
«Ո՞ւր է 2019 թվականի բանակցային առաջարկը, սա գոնե ձեր օրոք է եղել, ինչո՞ւ չի հրապարակում». Հայկ Մամիջանյան
«Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը ՔՊ խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց մի առաջարկ, որից, ինչպես ինքը ներկայացրեց՝ Ադրբեջանը տարբերակ չունի հրաժարվելու, և 2 խոսքով ներկայացրեց առաջարկը»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե այստեղ նույնպես մանիպուլյացիաների տեղ չթողներ։
Ներկայացնելով, Հայկ Մամիջանյանն ասաց՝ ակնկալում է, որ Փաշինյանը կպարզաբանի, թե այդ առաջարկն իրենից ինչ է ներկայացնում։
«Եթե Ադրբեջանի արևմտյան համայնքների և Նախիջևանի կապը պատկերացնում է Իջևանի հատվածում՝ երկաթգծային, դա մեկ պատմություն է։ Բայց եթե այդ առաջարկը, որն արդեն իսկ ուղարկվել է Ադրբեջանին, ներառում է Մեղրիի միջով երկաթգծային կապը, սա շատ մեծ ռիսկեր է իր մեջ պարունակում, որի մասին բազմիցս խոսել է թե՛ Խոսրով Հարությունը, թե՛ մեր շատ գործընկերներ։
Հիմա բացատրեմ մեր քաղաքացիների համար, որովհետև այդ պարագայում Ադրբեջանը հնարավորություն ունի, քանի որ երկաթգծի ահռելի հատված անցնում է Ադրբեջանի տարածքում՝ Երասխ-Մեղրի պարագայում, ու շատ փոքր հատված անցնում է ՀՀ հատվածով, Ադրբեջանը հնարավորություն ունի մաքսատուրքերի կամ վճարների, անցման վճարների միջոցով ստեղծել անբարենպաստ միջավայր, որպեսզի այդ ուղին անցանելի չլինի տնտեսական տեսանկյունից։ Անհրաժեշտ է, որպեսզի Փաշինյանը դրա վերաբերյալ պարզաբանումներ տա»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Նա նաև հարց ուղղեց իշխանություններին՝ ինչո՞ւ չեն հրապարակում բանակցային փաթեթները։
«Ժողովո՛ւրդ ջան, բա ո՞ւր մնաց բանակցային փաթեթների հրապարակումը, մեկ ասում եք՝ չենք կարողանում գտնել, համակարգել, չնայած այդ ամենը համակարգված է, ու տեղերն էլ դուք շատ լավ գիտեք։ Մասնավորապես՝ 2019 թվականի համանախագահների առաջարկը, որը ժողովուրդն անվանում է «Լավրովի առաջարկ», ո՞ւր է, դա գոնե ձեր օրոք է եղել, ձեզ է ներկայացվել, ու դուք եք դրանից հրաժարվել։ Ինչո՞ւ չի հրապարակում, սա առաջացնում է շատ հիմնավոր կասկածներ, որոնց մասին կխոսեմ հետագայում»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում