«Միջազգային ատյաններից հայցերի հետկանչը պատմական սխալ կլինի, Սահմանադրության փոփոխությունը՝ կործանարար». Գուրգեն Պետրոսյան

Հայ-գերմանական իրավաբանների ասոցիացիայի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ, Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանում գտնվող գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը քաղաքական բանակցությունների տիրույթում է:

«Մոտավորապես այսպիսի օրինակ 70-ականներին եղել է Պակիստանի և Բանգլադեշի հարաբերություններում: Այդ ժամանակ Բանգլադեշն ու Պակիստանը մեկ պետություն էին, կոչվում էին Արևելյան և Արևմտյան Պակիստան: Պատերազմ սկսվեց, և Պակիստանի իշխանությունները ցեղասպանության էին ենթարկում բանգլադեշցիներին, արդյունքում՝ Բանգլադեշի կառավարությունը եկավ իշխանության և Հնդկաստանի օգնությամբ սկսեց ձերբակալել պակիստանցի զինվորականներին և բարձրաստիճան ղեկավարներին: Իրենց գլխավոր նպատակը նաև այն էր, որ 193 բարձրաստիճան ռազմական և քաղաքական գործիչների նկատմամբ ցեղասպանության և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ դատավարություններ սկսեն:

Պակիստանը, չնայած՝ պարտված պետություն էր, բայց որևէ կերպ չէր լռում, և որպեսզի այդ դատավարությունը կանխարգելի, Արևմտյան Պակիստանում ձերբակալեց 93 հազար քաղաքացիների և ասաց, որ նմանատիպ դատավարություններ կարող է անել նրանց նկատմամբ: Արդյունքում՝ Բանգլադեշի իշխանությունները հրաժարվեցին այդ դատավարությունն անելուց և վերադարձրին 193 գործիչներին Պակիստան: Իհարկե, սա մեկին մեկ չի համապատասխանում մեր իրավիճակին, բայց ստացվում է, որ Պակիստանը փորձում էր այնպիսի գործիքներ ձեռք բերել, որ քաղաքական ճնշում գործադրեր այլ պետության նկատմամբ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանի պարագայում իշխանությունները միակողմանի զիջումների են գնում, իսկ արդյունքում ոչինչ չեն ստանում:

Կարդացեք նաև

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանն է ձեռք բերում խաղաքարտեր, որոնք օգտագործում է Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու առումով. «Արդյունքում մենք զիջում ենք, դրա դիմաց ոչինչ չենք ստանում կամ ստանում ենք մինիմալ սահմանազատում, որի արդյունքում Ադրբեջանն ավելի ու ավելի շատ է պահանջում: Այս 5 տարվա ընթացքում մեր քաղաքականությունը չի փորձել այն իրավիճակը ստեղծել, որ Ադրբեջանը պարտավորված լինի որևէ գործողության գնալ՝ զիջելով Հայաստանին: Ադրբեջանը մաքսիմալիստական պահանջներ է դնում, մենք զիջում ու զիջում ենք: Բացի դրանից, այս հարցերին անդրադառնում ենք միայն պոստ ֆակտում. գերիներն այնտեղ գտնվում են արդեն երկար ժամանակ, միայն այն ժամանակ ենք մենք անդրադառնում այդ գործընթացներին, երբ ակնհայտորեն մազ է մնում, որ արհավիրք լինի: Ո՛չ կառավարության կողմից եմ ծրագիր տեսնում, ո՛չ համայնքների, թե ինչպես պետք է այս հարցը բարձրաձայնվի: Հասկանալի էր, չէ՞, որ այդ մարդիկ Ադրբեջանում ենթարկվելու են խոշտանգման. պետք էր այդ մասին շուտ բարձրաձայնել»:

Միջազգային իրավունքի մասնագետը շեշտում է՝ առանց արդարադատության՝ խաղաղություն չի կարող լինել: Նրա դիտարկմամբ՝ միջազգային ատյաններ ներկայացված հայցերի հետքաշումը չի բերելու խաղաղության, այլ մոռացվելու է այն ամենը, ինչ տեղի է ունեցել, լինելու է պատմական սխալ և ևս մեկ անգամ՝ պարտություն միջազգային իրավական ոլորտում:

«Այս քայլերը հաշվարկված չեն: Ես պարբերաբար ասել եմ, որ մեզ հարկավոր է՝ իրավաբանորեն այս ամենը սահմանվի: Ադրբեջանցիներն 90-ականներից պարբերաբար բարձրաձայնում են ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը. մենք ՄԱԿ-ում բանաձևեր չունենք, բայց մենք ունենք դատավարություն, որը կարող է արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ:

Եթե մենք այդ փաստաթուղթը ձեռք չբերենք, դա կնշանակի, որ հետագայում այս թեմայով որևէ խոսույթ որևէ տեղում չենք կարող ունենալ: Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը հայցերը հետ վերցնի, բայց միևույն ժամանակ, ինքը հայցեր է ներկայացնում արբիտրաժ, ինչը նշանակում է, որ ինքը չի պատրաստվում դադարեցնել իրավական պատերազմը: Հայաստանը նույնպես պետք է շարունակի դիմումներ ներկայացնել տարբեր կոնվենցիաների շրջանակներում: Ինչքան մենք ուշացնում ենք, այդքան այդ դատավարություններն ավելի են երկարաձգվելու»,- ընդգծեց նա:

Հարցին՝ եթե արդեն կան միջազգային դատարանների որոշումներ, որոնք Ադրբեջանը չի կատարում, նոր որոշումներն ի՞նչ են տալու, նա պատասխանեց.

