Ամենահարուստ առևտրականը Հայաստանում

Մամուլը, հետաքննական լրահոսը ողողված է պետության կարիքների համար ապրանքների ու ծառայությունների ձեռքբերումը «մեկ անձից գնումների» եղանակով կատարելու մասին տեղեկություններով։

Սա կոռուպցիայի այն մեթոդն է, որով պետական գումարների ծախսն ու փոշիացումն ամենահեշտն է, չկան մրցույթներ, մրցութային թեկուզ ձևական ընթացակարգեր և ռիսկ, որ մրցույթին մասնակցող որևէ տնտեսվարող կարող է բողոքարկել ու բացահայտել՝ ինչպես է պետության կարիքների բավարարումը հանգեցնում որոշ պաշտոնյաների անձնական կարիքների բավարարմանը։

Օրենսդրությունը՝ իր բացերով ու սողանցքներով, տալիս է անհրաժեշտության դեպքում «մեկ անձից գնումը» հիմնավորելու հնարավորություններ, ինչն էլ պաշտոնյաներն օգտագործում են պետական փողերն իրենց նախընտրելի «մեկ անձի» միջոցով ծախսելու համար։ Սա Հայաստանում հաստատված ու համակարգային դարձած կոռուպցիայի բազմաթիվ, բայց ամենատարածված դրսևորումներից մեկն է, որն օգտագործելով՝ «ապապետականության դեմ» պայքարող իշխանությունը մսխում է հերոս հարկատուների միջոցները։

Պետական ծախսերի, տնտեսության ու փողերի աշխարհում տարածված այս երևույթը՝ «մեկ անձից գնման» ու դրա միջոցով կոռուպցիոն գումարներ աշխատելու սխեման, միայն առաջին հայացքից է սոսկ բյուրոկրատական արատ։ Իրականում այն ունի շատ խորը քաղաքական սկզբնաղբյուրներ և քաղաքական համակարգի մեծագույն արատի պրոյեկցումն է վարչարարության ու պետական փողերի ծախսման բնագավառում։ Այն տարբերությամբ, որ «մեկ անձից գնման» կոռուպցիոն մեխանիզմը «մեկ անձին վաճառելու» քաղաքական այլասերման հետևանքն է։ Հայաստանի իշխանական համակարգը կառուցված է «մեկ անձին վաճառելու» սկզբունքով։

Կարդացեք նաև

Իշխանական հիերարխիայում որևէ կարգավիճակ ունենալու համար բոլորը Նիկոլ Փաշինյանին ինչ-որ բան են վաճառում. Մեկը՝ արժանապատվություն, երկրորդը՝ ինքնուրույնություն, երրորդը՝ ծառայամտություն, բոլորը միասին՝ հպատակություն։

«Մեկ անձից գնման» ու «մեկ անձին վաճառքի» սխեմաների տարբերությունը տեխնիկական է առաջինի դեպքում իրականացվում է անիմաստ թղթաբանությամբ, երկրորդի պարագայում՝ առանց որևէ դավթարի, լուռ համաձայնությամբ, ու ըստ ամենայնի՝ ոչ կանխիկ եղանակով։ Քաղաքակիրթ ու ակադեմիական եզրաբանությամբ՝ դա կոչվում է քաղաքական կոռուպցիա, որն ամենևին պարտադիր չէ, որ դրամական արտահայտություն ունենա։ Քաղաքական կոռուպցիայի այս դրսևորման գինն իշխանությունն է՝ երկրի ներսում, և միջազգային կոռուպցիայով զբաղվելու հնարավորությունը՝ արտաքին հարաբերություններում։

Ներքին կյանքում «մեկ անձին վաճառքի» բանաձևը շատերին հնարավորություն է տալիս օգտագործել «մեկ անձից գնման» սկզբունքը և մոնետիզացնել անփաստաթուղթ առևտրից իրենց հասանելիքը։ Առևտրային այս աներևույթ ցանցում վաճառքի ու գնման խճճված հերթափոխության մեջ վաճառողների մեծ մասը չի էլ հասկանում, որ թիվ մեկ գնորդն իր հերթին՝ զբաղվում է վաճառքով, բայց նրա առևտուրն արդեն աշխարհաքաղաքական շուկայում է, վաճառքի առարկան էլ՝ պետությունը։ Ընդ որում, սա շատ ավելի անշառ ու անվտանգ զբաղմունք է, քան վաճառվող պետությանն ասֆալտ կամ համերգի լուսավորություն վաճառելը։

Վերջինի դեպքում վաճառող «մեկ անձը» կարող է ժամանակ առ ժամանակ բռնվել և զոհաբերվել ներքաղաքական քարոզչությանը, իսկ պետության վաճառքը, որպես կանոն, արժանանում է «կոռուպցիայի դեմ պայքարը» գնահատող միջազգային կառույցների բարձր գնահատականին։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս