Եթե Իրանի հետ խնդիր լինի, տարածաշրջանն էլ հետը կայրվի․ թուրքագետը՝ սիրիական զարգացումների մասին

Լիբանանում հրադադարի ռեժիմի հաստատմանը զուգահեռ՝ ցնցվում է հրադադարը Սիրիայում․ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»՝ նախկին «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը գրոհել է Հալեպ և Իդլիբ։

Աշխարհաքաղաքական առկա իրողությունների համատեքստում մերձավորարևելյան այս զարգացումները, ըստ տարածաշրջանային փորձագետների, կանխատեսելի էին՝ հատկապես Ռուսաստանին և Իրանին թիրախավորելու տեսանկյունից։

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը 168am-ի հետ զրույցում ևս մատնանշեց այս հանգամանքը՝ նկատելով նաև, որ սիրիական զարգացումների վրա մեծապես ազդել են ԱՄՆ ընտրությունները, ընտրության արդյունքները։

«Ամենավտանգավոր ժամանակաշրջանն ընտրություններին հաջորդող երկու ամիսն է, որովհետև նախկին իշխանությունն այս երկու ամսում արդեն սանձարձակ կերպով փորձելու է անել՝ ինչ որ կարողանա։

Կարդացեք նաև

Այսօր արդեն տեսնում ենք, որ այդ քաղաքականությունն է առաջ տարվում, և ոչ միայն Սիրիայում ենք դրա ականատեսը լինելու, այլև, չի բացառվում, այլ տարածաշրջաններում ևս»,- պարզաբանեց Տիրան Լոքմագյոզյանը։

Թե ինչպե՞ս կազդեն Մերձավոր Արևելքի զարգացումները մեր տարածաշրջանի վրա՝ հարցադրմանն ի պատասխան՝ թուրքագետը նախ արձանագրեց, որ առկա իրողությունների շահառուն նաև Թուրքիան է՝ դրանից բխող հնարավոր հետևանքներով։

«Թուրքիան ոչ միայն միջնորդավորված՝ իր խմբավորումներով է ուզում մտնել Սիրիա, այլև ուղղակիորեն։ Եվ Սիրիայի խնդիրը կարող է մեծանալ, իսկ այդ խնդիրը միջազգային քաղաքականության խնդիր է, և այն կարող է վերաճել հակաիրանյան հարցի։

Ու եթե անգամ այս երկու ամսում Իրանի դեմ ինչ-որ բան չսկսվի, Թրամփի կառավարության ժամանակ հնարավոր են այդ հակաիրանյան քայլերը։ Թրամփը թերևս ցանկանում է Ուկրաինայում խաղաղություն հաստատել, բայց Իրանի դեպքում այդպես չի լինելու։ Գուցե այն մեծ հարվածն ու պատերազմը չլինի, ինչը նախատեսել էին դեռ գոյություն ունեցող ամերիկյան հին իշխանությունները, սակայն Իրանի հետ Թրամփը ևս խաղաղություն չի կնքի։ Իսկ եթե Իրանի հետ խնդիր լինի, տարածաշրջանն էլ հետը կայրվի»,- մանրամասնեց նա։

Ըստ Տիրան Լոքմագյոզյանի, սակայն, ամերիկյան նոր վարչակազմի դեպքում քաղաքական մոտեցումները կփոխվեն, և թուրքական նկրտումները՝ Մեծ Թուրանի ծրագրի տեսքով, հնարավոր է՝ սառեցվեն։

«Այդ առումով մենք գուցե մի քիչ հանգստանանք,- արձանագրեց թուրքագետը՝ հավելելով նաև, որ ամերիկյան ընտրություններն արդեն իսկ ազդել են ՀՀ ներքաղաքական գործընթացների վրա,- Այն, որ միանգամից հայաստանյան մի քանի նախարար փոխվեց, դա ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականության խնդիր էր։ Այսինքն՝ Հայաստանն էլ ինչ-որ ուղղություններ է մտցնում նոր քաղաքականության պայմանների ներքո»։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, Սիրիայում ռազմական գործողությունների սրման ֆոնին, Դամասկոսում հանդիպել էր Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ՝ աջակցություն հայտնելով նրան։ Իրանի արտգործնախարարը հաջորդիվ մեկնել է Թուրքիա՝ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը։

Տեսանյութեր

Լրահոս