Հայ-ադրբեջանական գործընթացում COP29-ից հետո լարվածությունը կմեծանա՞

Ադրբեջանը պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակում շարունակում է հայատյաց քարոզչությունն ու քաղաքականությունը՝ ավելի անկանխատեսելի դարձնելով Երևան-Բաքու ապագա բանակցությունները։

Հունգարական Magyar Nemzet թերթին տված հարցազրույցում  Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն ասել է, որ խաղաղ գործընթացի հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային հավակնություններն են։

Նա շեշտել է, որ «տարածաշրջանում կայուն և անշրջելի խաղաղության հաստատման համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրությունում՝ միանշանակորեն հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություններից»։

«Սահմանադրական փոփոխությունները կարևոր են այն բանի համար, որ Հայաստանը հրաժարվի իր հավակնություններից, և ապագա կառավարությունների կողմից ևս հարգվի ստորագրված համաձայնագիրը»,- ընդգծել է Ամիրբեկովը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով, նույնիսկ, եթե կողմերին հաջողվի համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստը, անհրաժեշտ է, որ Հայաստանի իրավական և սահմանադրական դաշտը համապատասխանեցվի դրան, որպեսզի պայմանագիրը կարողանա կիրառվել ոչ միայն գործող, այլև ապագա կառավարությունների օրոք։ «Այսօր իսկապես առկա են խաղաղության համաձայնագրի կնքման համար լավ հնարավորություններ, սակայն գնդակը հայկական կողմում է, և Հայաստանը պետք է ճիշտ որոշում կայացնի»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնացը նշել է, որ նախագիծը շահավետ կլինի բոլոր կողմերի համար։ «Զանգեզուրի միջանցքը կարող է դառնալ նաև Միջին միջանցքի այլընտրանքային ճանապարհ»,- ասել է Ամիրբեկովը։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ Թուրքիան հստակ աջակցում է միջանցքի բացմանը, և Ռուսաստանն էլ ցուցաբերել է շահագրգռվածություն։ Ըստ նրա, Զանգեզուրի միջանցքի գործարկումը նաև կարող է հետաքրքրել Իրանին, քանի որ այն հնարավորություն կընձեռի ընդլայնել տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ դառնալով կարևոր գործոն տարածաշրջանային վստահության ամրապնդման գործում։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ակնարկել էր, որ բանակցությունները կվերսկսվեն հունվարին։ Նա նշել էր, թե իբրև հայկական կողմից է կախված ամեն բան, կրկնելով Ադրբեջանի ավանդական պահանջները և պայմանները։

Մինչ ադրբեջանցի պաշտոնյաները շարունակում են վերջնագրեր ներկայացնել,  Ադրբեջանի ԶԼՄ-ները, փորձագիտական հանրությունը լայն քարոզչություն է իրականացնում Հայաստանի դեմ, կանխատեսում նոր պատերազմ, եթե ՀՀ-ն չփոխի Սահմանադրությունը, չհրաժարվի ԵՄ դիտորդներից ու չհամաձայնի, այսպես կոչված, միջանցքին։

«Պատերազմի հավանականությունն այժմ ավելի մեծ է, քան COP 29-ից առաջ»,- այսպիսի կանխատեսում է արել ադրբեջանցի փորձագետ Ահմեդ Ալիլին՝ անդրադառնալով ՀՀ պաշտոնյաների չմասնակցությանը Բաքվում անցկացվող ՄԱԿ Կլիմայի միջազգային համաժողովին։  

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները լիահույս են, որ այսպես կոչված խաղաղության համաձայնագրի վերջին չհամաձայնեցված ձևակերպումները կհամաձայնեցվեն և համաձայնագիրը կստորագրվի, և չնայած նույնիսկ Փաշինյանի հայտարարություններին, որ ՀՀ Անկախության հռչակագիրն այն  մասին է, որ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ, ադրբեջանական կողմը շարունակում է սպառնալ պատերազմով, վերջնագրերով և շարունակում է պայմաններ թելադրել։ 

Ռուս քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ այս ամենն ի ցույց է դնում հայ-ադրբեջանական հարաբերությունների ու խնդիրների ավանդական բնույթը, ցույց է տալիս, որ շատ հարցեր իբրև թե լուծվել են, սակայն լարվածությունը պահպանված է, պատմական հիշողությունն առկա է, հետևաբար՝ ռեգիոնալ լուծումների, համաձայնությունների հեռանկարը շարունակում է աղոտ մնալ։

Այս ամենը, նրա խոսքով, թույլ չի տալիս արագ խաղաղության համաձայնագիր կնքել ու հասնել խաղաղության ռեգիոնում։

«Այո, Ադրբեջանը շարունակում է ճնշումների քաղաքականությունը, որն էլ Հայաստանին, իմ համոզմամբ, մղեց դեպի Արևմուտք Ռուսաստանի առաջնահերթությունների փոփոխման ֆոնին։ Ներկայումս փոխվում է աշխարհաքաղաքական միջավայրը, որում բանակցում էին Երևանն ու Բաքուն։ Նախ ԱՄՆ-ում ղեկավարն է փոխվում, Արևմուտքը որոշում ընդունեց սրել իրավիճակը պատերազմի գոտում՝ տալով Կիևին ՌԴ-ին հարվածելու հնարավորություն, իր հերթին՝ ՌԴ նախագահը նոր միջուկային դոկտրին հաստատեց  նոյեմբերի 19-ին, ավելի թեթևացնելով այն պայմանները, որոնց դեպքում միջուկային զենք է կիրառվում։

Նախկինում ՌԴ-ն կարող էր այդ զենքը կիրառել միայն պետության գոյությանը սպառնացող վտանգի պարագայում, իսկ ներկայումս՝ պետության ինքնիշխանությանը կամ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ փոխվում է լարման աստիճանը, որը կարող է ունենալ թե մեղմ զարգացում, թե ավելի սուր։ Երկու իրավիճակն էլ անդրադառնում են Հարավային Կովկասին ու հայ-ադրբեջանական բանակցությունների համար ստեղծում որոշակի միջավայր»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Սիմոնովի խոսքով, բնականաբար, աշխարհաքաղաքական լարումների փուլում ուշադրությունը կենտրոնանում է կոնկրետ առճակատման օջախի վրա, և այստեղ ավելի մեծ ազդեցություն են ստանում ռեգիոնալ դերակատարներն ու անձամբ կողմերը։

«Կարծում եմ՝ գլխավոր կանխատեսումը, որ կարելի է անել, այն է, որ մոտ ապագայում կողմերը բանակցվող փաստաթուղթը չեն ստորագրի, կշարունակեն բանակցել։ Պատերազմի վերսկսման հավանականությունն ավելի քիչ եմ գնահատում, կարծում եմ՝ կողմերը յուրաքանչյուրն իր ոճով կշարունակի իր դիրքորոշումներն առաջ մղել, հատկապես՝ Ադրբեջանը, սակայն դա չի հանգեցնելու մոտալուտ պայմանավորվածությունների։ Չի բացառվում, որ Թրամփի վարչակազմը փորձի ակտիվ զբաղվել Հարավային Կովկասով, թեև շատերի սպասումները բոլորովին այլ են։ Աշխարհը փոփոխությունների, լարման հերթական ալիքի մեջ է, ինչը վտանգավոր փուլ է»,- նկատեց նա։

Վրացի քաղաքագետ Իրակլի Մենաղարիշվիլին էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այս հակամարտության դեպքում աշխարհաքաղաքական իրավիճակը մշտապես առանցքային նշանակություն է ունեցել։ Ըստ նրա, ներկայումս ևս բացառություն չէ։

«Իրավիճակը բավականին լարված է թե ուկրաինական պատերազմի տեսանկյունից, թե անորոշ են սպասումներն ամերիկյան քաղաքականությունից՝ ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ՝ ԵՄ-ի, Ուկրաինայի պատերազմի, մեր ռեգիոնի և Մերձավոր Արևելքի ուղղությամբ։

Ամեն տեսանկյունից սա պայթյունավտանգ իրավիճակ է, հուսանք՝ Երևանն ու Բաքուն կկարողանան համաձայնության հասնել և ստորագրել համաձայնագիրը, որքան էլ որ հայտարարություններում կա ինչպես լավատեսություն, այնպես էլ՝ սրություն։ Սա բնորոշ է դիվանագիտությանը։ Սակայն, ցավոք սրտի, ընդհանուր համաշխարհային իրավիճակը խաղաղության  գործընթացների համար ամենալավ պայմանները չի ստեղծում, քանի որ լարված է բոլոր ուղղություններով, ու այս փուլում կա է՛լ ավելի լուրջ լարվածության միտում»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս