգնվում է և զարգանում»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը։

Հիմա այլևս չի ասում, թե որտեղ է մշակող արդյունաբերությունը։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից 5 տարի անց ունենք այն, որ մշակող արդյունաբերության կշիռը տնտեսության մեջ ընդամենը 10,5 տոկոս է, ավելի ցածր, քան նույնիսկ 2008թ.։

Առաջատարն առևտուրն է, որին զիջում է մշակող արդյունաբերությունը։ Առևտրի կշիռը վերջին 5 տարիներին ՀՆԱ-ում ավելացել է 2,2 տոկոսային կետով՝ հասնելով 13,6 տոկոսի, իսկ մշակող արդյունաբերության կշիռը նվազել է 1,6 տոկոսային կետով՝ 12,1-ից իջնելով 10,5 տոկոսի։ Հիմա արդեն առևտուրն է դարձել Հայաստանի տնտեսության դեմքը։

Դա խոսում է այն մասին, որ մեր տնտեսության արտադրական պոտենցիալը վերջին 5 տարիներին ոչ միայն չի վերականգնվել ու զարգացել, այլև զիջել է դիրքերը։ Բայց դա արդեն իշխանություններին քիչ է մտահոգում։ Կարևորը՝ տնտեսական փուչիկ աճերով փորձում են տպավորություն ստեղծել, թե ակտիվ զարգացումների մեջ ենք։ Ու դրա համար չեն խնայում անգամ վիճակագրությունը։

Վիճակագրությունը դարձրել են խաղալիք՝ իրենց քմահաճույքների համար, ինչպես հարմար է՝ ցուցանիշները փոխում են։ Միայն վիճակագրական աճպարարությունների արդյունքում կարողացան անցած տարի 5,9 տոկոս տնտեսական աճ նկարել։

Այլապես դա էլ չէր լինելու։ Տարվա ընթացքում մի քանի անգամ փոխեցին ցուցանիշները։ Տարեվերջին առաջին եռամսյակի 6,6 տոկոս աճը սարքեցին 7,9 տոկոս՝ բարձրացրեցին 1,3 տոկոսային կետով, երկրորդ եռամսյակի 6,4 տոկոսը սարքեցին 7,3 տոկոս՝ բարձրացրեցին 0,9 տոկոսային կետով, երրորդ եռամսյակի 5,2 տոկոսը սարքեցին 6,1 տոկոս՝ բարձրացրեցին 0,9 տոկոսային կետով։ Այսքանից հետո հազիվ կարողացան տնտեսական աճը 5,9 տոկոսի հասցնել։ Առանց այս վերանայումների՝ այն լինելու էր ընդամենը 4,5-5 տոկոս։

Վերանայումներից հետո տնտեսական աճի ցուցանիշը բարձրացավ, բայց դրանով ո՛չ տնտեսության վիճակը բարելավվեց, ո՛չ էլ աճի կառուցվածքը փոխվեց։ Տնտեսական աճին նպաստող հիմնական ոլորտը շարունակեց մնալ առևտուրն ու ծառայությունները։ 5,9 տոկոս տնտեսական աճի մեջ առևտրի ու ծառայությունների նպաստումը կազմեց 5,23 տոկոսային կետ։ Պատկերացրեք, թե տնտեսության մյուս բոլոր ոլորտներն ինչպիսի չնչին դեր են կատարել արձանագրված տնտեսական աճի գործում։

Գյուղատնտեսության մասնակցությունը եղել է 0,08 տոկոսային կետի, արդյունաբերությանը, ներառյալ էներգետիկան՝ 0,52 տոկոսային կետի չափով։

Այսպիսի բևեռացված ու անորակ կառուցվածքով է պայմանավորված, որ Հայաստանում արձանագրվող տնտեսական աճերից հասարակ քաղաքացին ոչինչ չի ստանում։

Տնտեսությունն արտաքուստ աճում է, ՀՆԱ-ն ավելանում է, ՀՆԱ-ում մեկ շնչին բաժին ընկնող արդյունքը մեծանում է, իսկ մարդկանց գրպանները շարունակում են դատարկ մնալ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս