Միլիարդավոր դրամներ ու միլիոնավոր դոլարներ՝ առողջապահության ապահովագրության տապալման համար
Դեռևս անցած տարվա սկզբին կառավարությունը հավանություն տվեց առողջապահության նախարարության կողմից ներկայացված համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի հայեցակարգին։ Համակարգի ներդրումը խոստացել էին կառավարության ծրագրով։
2023թ. համարել էին նախապատրաստական տարի. պիտի ստեղծեին անհրաժեշտ նյութատեխնիկական բազա՝ բժշկական ապահովագրության ներդրման համար։ 2027թ. այն ամբողջությամբ պիտի սկսեր գործել։
Դրան հասնելու համար, նախատեսել էին համակարգի ներդրումը սկսել այս տարվա հուլիսից։ Նույնիսկ այդ նպատակով 18 մլրդ դրամ էին պլանավորել բյուջեում։
Բայց բժշկական ապահովագրության ոչ մի համակարգ էլ այս տարի չներդրվեց։
Բժշկական ապահովագրության համակարգ ներդնելու փոխարեն՝ գումարները ծախսեցին այլ նպատակներով, որովհետև այլ ուղղություններով ֆինանսական խնդիրներ էին առաջացել։ Փող չկար «օֆերտայի» գծով ծախսերը փակելու համար։ Միլիարդների պարտքեր էին կուտակվել։
Պարտքերը մարելու համար՝ հրաժարվեցին բժշկական ապահովագրության համակարգի ներդրումից։ Այդ նպատակով հատկացված գումարներն ուղղեցին բուժհաստատություններում «օֆերտայի» շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց կուտակված պարտքերի մարմանը։
Այս տարվա հուլիսից նախատեսված բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը տապալվեց։ Այն չի ներդրվի նաև հաջորդ տարի։ Եթե այս տարի դրա համար բյուջեում գումար նախատեսել էին, հաջորդ տարի նույնիսկ գումար էլ չեն նախատեսել։
Չեն նախատեսել, որովհետև բյուջեն ֆինանսական դժվարությունների առաջ է։ Միջոցներ չկան համակարգի ներդրումը մեկնարկելու համար։ Վախեցել են հերթական բեռը վերցնել ու ընդհանրապես տապալել ծրագիրը։ Այդ պատճառով էլ հետաձգել են։ Դեռևս հայտնի էլ չէ, թե երբ են պատրաստվում սկսել անգամ առաջին փուլի մեկնարկը։
Մինչև հիմա նույնիսկ օրենսդրական հիմքեր չեն ստեղծել։ Չեն ընդունել օրենք բժշկական համալիր ապահովագրության մասին։ Այդ պայմաններում, բնականաբար, անիմաստ է խոսել համակարգի ներդրման մյուս հիմքերի ստեղծման մասին։
Մինչ ֆինանսների նախարարը հաջորդ տարվա բյուջեում բժշկական ապահովագրության համար գումարներ չնախատեսելը պատճառաբանում է նախապատրաստական աշխատանքների ձախողմամբ, կարծում է, որ պետք է ավելի լավ նախապատրաստվեն ոլորտի բարեփոխումները՝ ռիսկերը կառավարելու, հիվանդանոցային կարողությունները բարելավելու շրջանակներում, առողջապահության նախարարը համակարգի չներդրման պատճառը ֆինանսական է համարում։ Բոլորովին վերջերս հայտարարեց, որ կառավարությունում քննարկվում է, թե արդյոք 2025թ. բյուջետային հնարավորությունները թույլ կտա՞ն գործարկել առաջին փուլը։
Ու քանի որ հաջորդ տարվա բյուջեում այդ նպատակով գումար չի նախատեսվել, նշանակում է՝ բյուջեն նման հնարավորություններ չի ունեցել։
Բյուջեն փող չունի ֆինանսավորելու բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը։ Եվ այդ առումով առողջապահության նախարարը ճիշտ է։ Առողջապահական բազմաթիվ ոլորտային ծախսեր հաջորդ տարի կմնան նույնը, չնայած պահանջարկի ավելացմանը, որոշ ծախսեր նույնիսկ կկրճատվեն, որովհետև բյուջեում փող չկա։
Բայց նույնքան ճիշտ է նաև ֆինանսների նախարարը, երբ հայտարարում է, թե առողջապահության համակարգը պատրաստ չէ բժշկական ապահովագրության ներդրմանը, որ ձախողել են նախապատրաստական աշխատանքները։
Համապարփակ ապահովագրություն ներդրվելուց հետո, անշուշտ, կտրուկ կբարձրանա առողջապահական ծառայությունների պահանջարկը, որին համակարգը պատրաստ չէ։ Մինչև համակարգի գործարկումը՝ պետք է մտածել նախ ոլորտի կարողություններն ավելացնելու մասին, ինչը չի արվել։
Մի կողմից՝ առողջապահության համակարգը պատրաստ չէ համընդհանուր բժշկական ապահովագրության, մյուս կողմից՝ բյուջեն փող չունի դրա համար։ Պատահական չէ, որ առողջապահության ոլորտի ծախսերը հաջորդ տարի կրճատել են։ Անցած տարի դրանք բարձրացրել էին՝ հասցնելով ՀՆԱ-ի 1,6 տոկոսին, հաջորդ տարվա բյուջեով կրկին իջեցրել են 1,5 տոկոսի։
Առողջապահության նախարարը սա խնդրահարույց է համարում, ֆինանսների նախարարը պատճառաբանում է բյուջեի հնարավորություններով։
«Մենք այնքան ենք ծախսերը նվազեցրել, որ անդրադարձել ենք մեր աշխատավարձերին։
Այս լույսի ներքո պետք է նայենք այդ հարցին»,- խոստովանում է ֆինանսների նախարարը։
Վերջին տարիներին հազար ու մի չհիմնավորված ծախսերով այնքան են ծանրաբեռնել բյուջեն, որ արդեն ստիպված են անդրադառնալ անգամ պաշտպանված ծախսերի կրճատմանը։ Սա շատ վտանգավոր միտում է, որին առաջիկայում իշխանությունները նոր թափով կարող են բախվել՝ պայմանավորված բյուջեի եկամտային խնդիրներով։
Տարօրինակն այն է, որ այս տարի չկարողացան, հաջորդ տարի չեն պատրաստվում ներդնել ապահովագրության համակարգը, պետական բյուջեում գումար չեն նախատեսել դրա համար, բայց վերջերս Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ վարկային համաձայնագիր ստորագրեցին՝ բժշկական ապահովագրության ներդրման աջակցության նպատակով ֆինանսական միջոցների ներգրավման վերաբերյալ։ Խոսքը բավական մեծ գումարի՝ 102 մլն եվրոյի մասին է։ Այն նախատեսում են ուղղել առողջության համապարփակ ապահովագրության շրջանակում պետության կողմից սուբսիդավորվող շահառու խմբերի ապահովագրավճարների տրամադրմանը:
Համաձայնագիրը ստորագրվեց սեպտեմբերի սկզբին, երբ արդեն պարզ էր, որ համակարգը չի ներդրվելու։ Ոչ միայն այս, այլև հաջորդ տարի։
Եթե չէր ներդրվելու, ինչի՞ համար էին շտապում 102 մլն եվրոյի հերթական վարկը կախել պետության վրա։
Այսպես են առողջապահության համակարգում իրականացնում բարեփոխումները։ Ու մինչ առողջապահության նախարարն ինքնագոհ հայտարարում է, թե ինքը լավ նախարար է, համակարգային բարեփոխումները տապալվում են։ Բժշկական ապահովագրությունը եզակի չէ, բազմաթիվ ծրագրեր մնացել են կես ճանապարհին, տապալել են։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