Երբ Պաշտպանական վերանայման գործընթաց էինք իրականացնում, փորձագիտական խմբում ընդգրկված են եղել ռուսական և արևմտյան բանակների գեներալներ, մեկ անգամ նույնիսկ՝ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալը. Սեյրան Օհանյան

Հուլիսի 15-ից Հայաստանում մեկնարկել է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որին ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը տևելու է մինչև հուլիսի 24-ը:

Ցանկացած զորավարժության անցկացումը կամ դրան մասնակցությունը՝ լինի խաղաղապահ թե ոչ խաղաղապահ, ՀՀ զինված ուժերի համար օգտակար է: Այլ հարց է, որ իշխանամերձ փորձագետները չափազանցնում են դրանց դերակատարությունը, բացառիկության ֆոն հաղորդում, իսկ ընդդիմադիր որոշակի հատված հայ-ամերիկյան զորավարժությունների շուրջ բացասական և մտահոգիչ տրամադրություններ է ստեղծում, հատկապես, երբ ՌԴ և ՀՀ պաշտպանության գերատեսչությունների միջև շփումների դինամիկան նկատելիորեն նվազել է, իսկ փոխարենը լսում ենք ՀՀ ՊՆ-ում ԱՄՆ ներկայացուցչի աշխատելու մասին տեղեկությունը:

168.am-ը օրերս հերթական անգամ հիշեցրել է Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-ԱՄՆ պաշտպանական հարաբերությունների և համագործակցության պատմությունը, ուղղությունները:

Հիշեցրել էինք 2010 թվականին «Մեդիամաքսին» տված ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Սելեստա Ուոլանդերի հարցազրույցը, որտեղ նա, մասնավորապես, շեշտել էր. «Երբ երկրներն ունեն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագիր, Միացյալ Նահանգները փորձում են սատարել դրան՝ երկկողմ հարաբերություններում սիներգիա որոնելու եղանակով»:

Կարդացեք նաև

Այսօր 168.am-ն այս թեմայի շուրջ զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:

– Մենք ունեցել ենք հայ-ամերիկյան ռազմական հարաբերություններ, և այդ հարաբերությունները եղել են ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի համատեքստում, խաղաղապահ միջազգային առաքելության շրջանակներում: Նշվածը հնարավորություն է տվել նաև եվրոպական առաջատար բանակների հետ համագործակցել, ինչն անդրադարձել է նաև ռազմական կրթության վրա, իր արտացոլանքն է գտել անհատական գործընկերության գործողությունների ծրագրում, ինչն օգտագործվել է մեր զինված ուժերի զարգացման տրամաբանության համատեքստում:

Հայ-ամերիկյան համագործակցության և աջակցության շրջանակում է, որ մենք ունեցել ենք խաղաղապահ գումարտակ, այնուհետև՝ խաղաղապահ ուժերի բրիգադ, ինչի միջոցով Հայաստանը ներկայացել է՝ որպես խաղաղապահ միջազգային առաքելության օրինակելի երկիր:

Ավելին, մենք նպաստել ենք նաև ՀԱՊԿ-ում խաղաղապահ ուժերի ձևավորմանը՝ և՛ կառուցվածքային, և՛ ծրագրային, և՛ ուսումնանյութական բազայի կատարելագործման ուղղությամբ (2015 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել էր ՀԱՊԿ շրջանակում ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի վրա հիմնված կազմակերպություն ստեղծել՝ խաղաղապահներ պատրաստելու նպատակով։- Մ.Պ.):

Այսինքն, մենք, լինելով ՀԱՊԿ անդամ, համագործակցություն ունենալով ՌԴ-ի հետ՝ որպես ռազմավարական գործընկեր, նաև համագործակցել ենք այլ երկրի բանակների հետ և նրանց առաջատար որոշ չափանիշներ օգտագործել մեր բանակի զարգացման համար:

Բացի դրանից, մեր ԶՈւ զարգացման ծրագրերը կազմելուց, կամ՝ երբ մենք Պաշտպանական վերանայման գործընթաց էինք իրականացնում (Strategic Defense Review-SDR), փորձագիտական խումբ է եղել, որի մեջ ընդգրկված են եղել հետխորհրդային, ռուսական և նաև արևմտյան բանակների բարձրաստիճան զինվորականներ, գեներալներ:

Նույնիսկ մեկ անգամ, երբ Պաշտպանական ռազմավարական վերանայումն էինք անում՝ 2014-2015 թվականներին, այդ փորձագիտական խմբի մեջ ընդգրկված է եղել նաև ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալ, որի հետ ես հանդիպել եմ ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ընթացքում, այդ ժամանակ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի հետ էլ էի հանդիպել, նաև՝ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի հետ: Այսինքն, համագործակցություն արևմտյան հավաքական հարթակի կամ թիմի հետ մենք ունեցել ենք:

ՀՀ Պաշտպանության նախարարությունում ԱՄՆ ներկայացուցչի աշխատելու փաստին ինչպե՞ս եք վերաբերվում, որքանո՞վ է այն նպատակահարմար՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ:

– Նախորդ ասածիս նախ հավելեմ, որ երբ մենք համագործակցել ենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակների հետ, փորձել ենք համադրել հետխորհրդային ռազմական տեսության և արևմտյան ռազմական տեսության պահանջները և ձևավորել մեր ազգային ռազմական տեսությունը, զարգացնել մեր բանակը: ՆԱՏՕ-ի հետ համագործակցելիս փորձել ենք զարգացնել մեր, մեր հրամանատարների ունակությունները՝ մասնակցելով տարբեր տիպի զորավարժությունների՝ ժամանակակից ռազմական օպերացիաներ պլանավորելու, բայց մենք զորավարժությունների ենք մասնակցել նաև ՀԱՊԿ շրջանակում:

Մենք հաշվի ենք առել տարածաշրջանային մի քանի իրողություն. ՆԱՏՕ-ի անդամ է նաև Թուրքիան, որը մեր տարածաշրջանում կարևոր դերակատարություն է ունեցել և ունի, երկրորդ՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ էր այն ժամանակ ձգտում նաև Վրաստանը, իսկ մենք համատեղ որոշակի գործողությունների և զորավարժությունների մասնակցություն ունենում էինք, որպեսզի մեզ համար համապատասխան հետևություններ անեինք՝ թե ՆԱՏՕ-ն, ՆԱՏՕ-ական զինուժն ի՞նչ նկրտումներ ունի մեր տարածաշրջանում: Այսինքն, մենք Հարավային Կովկասի պակաս կարևոր պետություն չէինք, և պետք է իմանայինք այդ համակարգը, մեր հարևան պետություններն ինչ նպատակ ունեին մեր նկատմամբ:

Ինչ վերաբերում է ՀՀ ՊՆ-ում ԱՄՆ բանակի մշտական ներկայացուցիչ ունենալուն, ապա դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ վերևում նշված միջոցառումների և ծրագրերի շրջանակում հնարավոր է բավարար փոխգործակցություն ապահովել:

Այստեղ ուզում եմ հիշեցնել Ռուսաստանի հետ ռազմական երկկողմ պայմանագրերի մասին՝ Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիր, որտեղ ՀՀ պարտավորությունների շրջանակում նշված է, մասնավորապես՝ «ինքնուրույն իրականացնել Միացյալ խմբավորման կազմի մեջ առանձնացված ՀՀ զորքերի (ուժերի) նյութատեխնիկական և ֆինանսական ապահովումը, ստեղծել և լրացնել նյութական միջոցների պաշարները մինչև համաձայնեցված չափաքանակները»:

Ինչ վերաբերում է Հայաստան-ՌԴ ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու մասին համաձայնագրին, ապա վերջինում նշվում է, որ Հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի (ուժերի) համատեղ գործողությունների կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը: Այսքանը:

Տեսանյութեր

Լրահոս