«Սա պարզապես արձանագրում է, որը մեզ խոսելու, քաղաքական մանևր անելու հիմք է տալիս: Սա հեռուն գնացող գործողություն է: Հետագայում, երբ մարդասիրությունը վերականգնվի կամ միջազգային ատյանների նկատմամբ վստահությունը վերականգնվի, ապա այդ փաստաթղթերը մնալու են Ադրբեջանի պատմության մեջ և հետապնդելու են իրենց: Հայաստանը պետք է հետամուտ լինի, որպեսզի այդ դատավարությունները գոնե փաստաթղթավորվեն, որովհետև դրանք հետագայում կարող են լինել հիմք՝ քաղաքական և դիվանագիտական բանակցությունների համար»:

Գուրգեն Պետրոսյանը շեշտեց՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցն Ադրբեջանի կողմից ներկայացված հերթական պահանջն է, որը նպատակ ունի ամբողջությամբ Արցախի թեման դուրս բերել օրակարգից.

«Իրենց տեսանկյունից իրենք շատ ճիշտ քաղաքականություն են վարում, հաղթողի կարգավիճակում են: Հիմա մեր դիվանագիտությունն ու քաղաքականությունը հենց այն ուղղությամբ պետք է աշխատեն, որ այդ պահանջների դիմաց մենք իրենց պահանջներ ներկայացնենք: Ես ուղղակի չեմ պատկերացնում՝ ինչպես են բանակցությունները տեղի ունենում, բայց ճիշտ կլիներ, որ նույն կերպ իրենց պահանջներ ներկայացնեինք և հետամուտ լինեինք դրանց իրականացմանը, որ՝ դուք էլ ձեր սահմանադրության մեջ խնդիր ունեք:

Ես հասկանում եմ՝ ռազմական անհավասարություն կա երկու երկրների միջև, և պարբերաբար մյուս կողմը սպառնում է պատերազմ հրահրելով, բայց պետք է ինչ-որ գործողություն իրականացնենք, որ իրենց համար էլ վտանգավոր լինի պատերազմ անելը, և բանակցությունների նիշան իջեցնենք: Կան գործիքակազմեր, որոնք պետք է օգտագործել, օրինակ՝ Միջազգային քրեական դատարանի գործիքակազմը: Բայց այստեղ էլ պետք է հաշվի առնել, որ նույն Միջազգային քրեական դատարանը գտնվում է գոյատևման պայքարի մեջ, որովհետև նույն ԱՄՆ-ը պարզապես մուրճով քանդում է միջազգային համակարգը, որը ներդրվել էր Երկրորդ համաշխարհայինից հետո:

Սա մի այնպիսի իրավիճակ է, որ պետք է հստակ դիրքավորվել՝ չմոռանալով այդ ամենը գործարկել: Այս պահին Սահմանադրությունը փոխելը կվտանգի մեզ, որովհետև չենք հասկանում՝ աշխարհում ինչ է տեղի ունենում»:

Նա Ուկրաինայի օրինակը բերեց՝ շեշտելով, որ այս իրավիճակում այնտեղ նախագահ փոխելը կարող է կործանարար լինել պետության համար.

«Նույն ձևով այսօր Սահմանադրություն փոխելը կարող է կործանարար լինել մեզ համար: Հաշվի առնելով այն մարտահրավերները, որ ունենք միջազգային արենաներում, և ամբողջ աշխարհի փոփոխությունները, մեր հիմնահատակ այս փոփոխությունը պետք է ադապտացվի դրանց: Ես ընդհանրապես չեմ ողջունում, որ հիմա այսպիսի գործողության ենք գնում»:

Դիտարկմանը՝ Ադրբեջանի հիմնական խնդիրը ՀՀ Անկախության հռչակագիրն է, նա արձագանքեց. «Դա Ադրբեջանի պահանջն է, որին ինչ-որ ձևով պետք է դիմակայել: Այս հապճեպությունը կարող է այլ խնդիրների էլ բերել, երբ հայտնվենք ռազմական իրավիճակում ու չիմանանք՝ որ մարմինը ինչ պետք է անի: Սա հերթական կոլապսի կարող է բերել»:

Նա նկատեց, որ այս իրավիճակում Հայաստանը պետք է օգտվի Միջազգային քրեական դատարանի գործիքակազմից, և պարտադիր չէ, որ իր անունից հայց ներկայացնի, այլ կարող է այլ երկրի միջոցով դա անել.

