«Փաշինյանը խաբեության նոր փուլ է սկսում. նիզակներն ուղղում է մեր ինքնության սրտին». Կարինե Նալչաջյան
«Նիկոլ Փաշինյանն իր նիզակներն ուղղում է մեր ինքնության սրտին: Այս ֆոնի վրա Արագածը մի տեսակ վարկաբեկվում է: Մեզ համար շատ թանկ է նաև Արագածը՝ իր ամբողջ սիմվոլիկայով, բայց քանի որ ինքը հակադրում է Մասիսին, մի տեսակ սկսում ենք Արագածն ավելի բացասական ֆոնով ընկալել՝ չէ, մենք Արագածը չենք ուզում, մենք մեր Մասիսն ենք ուզում: Այս խառնակչությունն ամեն տեղ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ետնանկարին:
Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջի ետնանկարն է փոխել. նկարում Արագածի ֆոնին պատկերված է ՀՀ քարտեզի այն տարբերակը, որով նա շրջում է, և գրված է հետևյալ տեքստը. «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց»:
Հոգեբանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձն այն է, որ լինելու է ինքը և այս իրականությունը. «Ասում է՝ շնորհակալ եղեք, որ դեռ հաց էլ լինելու է, որ ուտեք, սովից չմեռնեք: Այս խայծը կուլ կտա մարդկանց այն չնչին տոկոսը, որոնք դեռ հույսեր են կապում այս մարդու և նրա գլխավորած խայտառակ խմբակի հետ: Նիկոլն իր մանիպուլյատիվ խոսքի ուժն արդեն կորցրել է, սա 2018 կամ նույնիսկ 2020 թվականը չէ. մարդիկ հասկացել ենք, թե ում հետ գործ ունեն: Մարդկային այս կերպարը շատ քիչ է պատահում, բայց հասարակություններում մոտ 3-4 տոկոս լինում են նման մարդիկ: Այս մարդիկ չունեն խղճի խայթ, մեղքի զգացումն իրենց համար օտար է, բարոյականության լեզուն չեն հասկանում: Մեր երկրի ղեկն իր ձեռքն է վերցրել այսպիսի անձնավորություն, և հիմա ինքն իր կերպարի փոփոխությունով խաբեության մի նոր փուլ է սկսում՝ հույս ունենալով, որ այս խայծն էլ մենք կուլ կտանք: Ես այդքան չեմ վախենում, որ ժողովուրդն այսպիսի խայծեր կուլ կտա, ուղղակի իրենք հասկանում են՝ իրենց ուժեղ են զգում, որովհետև իրենց թիկունքը պինդ է՝ թուրքերը նրանց թիկունքին կանգնած են: Սա ծաղր է, ցինիզմի բարձագույն աստիճան»:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պղծում է այն ամենը, ինչին դիպչում է. «Հիմա էլ դիպչում է Անկախության հռչակագրին՝ պղծում է, Մասիսին՝ պղծում է, բանակին՝ պղծում է… Հարգելիներս, սրանց թույլ մի տվեք ձեր երեխաներին գրկեն, թույլ մի տվեք շոյեն ձեր երեխաների գլուխը, ինչին կպնում են՝ ապականվում է»:
Հարցին՝ չի՞ ծայրահեղացնում, նա պատասխանեց. «Ո՛չ, սա է իրողությունը, մենք այսպիսի իրականության մեջ ենք: Որևէ մեկի մտքով կանցնե՞ր, որ նման բան ենք տեսնելու: Մեկ է, հայ մարդու սրտից Մասիսը հնարավոր չէ հանել: Ինքը շատ սթափ վիճակ է, գիտի՝ ինչ է անում: Թուրքական թելադրանքի շատ լավ կատարող է: Մենք չպետք է հանդուրժենք: Ես անհանդուրժողականության կոչ եմ անում, թե չէ ես չգիտեմ՝ հաջորդ զոհերն ով են լինելու: Ողբերգության մեջ ենք, ի՞նչ չափազանցնելու մասին է խոսքը: Երեկ կարդացի, որ կախված գտնված զինվորի մայրն ինքնասպանության փորձ է կատարել. Այս ողբերգությունների տակից իրենք ո՞նց են դուրս գալու, իրենք խիղճ չունեն, բայց մենք ինչպե՞ս կարող ենք սրան դիմանալ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում