Ջերմուկի դիրքերի պահպանումն Ադրբեջանի համար ապագա ռազմական հաշվարկի նշանակություն ունի. Շիրազ Խաչատրյան

Սեպտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանելով Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական բազայի հանել-չհանելու հարցին, նշել է.

«Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական բազան իրեն պետք չէ, մենք կհեռանանք թեկուզ վաղը։ Բայց Հայաստանը դրան պատրա՞ստ է։ Խնդրեմ։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ ռուսական ռազմական ներկայություն լինի, մենք կմնանք, կաշխատենք և կհամագործակցենք»:

Արդյո՞ք Ռուսաստանին պետք չի Հայաստանում ունենալ բազա, և, ենթադրենք, ռուսական բազան դուրս բերվեց, ի՞նչ են կորցնելու կողմերը՝ հաշվի առնելով, որ ռուսական կողմը պահում է հայ-թուրքական և հայ-իրանական սահմանը: Այսինքն, ՀՀ-ում ռուսական բազայի առկայությունն արդյո՞ք Ռուսաստանի համար Հարավային Կովկասում մնալու կարևոր գործոն չէ:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ։

Կարդացեք նաև

 – Ես կարծում եմ՝ այստեղ պետք է մի քանի բան իրարից տարանջատել։ Պարզ է, որ Գյումրու ռազմաբազան Ռուսաստանի համար Հարավային Կովկասում մնալու կարևոր գործոն է տարածաշրջանում ֆիզիկական ռազմական ներկայություն ունենալու, ընդհանրապես, այն իր ազդեցությունը պահպանելու հնարավորություն է։ Բայց մյուս կողմից՝ այսօր իրավիճակը նույնը չէ, ինչ մի քանի տարի առաջ։

Ռուսաստանի հնարավորություններն ու առաջնահերթությունները փոխվել են՝ առաջին հերթին Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Այդ իմաստով չեմ կարծում, որ Ռուսաստանն այսօր այնպիսի վիճակում է, որ ամեն գնով պետք է պահի Հայաստանում իր ռազմաբազան։ Պուտինի ասածի մեջ, հետևաբար, որոշակի անկեղծություն կա՝ եթե Հայաստանը որոշի, որ ռուսական ռազմաբազայի կարիքն այլևս չունի, Ռուսաստանը կարող է գնալ այն հանելու քայլին։

Բայց այստեղ նաև շատ հստակ քաղաքական ազդանշան կա Հայաստանին ուղղված՝ եթե ռուսական ներկայությունն այլևս անհրաժեշտ չեք համարում, ապա ի՞նչ անվտանգության համակարգով եք դրան փոխարինելու։ Որովհետև ռուսական ներկայությունն արդեն իսկ կրճատվել է. ռուսները նախ դուրս եկան Արցախից, ռուս սահմանապահները դուրս են եկել նաև Հայաստանի որոշ հատվածներից՝ Սյունիք, Տավուշ, որտեղ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո, հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների անցակետային հատվածներում հայկական կողմն արդեն ինքն է իրականացնում համապատասխան գործառույթները։ Մասնավորապես, ռուս սահմանապահները հեռացել են հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետից և Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցակետից:

Հետևաբար, այսօր հարցը միայն բազայի առկայությունը կամ բացակայությունը չէ, այլ այն, թե Հայաստանի և Ռուսաստանի միջև ինչ նոր անվտանգության և ռազմաքաղաքական հարաբերություններ են ձևավորվելու։ Իմ կարծիքով՝ Ռուսաստանն այս փուլում հենց դա է փորձում հասկանալ։ Հայաստանի հետ հարաբերությունները ինչպես են շարունակվելու՝ տնտեսական, անվտանգային և ռազմաքաղաքական առումներով, և հատկապես՝ Հայաստանի՝ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումն ինչ սահմաններ է ունենալու։

Գյումրիի ռազմաբազայի հարցն այս ավելի լայն վերաձևավորման մի մասն է։ Պետքէ  նաև նշենք, որ եթե Ռուսաստանն իսկապես դուրս գա Գյումրիից, երկու կողմն էլ կորուստներ կունենան։ Հայաստանի համար դա կնշանակի գործող անվտանգության մեխանիզմի կարևոր բաղադրիչի կորուստ։ Եթե դրան անմիջապես չհետևի համարժեք այլընտրանք, կարող է առաջանալ անվտանգության որոշակի բաց։

Ռուսաստանի համար կորուստն ավելի լայն կլինի, նա կկորցնի Հարավային Կովկասում իր վերջին կարևոր ռազմական հենակետերից մեկը և, ըստ էության, կթուլացնի տարածաշրջանում իր ֆիզիկական ներկայությունը։ Այդ պատճառով ես չեմ կարծում, որ Մոսկվան ինքնակամ և հեշտությամբ կգնա այդ քայլին։

Այսպիսով, Պուտինի հայտարարությունն այս պահին ավելի շատ բանակցային ազդանշան է, Ռուսաստանը փորձում է հասկանալ՝ Հայաստանի հետ հարաբերությունների նոր սահմանը որտեղ է լինելու, և ինչ գնով է ինքը պատրաստ շարունակել իր ներկայությունը տարածաշրջանում։ Իսկ Հայաստանի համար հիմնական հարցը ոչ այնքան՝ «ռուսները կմնա՞ն, թե՞ կգնան» է, որքան՝ եթե գնան, անվտանգության ի՞նչ համակարգով ենք մենք այդ բացը լրացնելու։

– Սեպտեմբերի 1-ին Պուտինը հանդիպել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Պուտինը նշել է, որ Թուրքիան Ռուսաստանի արտոնյալ գործընկերներից է թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ տնտեսության ոլորտում։ Իր հերթին՝ Էրդողանը հավելել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները հասել են չափազանց բարձր մակարդակի՝ նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ։ Ի՞նչ հարցեր են հարթվել, ի՞նչ խնդիրներ դեռ կան այսօր Մոսկվա-Անկարա հարաբերություններում: Այս համատեքստում չանտեսենք նաև Մոսկվա-Բաքու հարաբերությունները:

– Կարծում եմ՝ Էրդողանի հնչեցրած գնահատականը պետք է մի փոքր հարաբերական դիտարկել։ Իրականում այս հարաբերություններում եղել են նաև ավելի բարձր փուլեր, և այսօր խոսքը ոչ թե այն մասին է, որ բոլոր խնդիրները վերացել են, այլ այն, որ երկու երկրները կարողացել են տարբեր տարաձայնությունների պայմաններում հարաբերությունները պահել ինչ-որ մակարդակի վրա։

Այսօր այդ հարաբերությունների հիմնական հենասյուներն էներգետիկան է, առևտուրը, զբոսաշրջությունը, տրանսպորտը և հատկապես՝ «Աքքույու» ատոմակայանը։ Այսինքն՝ բավական խորը տնտեսական և էներգետիկ փոխկապվածություն է ստեղծված։ Այսօր Էրդողանը չի փորձում ընտրություն կատարել Ռուսաստանի և Արևմուտքի միջև։

Նա փորձում է երկուսի հետ էլ հարաբերություններ ունենալ և այդ հարաբերությունները միմյանց նկատմամբ որպես լծակ օգտագործել։ Թուրքիայի համար Ռուսաստանը կարևոր է, բայց Թուրքիան չի ցանկանում հայտնվել Ռուսաստանի ազդեցության գոտում, ինչը չի կարելի ասել հակառակ մասով, քանի որ Ռուսաստանը Թուրքիայի կարիքն ունի՝ հատկապես Ուկրաինայի պատերազմի և արևմտյան սահմանափակումների պայմաններում, երբ Թուրքիան դարձել է Ռուսաստանի համար կարևոր տնտեսական, էներգետիկ և դիվանագիտական գործընկեր։

Բայց այդ ամենով հանդերձ, խնդիրները մնում են։ Ռուսաստանն ու Թուրքիան մրցակիցներ են Սիրիայի, Լիբիայի, Սև ծովի, Հարավային Կովկասի և մի շարք այլ ուղղություններում։ Հատկապես Հարավային Կովկասում Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության աճը Ռուսաստանի համար լուրջ մարտահրավեր է։ Անկարան այսօր շատ ավելի ակտիվ է տարածաշրջանում, իսկ Բաքվի հետ ռազմաքաղաքական և տնտեսական կապերը խորանում են։

Ուստի Մոսկվան Թուրքիայի հետ հարաբերություններում միաժամանակ և՛ համագործակցում է, և՛ փորձում է սահմանափակել այն գործընթացները, որոնք կարող են իր դիրքերը թուլացնել։ Նույն տրամաբանությամբ պետք է դիտարկել նաև Մոսկվա-Բաքու հարաբերությունները։ Այստեղ վերջին շրջանում հարաբերությունները դարձել են ավելի բարդ, բայց դա չի նշանակում, որ կողմերը հրաժարվում են երկխոսությունից։ Ադրբեջանն ավելի ինքնուրույն արտաքին քաղաքականություն է վարում և միաժամանակ խորացնում է Թուրքիայի հետ ռազմավարական կապերը, իսկ Ռուսաստանը փորձում է պահպանել իր տնտեսական, քաղաքական և տարածաշրջանային ազդեցությունը՝ չգնալով Բաքվի հետ բաց հակադրության։

ՀՀ կառավարության նոր՝ 2026-2031թթ. ծրագրում Ռուսաստանի Դաշնությունն այլևս չի հիշատակվում որպես «ռազմավարական դաշնակից», այլ՝ որպես գործընկեր:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանելով այս փոփոխությունը՝ պարզաբանել է, որ «Ռուսաստանն իրավական, քաղաքական, տնտեսական առումներով Հայաստանի համար ավելին է, քան ռազմավարական գործընկերը», որ «ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, և սա ավելին է, քան ռազմավարական գործընկերը»:

Միրզոյանն այս համատեքստում հիշեցրել է նաև, որ Հայաստանը Ռուսաստանի հետ տնտեսական ինտեգրացիոն նույն տարածքում է՝ ԵԱՏՄ-ում, ԱՊՀ անդամ ենք, և թեև Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բայց ունի երկկողմ պայմանագրեր և պարտավորություններ, որոնք Հայաստանին և Ռուսաստանին դարձնում են դաշնակիցներ նաև պաշտպանական ոլորտում:

Ըստ Ձեզ՝ իրականում Հայաստանը Ռուսաստանին որպես ի՞նչ է տեսնում, և հակառակը՝ ի՞նչ է Հայաստանի ուզածը, ինչին համաձայն չէ Ռուսաստանը, եթե հաշվի առնենք Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է հարմարեցնել այսօրվա իրողություններին՝ այլևս ղարաբաղյան կոնֆլիկտի էջը փակված է:

Եթե նախորդ դիտարկումներիս մեջ նշեցի, որ այս փուլում ավելի շատ Ռուսաստանն է ուզում հասկանալ, թե տարածաշրջանում ինչպես կարող է դիրքավորվել Երևանի, Բաքվի հետ նոր տարածաշրջանային վերաձևումների պայմաններում, ապա այստեղ հայկական կողմի ասելիքն այնքան էլ հստակ չէ, անհասկանալի է։

Քաղաքական առումով ամենամեծ խնդիրն այն է, որ հայկական կողմը դեռ ամբողջությամբ չի ձևակերպել՝ ինչպիսին պետք է լինեն երկկողմ «նոր» հարաբերությունները։ Ասվում է՝ Ռուսաստանը դաշնակից է, բայց միաժամանակ ասում են՝ նախկին մոդելն այլևս չի գործում։ Ասվում է՝ հարաբերությունները պետք է խորացնել, բայց նաև շարունակվում է ԵՄ-ին ինտեգրման գործընթացը։

Ասվում է՝ ՀԱՊԿ-ի վերադարձի հեռանկար չենք տեսնում, բայց Ռուսաստանը շարունակում է մնալ «դաշնակից», ու այդպես շարունակ։ Կիսատ-պռատ ձևակերպումներով երկարաժամկետ արտաքին քաղաքականություն չես կառուցի։ Հայաստանը պետք է հստակեցնի՝ Ռուսաստանից ինչ է ուզում, ինչն է պատրաստ պահպանել, և որտեղ է սահմանն այն հարաբերությունների, որոնք այլևս չի ցանկանում շարունակել նախկին տրամաբանությամբ։

Ի վերջո, հայկական կողմի հիմնական քաղաքական խնդիրը ոչ թե Ռուսաստանի կամ Արևմուտքի միջև ընտրություն կատարելն է, այլ սեփական ռազմավարությունը վերջնականապես ձևակերպելը, որը չի երևում։ Հակառակ դեպքում թե՛ Մոսկվան, թե՛ արևմտյան գործընկերները տարբեր ձևերով կարող են մեկնաբանել Երևանի քայլերը, իսկ Հայաստանը կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ բոլորը հասկանում են, որ փոփոխություն է տեղի ունենում, բայց ոչ ոք հստակ չգիտի՝ այդ փոփոխության վերջնական նպատակը որն է։

Եվ վերջում մի կարևոր դրվագի անդրադառնանք: Պարզ է՝ Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենը պատրաստ է հանձնել Ադրբեջանին: Վերջերս լրագրողների հետ ճեպազրույցում նա «հիմնավորեց»՝ ինչու չի ճանաչում Տիգրանաշենի հայապատկան լինելը՝ նշելով. «Եթե մենք էսօր չասենք Քյարքի, ուրեմն՝ կհրաժարվենք Ջերմուկի օկուպացված տարածքներից, որովհետև առաջ է գալիս սկզբունք` ինչ գրավել է՝ իրանն է»: Ինչո՞ւ է Փաշինյանը Տիգրանաշենը խաղարկում Ջերմուկի օկուպացված տարածքների հետ, և արդյո՞ք եթե Տիգրանաշենը հանձնվեց, Ադրբեջանը դուրս է գալու Ջերմուկից: Այսինքն, ինչո՞ւ այն չի խաղարկում Արծվաշենի հետ, այլ՝ Ջերմուկի հետ է արվում, ի՞նչ մանիպուլյացիա կա այստեղ:

– Այստեղ ես առաջին հերթին աբսուրդ եմ համարում այն տրամաբանությունը, որով փորձում են հանրությանը համոզել, թե Հայաստանի այս կամ այն բնակավայրի հայկական անվանումը կարող է ինքնաբերաբար որոշել՝ Ադրբեջանը դուրս կգա՞, թե՞ ոչ իր օկուպացրած տարածքներից։ Քաղաքական առումով տգիտություն է նաև, որովհետև Տիգրանաշենի և Ջերմուկի շուրջ ստեղծված իրավիճակները նույնական չեն։

Փաշինյանի վերջին հայտարարությունն էլ ավելի շատ վերաբերում է հերթական զիջումների տրամաբանությանը, ոչ թե նրան, որ Տիգրանաշենը հանձնելու դիմաց Ադրբեջանը պարտադիր դուրս է գալու Ջերմուկից կամ մեկ այլ տարածքից։ Իսկ ամենակարևոր հարցն այն է՝ կա՞ որևէ երաշխիք, որ եթե Հայաստանը Տիգրանաշենը զիջի, Ադրբեջանը դուրս է գալու Ջերմուկի ուղղությամբ իր զբաղեցրած դիրքերից։ Ես նման երաշխիք այս պահին չեմ տեսնում։ Եվ հենց այստեղ է խնդրի քաղաքական վտանգը։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ադրբեջանական ուժերը ներխուժել էին Հայաստանի ինքնիշխան տարածք, այդ թվում՝ Ջերմուկի ուղղությամբ, և հայկական պաշտոնական աղբյուրներն այդ տարածքները հենց որպես օկուպացված էին ներկայացնում։

Այդ պատճառով էլ զավեշտ է, թե ինչու է հայկական իշխանությունը որպես հակակշիռ ընտրում հենց Տիգրանաշենը, այլ ոչ, օրինակ, Արծվաշենի հարցը։ Եթե իսկապես գործում է «փոխադարձ զիջումների» սկզբունքը, ապա քաղաքական բանակցության մեջ պետք է դրվեն բոլոր նմանատիպ հարցերը և ոչ թե՝ առանձնացվի այն տարածքը, որի շուրջ հայկական կողմն ինքն է պատրաստ զիջման գնալ։

Եթե ամեն նոր փուլում հայկական կողմը նախապես հայտարարում է, թե ինչ տարածք է պատրաստ զիջել խաղաղության կամ սահմանազատման համար, իսկ դրա դիմաց Ադրբեջանի կոնկրետ քայլը մնում է անորոշ, ապա դա հավասար բանակցություն չէ։ Եվ դրա համար էլ այս ամենը վաղուց վերածվել է մի գործընթացի, որտեղ հայկական կողմը շարունակաբար զիջումներ է անում՝ հույս ունենալով, որ դրանից հետո Ադրբեջանը կսահմանափակի իր պահանջները։ Հատկապես մտահոգիչ է դա Ջերմուկի պարագայում, որովհետև 2022-ի գործողությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական առաջխաղացումը միայն սահմանային փոքր դիրքերի հարց չէր։

Ջերմուկի ուղղությունը ռազմական և հաղորդակցության առումով ռազմավարական նշանակություն ունի՝ Վայոց ձորը և Սյունիքը Հայաստանի այլ մարզերից կտրելու առումով։ Հետևաբար՝ այդ դիրքերի պահպանումը Ադրբեջանի համար կարող է ունենալ ոչ միայն այսօրվա, այլ նաև ապագա ռազմական հաշվարկի նշանակություն։ Եվ ես չեմ հավատում այն պարզ բանաձևին, թե «Տիգրանաշենը տանք, և Ադրբեջանը Ջերմուկից կամ մեկ այլ վայրից դուրս կգա»։ Ի վերջո, խնդիրը նույնիսկ Տիգրանաշենը չէ։

Խնդիրն այն քաղաքական տրամաբանությունն է, որով Հայաստանի տարածքային հարցերը ներկայացվում են՝ որպես խաղաղության համար վճարվելիք գին։ Իմ կարծիքով՝ դա արդեն վաղուց ձևակերպված վտանգավոր ճանապարհ է, որով մենք արագ տեմպերով գահավիժում ենք անդունդ։

 Հ.Գ. Հարցազրույցը պատրաստ էր, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հայտարարությանը՝ նշելով.

«Ռուսական ռազմաբազայի հետ կապված քննարկում չի եղել: Մենք այս ընթացքում ոչ մի անգամ ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ բազայի հարցը չենք բարձրացրել: Բայց այնպես էլ չի, որ մենք համարում ենք՝ ՀՀ տարածքում 102-րդ ռազմաբազայի ներկայությունը կենսական անհրաժեշտություն է: Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան ՀՀ-ից, մենք չենք առարկի: Բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել: Բայց մենք երբեք այս ընթացքում այդ հարցերը չենք բարձրացրել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930