«Այստեղ կարևոր է գտնել մեկ պետություն, որը մեզ կաջակցի: Օրինակ՝ Լիտվան վերջերս Բելառուսի նկատմամբ դիմել էր Միջազգային քրեական դատարան, որպեսզի դատախազը զբաղվի Բելառուսում տեղի ունեցող հանցագործություններով, չնայած՝ Բելառուսը նույնպես ՄՔԴ անդամ պետություն չէ: Փախստականները գնացել են Բելառուսից Լիտվա, արդյունքում՝ Լիտվան դիմում է ներկայացրել, որպեսզի այդ ամենը հետաքննեն:

Մենք պետք է երեք պետություն հաշվի առնենք, որոնք հնարավորություն ունեն այդ խնդիրը բարձրաձայնելու՝ Ուրուգվայը, Կոստա Ռիկան, Ֆրանսիան: Այստեղ հարկավոր է, որ մեր դիվանագիտությունը և համայնքը պատկերացնեն, թե այս գործիքն ինչքանով է կարևոր: Արցախահայերի տեղահանությունը մեծագույն հանցագործություն է, և այն, որ այդ անձինք գտնվում են ՀՀ-ում, իրենք գտնվում են ՄՔԴ իրավազորության տակ: Երբ մենք խոսում ենք ֆրանսիացի մեր գործընկերների հետ՝ նրանք մեզ ասում են՝ գիտե՞ք՝ ձեր պետությունն ուզում է դիմումները հետ վերցնել, հիմա, եթե մենք դիմենք դատարան՝ ձեր կոչով, Սփուռքի պահանջով, ինչքանո՞վ օգուտ կտանք Հայաստանին՝ դիմում ներկայացնելով, միգուցե Հայաստանը չի՞ ուզում: Այստեղ ուղերձը պետք է շատ հստակ լինի»:

Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանն Ալիևի բոլոր պահանջները կատարի՝ փոխի Սահմանադրությունը, լուծարվի ԵԱՀԿ ՄԽ-ն, միջազգային ատյաններից հայցերը հետ կանչվեն, այս իրավիճակում Արցախի հարցը հետագայում լուծել հնարավոր լինելո՞ւ է, թե՞ հարցը մեկընդմիշտ փակվելու է, նա պատասխանեց՝ հարցը փակվելու է.

«Դա աբսուրդ է: Եթե այդ ամենն անենք, ոչինչ էլ չենք ունենա: Եթե այդ ամենից հրաժարվենք, մենք իրավաբանորեն չենք կարողանա ապահովել Արցախից տեղահանվածների վերադարձն իրենց բնօրրան: Կստացվի, որ իրենք չեն տեղահանվել, ինքնակամ գնացել են, իրենց նկատմամբ ո՛չ բռնություն է եղել, ո՛չ խոշտանգումներ են եղել, ո՛չ սպանություն է եղել, ո՛չ հոգեբանական, պատերազմական գործողություն է իրականացվել, մարդիկ պարզապես չեն ուզել ապրել այդ տարածքում և որոշել են դուրս գալ: Աբսուրդ է, այդպես չէ»:

Նա շեշտեց՝ Հայաստանը պետք է իրավական պատերազմը շարունակի. «Մենք ունենք բազմաթիվ պահանջներ, որոնք կարող ենք տարբեր ինստիտուտներով բարձրաձայնել: Հասկանում եմ, որ ռեսուրսների պակաս ունենք: Սփյուռքում ունենք այդ ռեսուրսը, բայց արդեն քանի տարի Սփյուռք և պետություն համագործակցությունը տեղի չի ունենում:

Մեկ իրավաբանը Սփյուռքում, որն ինքնակամ գործողություն է կատարում ՀՀ շահերի համար, դառնում է թիրախ թուրքական և ադրբեջանական համայնքների համար, և այդ անձի անվտանգությունը դրվում է հարցականի տակ: Ես կասկածում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն այդ անձին պաշտպանելու նպատակով որևէ գործողություն կիրականացնի: Ադրբեջանում հակառակն է:

Մեր անհատ իրավաբանները, ովքեր պատկերացնում են՝ ինչպիսի իրավական գործիքակազմ կարելի է օգտագործել կազմակերպությունների նկատմամբ, որոնք համագործակցում են Ադրբեջանի հետ, կամ պետությունների դեմ, որոնք աջակցում կամ ֆինանսավորում են Ադրբեջանին Արցախում որևիցե ֆինանսական կամ տնտեսական նպատակներով գործողություն անելու համար, կամ նույն համընդհանուր իրավազորության վերաբերյալ գործողությունները, պետությունն ու Սփյուռքը դրա վերաբերյալ չեն խոսում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս