«Ալիևը պահանջում է, որ ՀՀ ամբողջ բնակչությունը գնա ընտրատեղամաս և հրաժարվի Արցախից». Աննա Կարապետյան
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը թվարկել է, թե որոնք են խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտները: Դրանցից առաջինը, նրա խոսքով՝ վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը, որն Ադրբեջանը պահանջում է փոխել: Երկրորդ խոչընդոտը, ըստ Ադրբեջանի փոխարտգործնախարարի, այն է, որ Հայաստանի ներկայացուցիչները տարբեր դիրքորոշումներ ունեն՝ չմանրամասնելով, թե ինչի մասին է խոսքը: Նիկոլ Փաշինյանն արձագանքել է այս հայտարարությանը՝ ընդգծելով, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանն ընդգծեց՝ Ադրբեջանն անընդհատ առաջ է քաշում տարբեր նախապայմաններ, պահանջներ, իսկ Հայաստանի իշխանությունները կա՛մ բավարարում են այդ պահանջները, կա՛մ առնվազն չի բացառում դրանց կատարումը:
«Նիկոլ Փաշինյանը, թեպետ հիմա հակադարձում է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, բայց վերջերս «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երեք կետերն էլ իր համար ընկալելի, ընդունելի են: Նիկոլ Փաշինյանն ինչ-որ հրաշքով հավատում է, որ կառուցված պատը կամ փշալարը պաշտպանելու են Հայաստանին Ադրբեջանից, կամ Ադրբեջանը ցանկություն չի ունենալու նոր ագրեսիայի: Իսկ Սահմանադրության հետ կապված՝ բազմիցս հայտարարել է, որ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, և ՍԴ-ն էլ որոշի, որ այն հակասում է Սահմանադրությանը, ժողովուրդը կընտրի՝ պայմանագի՞րը, թե՞ Սահմանադրությունը»,- ընդգծեց նա՝ հիշեցնելով՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է՝ չունի վստահություն, որ խաղաղության պայմանագրի առկայությունը երաշխավորելու է Հայաստանին անվտանգություն կամ կանխելու է նոր պատերազմները, ապահովելու է խաղաղություն:
Հարցին՝ եթե խաղաղության պայմանագրի սկզբնական 5 կետերը դարձան 17-18, հնարավո՞ր է՝ առաջիկայում նոր կետեր էլ ավելանան, քանի որ Ադրբեջանի պահանջները չեն դադարում, նա պատասխանեց.
«Մեր ողբերգությունն այն է, որ Ադրբեջանի համար խնդիրն այդ կետերը պայմանագրում ներառելը չէ. Ադրբեջանը պայմանագրի բանակցություններին զուգահեռ՝ իր համար տարբեր հարցեր է լուծում՝ դեմարկացիայի անվան տակ Հայաստանին պարտադրում է զիջումներ և ստանում այնպիսի դիրքեր, որոնք նոր ագրեսիայի պարագայում իրեն առավելություն են տալու արդեն ՀՀ տարածքի նկատմամբ: Ադրբեջանի համար ոչ այնքան առաջնային է այդ պայմանագրի ստորագրումը, որքան այդ գործընթացի առկայությունը, որ մի կողմից՝ իրեն հնարավորություն է տալիս արտաքին խաղացողներին ներկայացնել իր կառուցողականությունն ու դրա դիմաց ստանալ դիվիդենտներ, մյուս կողմից՝ այդ գործընթացը որքան շարունակվում է, այնքան ՀՀ իշխանություններից Ադրբեջանը ստանում է նորանոր զիջումներ, հետևաբար, այս գործընթացը կարող է անվերջ շարունակվել»:
Անդրադառնալով պրոիշխանական փորձագետների այն թեզերին, թե Թուրքիան կարող է ճնշել Ադրբեջանին՝ ի վերջո ստորագրել խաղաղության պայմանագիրը, նա հետևյալն ասաց. «Ավելի իրատեսական է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ճնշեն Փաշինյանին ստորագրելու ոչ թե 15, այլ 30 կետանոց պարտավորություն: Որքան էլ այսօր ՀՀ իշխանությունը փորձում է ձևացնել, թե Թուրքիայի հետ առանց նախապայմանի երկխոսություն են վարում, բոլորի համար ակնհայտ է, որ հայ-թուրքական երկխոսությունն ուղղակորեն կախված է նրանից, թե որքանով է Հայաստանը կատարում Ադրբեջանի պահանջները»:
Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե Ադրբեջանն Արևմտյան Ադրբեջանի մասին խոսում է, որովհետև Հայաստանում խոսում են Արևմտյան Հայաստանի մասին, իսկ ըստ Ալեն Սիմոնյանի՝ Բաքուն «Արևմտյան Ադրբեջան»-ի օրակարգն առաջ է մղում՝ ի պատասխան արցախցիների վերադարձի մասին Հայաստանի և միջազգային հանրության հայտարարությունների: Հայաստանի իշխանությունները ոչ թե պատասխանում են Ալիևին, այլ բացատրում, թե նա ինչու է նման պահանջներ ներկայացնում:
Աննա Կարապետյանը նկատեց՝ այս գործընթացից պետք է սպասել այն, որ Ադրբեջանն այնքան հետևողական է աշխատանք տարել, որ անհեթեթ թվացող թեզերը դարձել են միջազգային հանրության, ՀՀ իշխանությունների համար ընկալելի, իսկ հետո ՀՀ իշխանությունների կողմից տարվող քարոզչության հետևանքով՝ ՀՀ բնակչության համար ընկալելի. «Ալեն Սիմոնյանը ճիշտ է ասում, որ Արևմտյան Ադրբեջանի թեզն ի սկզբանե դաշտ է բերվել, որպեսզի ՀՀ-ն առաջ չքաշի արցախահայության վերադարձի խնդիրը, բայց այստեղ կա մի լուրջ խնդիր. ՀՀ իշխանությունն այս ընթացքում պետք է միջազգային հանրության համար ընկալելի դարձներ, որ դրանք իրար համազոր հարցեր չեն, որովհետև արցախահայության վերադարձի հարցն այդ մարդկանց անքակտելի խախտված իրավունքն է, որը մինչև չվերականգնվի, հակամարտության կարգավորման, կայուն խաղաղության, խաղաղ գոյակցության մասին խոսելն անիրատեսական է:
Մյուս կողմից՝ ինչպես Ադրբեջանն ունի կառույցներ, որոնք Արևմտյան Ադրբեջանի շահերն են ներկայացնում, միջազգային ատյաններին նամակներ են հղում, կոնֆերանսներ են կազմակերպում, միջազգային տարբեր դերակատարներին ներգրավում են այդ ամենի մեջ, այնպես էլ ՀՀ իշխանությունները պետք է ունենային կառույցներ, որոնք կպահանջեին, որպեսզի հայերի՝ Բաքու, Սումգայիթ և Ադրբեջանի այն բոլոր քաղաքներ ու բնակավայրեր, որտեղ հայերը տարիներ շարունակ ապրել են, վերադարձի հարցը հետապնդվեր: Որպեսզի միանշանակ լիներ, որ արցախահայության վերադարձի հարցն առանձին հարց է, փախստականների վերադարձի հարցն՝ առանձին»:
Նա շեշտեց՝ Ադրբեջանը չի բավարարվում խաղաղության պայմանագրում ինչ-որ կետերի փոփոխությամբ. «Ադրբեջանը պահանջում է, որպեսզի պատասխանատվություն ստանձնի ոչ թե ՀՀ օրվա իշխանությունը, այլ ամբողջ հայ ժողովուրդը: Սահմանադրության փոփոխության հարցը չի դրվում, որովհետև Ադրբեջանին նեղում է, որ մեր Անկախության հռչակագրում կան կետեր, որոնք իր կողմից ընկալվում են՝ որպես տարածքային հավակնություններ, այլ այն հարցն է դրվում, որ ամբողջ ՀՀ բնակչությունը գնա ընտրատեղամաս և քվեարկի, ասելով, որ հրաժարվում է Արցախի նկատմամբ իր իրավունքներից: Երբ այդ հանրաքվեն իրականացվի, արդեն միջազգային հանրությանը ոչինչ ցույց տալ չենք կարող»:
Նա հավելեց՝ ՀՀ իշխանությունները շատ են խոսում ինքնիշխանության մասին, բայց իրականությունն այն է, որ հետևողականորեն կորցնում են ՀՀ ինքնիշխանությունը. «Փաշինյանի ձեռամբ Հայաստանը դառնում է տարբեր ուժային կենտրոնների կամակատարը, անընդհատ փոխվում է վեկտորը, թե որ ուժային կենտրոնի կամակատարն է Հայաստանն այդ պահին: Այս ամենի համատեքստում, Թուրքիայի ամրապնդման համատեքստում Հայաստանի համար վտանգները գնալով մեծանում են, և որևէ լավատեսական կանխատեսումներ անելն այսօր շատ բարդ է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում