
ՀՖՖ ղեկավար կազմից դժգոհությունները շարունակվում են

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շուրջ երկարատև աղմուկը չի դադարում․ ֆան շարժումներ, մրցավարներ, ֆուտբոլասերներ՝ ՀՖՖ ղեկավար կազմից դժգոհ են շատ-շատերը, սակայն հրաժարականի հարցի մասին հիշեցումն արժանանում է իրավապահների միջամտությանը։ Վերջինի ականատեսը եղանք հենց օրերս՝ «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» խաղի ընթացքում։
168․am-ի՝ ոլորտին քաջածանոթ աղբյուրներից մեկը թեմայի առնչությամբ պնդեց՝ ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականն այլընտրանք չունի։
Ի դեպ, շուրջ մեկ ամիս առաջ նույն աղբյուրը մեզ հետ զրույցում փոխանցել էր ՀՖՖ ղեկավար կազմից մրցավարների դժգոհությունը՝ պնդելով. «ՀՖՖ-ն քանդում է հայկական մրցավարությունն իրենց հովանավորչական գործելաոճով»։
Այս անգամ էլ նույն աղբյուրը հավելեց՝ թեև դեռ դեկտեմբերին ՀՖՖ-ում ժողովի ժամանակ մրցավարական կոմիտեի նախագահ Սլավիկ Ղազարյանը մրցավարներին խոստացել էր, որ մինչև հունվարի վերջ բոլորի պայմանագրերը փոխելու են և նոր պայմանագրեր են ստորագրելու՝ արդեն ճանապարհածախսերը, խաղի սպասարկման գումարները բարձրացված, սակայն սայլը տեղից այդպես էլ չի շարժվել, ու դա իրականություն չի դարձել։
«ՀՖՖ ղեկավարությունը դեռ 2019 թվականից խոստանում էր, որ մրցավարներին պետք է բժիշկ տրամադրել, բայց զուտ միայն խոսքեր,- հավելեց նա, ապա անդրադառնալով ներսում առկա անհավասար մրցակցային պայմաններին՝ նկատեց,- Արդյո՞ք մրցավարական կոմիտեի նախագահի որդին` Մեսրոպ Ղազարյանը, լինելով միջազգային մրցավար, կարող է համատեղությամբ աշխատել ՀՖՖ մրցավարական բաժնում և մրցավարական դպրոցում։ Արդյո՞ք ՖԻՖԱ-ի կանոնակարգը թողնում է։ Կամ՝ ինչպե՞ս է, որ ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահ Սլավիկ Ղազարյանի որդին` Մեսրոպ Ղազարյանը, երկու տարի անընդհատ ճանաչվեց Հայաստանի լավագույն մրցավարի օգնական։ Ո՞վ է որոշել և ի՞նչն են հաշվի առել լավագույն մրցավար ընտրելիս»։
Ավելի վաղ 168․am-ը գրել էր, որ շաբաթներ առաջ մրցավար Սամվել Հովսեփյանը գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ խզել է պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ «Հայ մրցավարներն այսօր մնացել են առանց արժանապատիվ ու համակարգված պաշտպանության, ինչպես երբևէ,- արձանագրել էր մրցավարը, ապա նաև հավելել,- Ես առաջին հանդիպումը սպասարկել եմ 2017-ին, այդ պահից ի վեր մրցավարների աշխատավարձը երբեք չի բարձրացել, չնայած կյանքի բոլոր ոլորտների թանկացմանը, սա՝ այն պարագայում, որ մրցավարության դերը ֆուտբոլում առանցքային է, իր մեջ շատ ռիսկեր է պարունակում, այն պարագայում, երբ ՀՖՖ նախագահն անձամբ է հայտարարում, որ ունենք մրցավարների քանակի խնդիր»։