Ինչ էլ լինի` հայկական շահերը կարող են վտանգվել, անորոշությունը մեծ է․ Արթուր Մարտիրոսյան
«Աշխարհում անորոշությունը մեծ է, հայկական կողմը պետք է դիտարկի բոլոր սցենարներն ու դրանցում առկա վտանգները»,- այս մասին այսօր «Վրաստանի, ԱՄՆ-ի ընտրությունների, ուկրաինական և Մերձավոր Արևելքի հակամարտությունների ազդեցությունը Հայաստանի անվտանգային իրավիճակի վրա» թեմայով աշխատաժողովի ընթացքում ասաց բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը
Նա նշեց, որ երբ նայում ենք աշխարհի քարտեզին, ամեն օր նոր իրադարձություններ ու մարտահրավերներ են գրանցվում, սակայն այդ «կծիկը քանդելու համար» հարկավոր է տեսնել, թե ինչ է տեղի ունենալու արտաքին քաղաքականության հետ ԱՄՆ-ում և ինչ է անելու Թրամփը։
«Շատերն ասում են, թե պարզ է՝ ինչ է անելու Թրամփը, բայց ես ասեմ, որ այսօր նույնիսկ Մարկ Ռուբիոն հստակ չգիտի, թե ինչ է տեղի ունենալու։ Մենք գիտենք, թե ինչ փորձեց անել Թրամփը 2016 թվականին, ինչ խոստումներով եկավ արտաքին քաղաքական առումով։ Ինչ-որ չափով չհաջողվեց նրան անել այն, ինչ խոստացել էր։ Թեև պարզ է նաև, թե ինչ մտադրություններ ունի և ինչ է ուզում անել։ Կարևոր է հասկանալ, թե ինչու չստացվեց իր մոտ»,- ասաց Մարտիրոսյանը, շարունակելով, որ նրա մոտ չհաջողվեց, որովհետև ամբողջ արտաքին քաղաքական իսթեբլիշմենթը դուրս էր եկել իր դեմ։
Նրա որակմամբ, Թրամփն իշխանության եկավ արտաքին քաղաքական այնպիսի քննադատություններով, որ դա անհանդուրժելի էր ոչ միայն ժողովրդավարական խմբի, այլև հանրապետականների համար։
Մարտիրոսյանը նշեց, որ կրկին ունենք Թրամփ, նա նորից հաղթեց, և պարզ է, որ իր հաղթանակի կարևոր մասը նաև արտաքին քաղաքականությունն էր, որն ԱՄՆ-ում ձախողված է։
Նա մատնանշեց, որ Միջին Արևելքում միակ երկիրը, որ շահեց ԱՄՆ քաղաքականությունից, դա Իսրայելն էր։
«ԱՄՆ-ում արտաքին քաղաքական հաջողություններ չկան, և պարզ չէ, թե այս բոլոր ուղղություններով ինչ է անելու Թրամփը։ Այդ անորոշությունը կա, հարց է ծագում, թե մենք ի՞նչ պետք է անենք։ Մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչ սցենարներ են հնարավոր։ Այն, որ արտաքին քաղաքականության իսթեբլիշմենթը և deep state-ը փորձելու է խոչընդոտել Թրամփի օրակարգին, դա ակնհայտ է։ Բայց ի՞նչ է անելու Թրամփն Ուկրաինայի հարցում։
Ինձ չի թվում, որ Թրամփն ինչ-որ մեկի խորհրդի պակասն ունի, ինքը հետևելու է ԱՄՆ շահերին և տնտեսական շահերին այդ հարցերում, լինելով օպորտունիստ»,- բացատրեց բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։
Նա գտնում է, որ բանակցային լուծում գտնելը շատ բարդ է լինելու։ Նրա կարծիքով, Թրամփը կարող է գործի դնել լծակները, որպեսզի Զելենսկուն բերի բանակցային սեղան, բայց եթե նույնիսկ դա հաջողվի, ապա պարզ չէ, թե ինչով կավարտվի և որտեղ է կանգնելու ռուսական կողմը, և ինչն ընդունելի կլինի ռուսական կողմի համար այսօր։
«Կան չափազանցված պատկերացումներ այլընտրանքի մասին ոչ միայն ուկրաինական կողմում, այլև ամերիկյան կողմում, իրենց թվում է, որ ՌԴ-ն այնքան է թուլացած, որ պետք է համաձայնի ամեն բանի, տարբեր բաներ են առաջարկվում, ժամանակին Քիսինջերն առաջարկում էր, որ գերմանական կամ կորեական փորձով կանգնեցնեն հակամարտությունը, բայց արդյո՞ք դա ընդունելի է ռուսական կողմի համար։ Ռուսաստանն անգամ ցածր վստահության շեմով Արևմուտքի նկատմամբ դեմ կլինի միջանկյալ Մինսկի 3-4 տարբերակներին՝ սառեցնելով հակամարտությունը, որովհետև եթե 20 տարի սառեցվում է Ուկրաինայի կարգավիճակի հարցը, և Ուկրաինան չի միանում ՆԱՏՕ-ին, ապա ի՞նչ է լինելու 20 տարի անց, և արդյո՞ք հարկավոր է վստահել Թրամփին, որը ղեկավարելու է ընդամենը չորս տարի։ Ամեն բան կախված է նաև նրանից, թե ինչ զիջումներ է պատրաստ անել ուկրաինական կողմը»,- նման կարծիք հայտնեց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով, ինչ էլ լինի, հայկական շահերը կարող է վտանգված լինեն։
«Մենք պետք է մտածենք՝ արդյո՞ք կա այնպիսի մի կոնֆիգուրացիա տարբեր սցենարներում, երբ Ալիևը կարող է փորձի ուժով լուծել հարցը, որը չի կարող բանակցություններով լուծել։ Պետք է զբաղվենք սցենարները վերլուծելով և դիտարկելով, թե ինչ վտանգներ կան տարբեր սցենարներում»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։