Փաշինյանը չոքելու է Ռուսաստանի առաջ. եթե ռուսները նրան պահեն, հետո թող չզարմանան՝ Հայաստանում կլինի ռուսաֆոբիայի անկառավարելի ու անվերականգնելի ալիք. Նարեկ Մալյան      

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ, «ՎԵՏՕ» նախաձեռնության և հակասորոսական շարժման ղեկավար, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Մենք միշտ պայքարում ենք պոստֆակտում, հետևանքների դեմ, մինչդեռ դրան նախորդում են բանակցություններ, ծրագրեր։ Եվ այդ հետևանքների դեմ պայքարի արդյունավետությունը բավականին ցածր է։
  • Աշխարհաքաղաքական մի բևեռ կա, որում «սվոյ» մարդ դառնալու համար պետք էր սափրվել։ Ես անգամ տեղեկություններ ունեմ, որ Փաշինյանին մի քանի անգամ զգուշացվել է սափրվել։ Սափրվելը խորհրդանշում է հեղափոխական մուդից անցում դեպի բյուրոկրատական մուդի։ Դեմքին մազածածկույթը չի խրախուսվում։ Փնթի թրաշը չի խրախուսվում պրոռուսական աշխարհում, մի բան, որ Արևմուտքի համար մեկ է՝ իրենց պրոտեժեն թրաշվա՞ծ կլինի, թե՞ չէ։ Նա վերջին քայլն արեց Արևմուտքից դեպի ռուսական դաշտի տիրույթ։ Մոտ ժամանակը ցույց կտա՝ ինչքանով դա իրեն կհաջողվի։
  • Փաշինյանի գլխավոր քաղաքական նպատակն իշխանության աթոռին մեկ օր ավել մնալն է, ու դա 6 տարի նրան հաջողվում է։ Հիմա նա ջանում է ստեղծել պրոդուկտ, որ դուր գա պրոռուսական աշխարհին։ Անհնար է դա անել մորուքով։ Ռուսաստանում մորուքով դու փորձագետի մակարդակից վեր չես բարձրանա։
  • Բացի արտաքին տեսանելի փոփոխություններից, առաջիկայում մենք ոչ այնքան տեսանելի փոփոխությունների ականատես կլինենք, որովհետև իշխանությունը պահելու համար նրան այս փուլում պետք է ռուսական աջակցություն։ Արևմուտքի համար այս փուլում այլևս ծախսատար է մեր տարածաշրջանում Նիկոլ Փաշինյանին որպես բռնապետ պահելը։ Ինքը փորձում է գնալ Մոսկվա, բայց փաստ չէ, որ դա նրան կհաջողվի։ Մեր խնդիրը դա թույլ չտալն է։
  • Չեմ կարծում, որ ՔՊ-ականների պաշտոնանկությունները հարբած վիճակում են կատարվել։ Դա, թերևս, հաշվարկ էր։ Բայց դրանց իրական նպատակը մենք կիմանանք այդ պաշտոններում նշանակումներից հետո։
  • Այո՛, ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն արևմտյան կողմնորոշում ունի, բայց ռուս-հակառուս տարբերակումներն իշխանական միջանցքներում խիստ հարաբերական է, որովհետև նրանց բոլորի նպատակն իշխանության մնալն է։ Երբ Նիկոլ Փաշինյանը սկսի թրաշել իր թիմին, կտեսնեք, որ այն մարդիկ, ովքեր նախկինում Ռուսաստան էին քլնգում, հիմա քլնգելու են Արևմուտքին։ Փաշինյանի՝ պլավնի Ռուսաստան անցումը կատարվելու է իր նույն խոսափողների միջոցով, մի ճտտոցով։ Իրենք Ինդոնեզիան էլ վաղը կգովեն, եթե իրենց իշխանության աղբյուրը լինի Ինդոնեզիան։ Վաղուց հօդս է ցնդել այն միֆը, որ իր իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ Իր իշխանության աղբյուրը ՔՊ ֆրակցիան է, որը եթե ուզի, Փաշինյանը մեկ օր անգամ չի մնա իշխանության։ Էդ հեծանիվ քշելու հանդիսատեսը ոչ թե ժողովուրդն է, այլ իր ֆրակցիան, որոնց հասկացնում է՝ տեսեք, ինչքան լավ է, որ ես հեծանիվ եմ քշում։ Երկրորդ բանը, որի վրա հիմնված է Փաշինյանի իշխանությունը, ոստիկանությունն է։ Նա թքած ունի բանակի վրա։ «Վարդաշեն» ՔԿՀ-ում, ուր ես իմ կալանքն էի կրում, մի պահ ավելի շատ գեներալ կար, քան բանակում։ Նա թքած ունի ուժային կառույցների վրա, ԱԱԾ-ի վրա։ Ցավում եմ, որ ԱԱԾ-ն այնքան է կաստրացիայի ենթարկվել, որ որևէ ֆունկցիա, բացի գաղտնալսելուց, չունի։
  • ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանի հայրն էն տարիներին, ժողովուրդ, որ դուք անվանում էիք թալանի տարիներ, մեղադրվել է մախինացիաների մեջ, հետո հեղափոխությունից հետո արդարացվել է, իսկ դուստրն էլ ՆԳՆ փոխնախարար է։

Կարդացեք նաև

  • Արևմուտքը երբեք ստավկա չի անում այն մարդկանց վրա, ովքեր լուրջ արևմտյան արժեքների են դավանում։ Նա սևագործ գործակալների է գցում մեյդան։ Էդ նույն Արևմուտքն Արմեն Աշոտյանի համար քանի՞ բանաձև տարածեց։ Արևմուտքին պետք չեն մարդիկ, ովքեր իրենց ազգային-պետական շահը վեր են դասում։ Եթե Արմեն Աշոտյանն այդպիսին լիներ, վաղուց ազատության մեջ կլիներ, դեռ պաշտոն էլ կունենար։ Որպես կալանք տարած մարդ եմ ասում՝ եթե ես ընտրելու լինեի՝ տնային, թե՞ բանտային կալանք, կընտրեի բանտային կալանքը։ Արմեն Աշոտյանը տարուց ավելի ազատազրկված լինելուց հետո՝ հիմա էլ տնային կալանքի ռեժիմում է։
  • Արևմուտքը Ռուսաստանին այս տարածաշրջանից փորձում էր դուրս մղել՝ որպես պլան մինիմում, իսկ որպես պլան մաքսիմում՝ Հայաստանում երկրորդ ճակատ բացել։ Դրանով էր պայմանավորված նաև 2022թ․ ջերմուկյան ռազմական գործողությունները։ Ջերմուկյան այդ մարտերը նպատակ ունեին Ռուսաստանին ներքաշել ՆԱՏՕ-ՀԱՊԿ ուղիղ բախման մեջ։ Դա պատմության մեջ առաջին անգամ էր։ Հիշեք՝ արևմտամետներն ինչի՞ էին ասում՝ դիմեք ՀԱՊԿ։ Ըստ սցենարի՝ այդ ժամանակ պետք է դիմեինք ՀԱՊԿ-ին, զորքով գար, Ադրբեջանն էլ կանչեր Թուրքիային՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, ու այդպիսով Ջերմուկի սահմանի վրա տեղի կունենար ռուս-թուրքական բաց բախում, որը կանխվեց այն ուժերի կողմից, ովքեր այդ ժամանակահատվածում շահագրգռված չէին ռուս-թուրքական պատերազմով, 2-րդ ֆրոնտի բացմամբ։ Այդ ժամանակ բարձրացավ վայնասուն։ Հիշեք, այդ օրերին ՀԱՊԿ-ի անունը տալիս էին մարդիկ, ովքեր ըստ էության չպիտի սիրեին ՀԱՊԿ-ը։ Հիմա իրավիճակը հակառակն է։ Ռուսաստանն իր դիրքերում է, Արևմուտքը փորձում է հետ բերել իր դիրքերը։ Դա տեղի ունեցավ Մոլդովայում, երբ դրսում աշխատող մոլդովացիների ձայներով մի կերպ Արևմուտքը հաղթեց, բայց այդ մարդիկ չեն գալու Քիշնևի փողոցներում ցույց անեն։ Նույնը, այս անգամ արդեն՝ թղթով, տեղի ունեցավ Վրաստանում, ուր Արևմուտքը պարտվեց։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն էլ հասկանում է, որ Արևմուտքը վստահելի գործընկեր չէ, իսկ այնտեղ իշխանությունը նույն խնդիրն է լուծում, ինչ այստեղ մեր իշխանությունները՝ աթոռը պահել։ Տարածաշրջանում իրավիճակը փոխվել է։ Աշխարհում հիմա դադարի փուլ է, ու ռուսները, դրանից օգտվելով, իրենց դիրքերը հետ են վերադարձնում։ Փաշինյանը, քանի որ սկզբունքներ չունի, իր կաշին արագ փոխելու է՝ իր աթոռին մնալու համար։ Նա Սահակաշվիլին չէ, որ գաղափարի համար նստի։ Այդ փուլում նրանից պահանջվելու են տարբեր բաներ, այդ թվում՝ թրաշվել, Վահագն Ալեքսանյանին թրաշել, Կոնջորյանի ազգանունը փոխել, տարբեր բաներ։
  • Փաշինյանը քայլ է անում, որ ռուսական աշխարհի սեղանին իրեն մի քիչ մոտ նստեցնեն։ Այդպիսի քայլեր շատ են լինելու։ Ալկոգելը ձեռքը՝ ֆռռալու է։
  • Երկու ճանապարհ կա․ կա՛մ Նիկոլին կհաջողվի ռուսներին համոզել, որ ինքն այստեղ այլընտրանք չունի՝ ինչ ուզեք, կանեմ, մենակ ինձ պահեք իշխանության, ու այդ ժամանակ Ռուսաստանը կվաստակի ատելության այն դոզան, որ վայելում է Փաշինյանը։ Մեր հանրությունն ատում է Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությունը։ Այդպես չեն ատել անգամ մոնղոլ-թաթարներին։ Եթե ռուսներն ընտրեն Նիկոլ Փաշինյանին պահելու ճանապարհը, թող չզարմանան Հայաստանում ահռելի չափերի հասնող ռուսաֆոբիայից։ 
  • Պրոռուսական ուղղությանը մոտակա տարիների համար այլընտրանք չի լինելու։ Կուսակցական չեմ, բայց դա այդպես է։ Մեր ընդդիմության խնդիրն է՝ գնալ, փորձել աշխարհաքաղաքական կենտրոններին համոզել, որ իրենք իրապես այլընտրանք են այս իշխանություններին։ Սա էլ մյուս ճանապարհն է։ 
  • Նիկոլ Փաշինյանին փորձում են անընդհատ կոնտրոլի տակ պահել։ Արևմտյան հատուկ ծառայությունների աշխատակիցները ոչ թե ջանում են Հայաստանում իշխանություն պահել, այլ հնարավորինս ականապատել այդ իշխանությունը, որպեսզի, երբ Նիկոլը չոքի Ռուսաստանի դեմ, մի օր Սաքունցն ու Դանիել Իոաննիսյանն իմ և մյուս քաղբանտարկյալների նկարներով դուրս գան ու ցույց անեն։ Շատ մոտ ապագայի մասին է խոսքը։ Կլինի Նիկոլը՝ Նիկոլի դեմ կպայքարեն։ Կգա նոր իշխանություն՝ կպայքարեն նրա դեմ։

  • Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանն ընդունի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, որովհետև մորուքը սափրելուց հետո երկրորդ կետը կարող է դա լինել։ Ի դեպ, ես բոլորովին դեմ չեմ այդ օրենքին։
  • Արևմուտքի նպատակն է՝ Հայաստանում ստեղծել մի պլացդարմ, որի նպատակը կլինի այստեղից Վրաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, այլուր իշխանություն հարամելը։ 
  • Ռուսաստանից ակնարկել են, որ Փաշինյանի մնալը ձեռնտու է Նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջները կատարելու առումով: Վստահ ասում եմ, կան ընդդիմադիր այնպիսի ուժեր, ովքեր արդեն պարտված, ոչ իրենց մեղքով կապիտուլացված վիճակում, իմանալով, որ դա քաղաքական ինքնասպանություն է, որովհետև բորշը եփել է Նիկոլ Փաշինյանը, բայց դու պետք է ուտես այն, փորձել են բանակցել ռուսական քաղաքական էսթաբլիշմենթի հետ՝ ասելու, որ պատրաստ են իրենց վրա վերցնել Նոյեմբերի 9-ի ոչ իրենց մեղքով առաջացած ծանրությունը, տառապեն, իրենց ուսերին կրեն այդ Գողգոթան, բայց Հայաստանը չհասնի այս վիճակին: 2021թ., սակայն, ռուսներն ընտրեցին ամենահեշտ ճանապարհը, գերադասեցին պահել եղածին՝ Փաշինյանին, և, այո՛, նրանք կանգնեցին փոցխի վրա: Երբ Փաշինյանի դիրքերը պնդացան, ինքը թռավ ռուսական հարթակից, Պրահայում հանձնեց Արցախը։
  • Իմ առաջարկը ռուսներին հետևյալն է՝ պետք է ֆրագմենտացնել նաև ռուսների մեղքով դեֆրագմենտացված ընդդիմությանը, շատ արագ և հեշտ իրականացնել իշխանափոխություն, ձեռք բերել կայուն գործընկեր՝ հանձին Հայաստանի, չպահել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որովհետև դա կբերի ռուսաֆոբիայի անկանխատեսելի, անկառավարելի ու անվերականգնելի ալիքի։ Ռուսների շահերից է բխում Նիկոլ Փաշինյանի իշխանության փոփոխությունը Հայաստանում։ Ինձ պետք չէ, որ իրենք փոխեն, ես կփոխեմ, դուք նրա վրայից կռիշը վերցրեք։ Եթե ռուսները պահեն Նիկոլ Փաշինյանին, այլևս չեն կարողանալու Նիկոլին գցել Արևմուտքի գրպանը։ 
  • Ես փորձելու եմ ռացիոնալ, հողի վրա, առանց զավզակության՝ մարդկանց ու աշխարհաքաղաքական բևեռներին բացատրել՝ ինչքան վատն է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ու ինչու է պետք այստեղ ունենալ նոր, Սորոսի հետ չկապված իշխանություն։
  • Քաղաքականության մեջ մնալ-չմնալը որևէ մարդու անձնական որոշումն է։ Պահանջել նման բան՝ նույնն է, որ ասես՝ մինչև այս մարդը չամուսնալուծվի, Փաշինյանը չի հեռանա։ 
  • 2021թ․ ընտրություններին մասնակցելը սխալ էր։ ՀՀ 3 նախագահների ու Արցախի 2 նախագահների ֆորմատով էին փորձում Հայաստանում իշխանափոխության հարց լուծել։ Թե այդ 5-ից ով որոշեց մասնակցել 2021թ. ընտրություններին, որից հետո մյուսներին այլ բան չէր մնում անել, մի օր երևի կխոսենք։ 
  • Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ցանկացած արտախորհրդարանական ընդդիմության համար դա միշտ շանս է խորհրդարանում հայտնվելու։ Արտախորհրդարանական ընդդիմությունը միշտ ուզելու է արտահերթ ընտրություն։ Խորհրդարանական ընդդիմությունը չի կարողանում պահպանել իր ճիշտը։ Իրականում մանդատ պահելն անիմաստ է, բացի մի դեպքից, եթե այն ծառայելու է իշխանափոխության ծրագրին. Փողոցում, դրսում զարգացումներ լինեն, և այդ մանդատները ներսում պրոցեսների համար օգտագործվեն: Եթե հիմա չկա ծրագիր, որի արդյունքում Նիկոլը դուրս է գալու, մանդատները դնելն անիմաստ է։ Եթե կան մարդիկ, ովքեր կարող են բացատրել, որ մանդատ վայր դնելը քաղաքական ճգնաժամ է առաջացնելու, ու դրանից ԱԺ-ն ցրվելու է, ես պատրաստ եմ նրանց լսել։ Եթե վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, ինձ համար տարբերություն չկա՝ Խորհրդարանում Պողո՞սն է նստած, թե՞ Պետրոսը։

  • Բագրատ սրբազանի շարժումն ուներ 2 դրական կողմ։ Նախ՝ մենք վերջապես տեսանք, որ Հայաստանում կա լուրջ մեծամասնություն, ովքեր ատում են այս իշխանություններին։ Այդ մարդիկ դուրս եկան փողոց։ Դա բավարար քանակ էր՝ արձանագրելու համար, որ Հայաստանում Փաշինյանի իշխանության աղբյուրը ժողովուրդը չէ։ Երկրորդ լավ բանը, որ Բագրատ սրբազանի շարժումը ցույց տվեց, այն էր, որ անհամատեղելի մարդկանց մի գաղափարի շուրջ համախմբելու հնարավորություն Հայաստանում կա։ Այլևս ոչ մի ընդդիմության լիդեր չի կարող ասել, որ ժողովուրդը դուրս չի գալիս փողոց։ Լավ բան էր նաև այն, որ Բագրատ սրբազանը բացահայտ նիկոլական մուդից գաղթեց դեպի ընդդիմության դաշտ։ Վատ բանն այն էր, որ ծրագիր գոյություն չուներ։ Սխալ էր վարչապետի թեկնածուի պարտադրանքը։ Ամենամեծ սխալը ոչ բավարար անկեղծությունն էրակնարկներ էին արվում, որ դա եկեղեցու շարժումն էր։ Դա եկեղեցու շարժում չէր, այլ եկեղեցականի շարժում էր։ Ինձ համար անհասկանալի էր, որ Բագրատ սրբազանը հայտարարում էր, որ ինքն է վարչապետի թեկնածուն, բայց պահպանում էր Կանադայի քաղաքացիությունը։ Երբեք ՌԴ վերնախավը չի օժանդակի ինչ-որ մեկի, ով բրիտանահպատակ երկրի՝ Կանադայի քաղաքացիություն ունի, իսկ իշխանություն փոխելու համար պետք է աշխարհաքաղաքական բևեռների աջակցությունը։ Բագրատ սրբազանի շարժման մարդաշատությունն ապահովել էին նախկին շարժումները։ Քաղաքական գործչի տապալումը ներելի է, հոգևորականինը չի հաջողվելու։ Ինձ համար անհասկանալի է այդ մարդու՝ տապալված շարժման փշրանքները հավաքելու ձգտումը։ Բագրատ սրբազանին մի քանի հարց ունեմ։ Եթե իրոք գալու է այն օրը, որ ինքը բոլորին հանի փողոց, արդյո՞ք ճիշտ չէր լինի Կանադայի քաղաքացիությունից հրաժարվելը։ Քանի որ ես բաց եմ թողել իր՝ նիկոլասիրությունից դեպի նիկոլատյացություն անցնելու ճանապարհը, կուզեմ հարցնել՝ դա ե՞րբ եղավ, ե՞րբ նիկոլականից դարձավ հականիկոլական։ Օրինակ՝ ինքն այն մարդն էր, որ Տավուշի թեմում ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանին ոչ կանոնիկ կերպով քավոր կանգնելուն էր օժանդակել։ Ինքն ասում է՝ ուղղակի գնացել, կանգնել եմ։ Ես դա չեմ հասկանում։ Ավելի անկեղծ կլիներ, եթե ասեր՝ ժողովուրդ ջան, գնացել եմ, որովհետև հավատացել եմ, կներեք։ Արքեպիսկոպոսի կարգավիճակը հոգևորական էլիտա է ենթադրում։ 2018թ․ կային մոլորյալներ և մոլորեցնողներ։ Մոլորյալների հետ ես խնդիր չունեմ։ Մոլորեցնողներն են իմ խնդիրը։ 
  • Օրակարգ, ծրագիր, վճռականություն։ Այս երեք տնային աշխատանքն է, որ պիտի արվի։ Դրանք անելուց հետո պետք է աշխարհաքաղաքական կենտրոններին բացատրել, որ Հայաստանում կանխատեսելի պրոցեսներ են տեղի ունենալու, ու հասնել նրան, որ լոյալությունը վերացնեն այս իշխանության վերաբերյալ։ Եթե այս երեք բանը լինի, ի հայտ կգա լիդերը ու կհավաքի ժողովուրդ։ Այդ ամբողջ հրապարակային պրոցեսը տևելու է 7-10 օր։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս