Քաղաքացիների վճարած հարկերի հաշվին տարեմուտին պետական պաշտոնյաներին ճոխ պարգևավճարներ բաժանող իշխանությունները 10 կամ 20 հազար դրամով թոշակները բարձրացնելը շռայլություն են համարում թոշակառուների համար։ Իրենց կարելի է միլիոններ ստանալ, իսկ 10 կամ 20 հազար դրամն ավելորդ են համարում թոշակառուի համար։
Այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում գործնականում պիտի գործի առողջության պարտադիր ապահովագրությունը։ Թվում է, թե հունվարի 1-ից քաղաքացին ազատ կարող է օգտվել այդ համակարգից, դիմել բժշկի ու ապահովագրության շրջանակներում ստանալ իրեն հասանելի անվճար բժշկական ծառայությունները։ Բայց այդպես չէ, որովհետև ապահովագրություն ասվածն ավելի շատ թղթի վրա է, քան իրականության մեջ։
Դեռևս անցած տարվա սկզբին կառավարությունը հավանություն տվեց առողջապահության նախարարության կողմից ներկայացված համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի հայեցակարգին։ Համակարգի ներդրումը խոստացել էին կառավարության ծրագրով։