Հայաստանում ցորեն չպե՛տք է աճի, սալոր տնկեք. Փաշինյանի նոր հրահանգը՝ ընդդեմ հացի
Օրերից մի օր, ավելի կոնկրետ՝ 2024թ. օգոստոսի 11-ին, Նիկոլ Փաշինյանն այցելելով Իջևան՝ հայրական տուն, ի լուր հպարտ քաղաքացիների՝ հերթական փայլուն մտքերն արտանետեց սեփական տնամերձի ու տնտեսական էֆեկտիվության բացակայության մասին։
«Սա մեր տնամերձն ա Իջևանում, որի տնտեսական էֆեկտիվությունը զրո ա: Էնպես չի, թե ոչ մի բան չի աճում, սալոր կա, լավ էլ սալոր ա: Բայց պետք է ամբողջը մաքրել բուսականությունից, տնկել սերտիֆիկացված սալոր, ոռոգել կաթիլային համակարգով: Բայց սա մենակ մենք չպետք է անենք, այլ մեր հարևան Արթուրենք, Գառնիկենք, Մարտինենք, Գարիկենք, բոլորն այս թաղամասում իրար հետ որոշեն, որ սալոր են աճեցնում: Ահա սա է մեր կառավարության առաջարկած ծրագիրը, մենք ուզում ենք օգնել, որ այս այգիները դառնան ինտենսիվ այգիներ»,- ասել էր նա։
Այդ տեսանյութից հետո ստացվեց այնպես, որ որոշում կայացվեց Հայաստանում ցորեն աճեցնելու փոխարեն՝ սալոր աճեցնել՝ պարզաբանմամբ, որ ցորենը ձեռնտու չէ․ ցորենի փոխարեն՝ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը խրրոխտ հիմնավորում էր այգի տնկելու ծրագիրը.
«Պարենային անվտանգության հարցը մեզ համար միշտ էլ կարևոր հարց է եղել, մշտապես այդ և տարբեր հարցերի շրջանակում քննարկում ենք ունենում։ Ես ԱԺ-ում էլ եմ ասել, որ իմ վերջին պաշտոնական հեռախոսազանգը եղել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի հետ։ Հիմա դուք ուղղակի ուզում եք սենսացիա փնտրել»։
Խոսելով Կառավարության կողմից աշնանացան ցորենի սուբսիդիան դադարեցնելուց, Էկոնոմիկայի նախարարը հավելել էր․
«Կառավարությունը ծախսում է ՀՀ քաղաքացիների փողը։ Հայաստանում մենք հաշվարկներ ենք անում և տնտեսապես նպատակահարմար ծրագրերն ենք իրականացնում, եթե որևէ ծրագիր տնտեսապես ոչ նպատակահարմար է, մենք չենք իրականացնում։ Դրա փոխարեն՝ այլ նպատակահարմար ծրագիր ենք իրականացնում։ ՀՀ-ում ցորենի արտադրությունը տնտեսապես ոչ ձեռնտու գործընթաց է։ Մեկ հեկտար ջրովի տարածքից ստացվում է 450.000 դրամի ցորեն, բայց ծախսվում է 420.000 դրամ»։
Դրան հետևեց արդեն նաև ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե հայաստանցիներս ցորենի փոխարեն՝ կարող ենք անցնել բրնձի։
«Ռազմավարական ապրանքները կարող են փոխվել, պետք է ավելի ճկուն լինենք, որպեսզի ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները և շատ հարմարվողական լինենք այդ իրականությանը։ Մեկ պարզ օրինակ բերեմ միայն․ մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի․ ցորենը կարող է ռազմավարական ապրանք լինել, բայց ինչ-որ պահի մենք կարող ենք անցնել բրնձի և փոխել մեր հարմարվողականությունը և ունենալ բրինձը՝ որպես ռազմավարական ապրանք»,- Հայաստանում տեղի ունեցած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել էր ԱԽՔ քարտուղարը։
Ահա այսպես, Փաշինյանն ու իր թիմը պարբերաբար քաղաքացիներին մտցնում են ինչ-որ արհեստական դիլեմաների մեջ՝ իրական ու պատմական Հայաստան ու արդեն, կեղծ արժեքներ, հորինված պատմական դրվագներ, հորինված կեղծ հերոսներ… վերջում էլ, փաստորեն, ցորենի դեմ արշավ են սկսել՝ քաղաքացիներին առաջարկելով ճկուն կերպով անցնել բրնձի:
Եվ սա այն դեպքում, երբ ցորենը ռազմավարական, անվտանգային նշանակության ապրանք է:
Արմեն Գրիգորյանի և Գևորգ Պապոյանի այս մարազմատիկ մտքերի, ծրագրերի հեղինակը, ինչպես նկատեցիք, հենց Նիկոլ Փաշինյանն է:
ՊԵԿ-ի մաքսային ծառայության հրապարակած՝ ՀՀ ներմուծված ապրանքների վիճակագրության համաձայն` 2023 թվականին Հայաստան է ներկրվել 343.674 տոննա ցորեն և միայն 9882 տոննա բրինձ։ Ընդ որում, 343.674 տոննա ցորենից 343.602-ը Հայաստան է ներկրվել ԵԱՏՄ-ից, մասնավորապես` ՌԴ-ից։
Մասնագետները տարակուսած են Փաշինյանի և նրա թիմակիցների այդ անգրագետ հայտարարություններից՝ մենք հեռավոր ասիական երկի՞ր ենք, որ բրինձ օգտագործենք, կամ՝ Հայաստանում բրինձ աճո՞ւմ է, որ մեր ապագան դնենք բրնձի աճեցման վրա։ Ճահիճներ կա՞ն Հայաստանում՝ բրինձ աճեցնելու համար: Ավելին, Չինաստանից ներկրված բրնձի ինքնարժեքը 300 դրամից ավելի է, ցորենինը՝ 70 դրամ։
Կամ, ինտենսիվ այգիներում սալոր կամ այլ մրգերի տեսականի աճեցնելով՝ արդյո՞ք գյուղատնտեսություն են զարգացնելու և լուծելու երկրում պարենային անվտանգության խնդիրը:
Մասնագետները նաև հարց են հնչեցնում՝ իսկ ի՞նչ է անում Փաշինյանի կառավարությունը, որ ցորենը Հայաստանում ձեռնտու լինի, ինչպե՞ս է՝ ամբողջ աշխարհում, որտեղ ցորեն են աճեցնում, ձեռնտու է, մեզ մոտ՝ ոչ։
Հայաստանում ցորենի ինքնաբավության աստիճանը չի հասնում նույնիսկ 20 տոկոսի, իսկ պահանջարկի առյուծի բաժինը՝ ավելի քան 90 տոկոսը, Ռուսաստանից ներկրվող ցորենով է բավարարվում, ու փոխարենը մտածեն ինքնաբավության մակարդակը բարձրացնելու մասին, իշխանությունները հակառակ քայլերն են անում: Եվ սա այն դեպքում, երբ մենք պատերազմի, շրջափակման մեջ հայտնվելու իրական վտանգների առջև ենք կանգնած: Պատերազմող երկրում, թշնամիներով շրջափակված, հատուկենտ կյանքի ճանապարհ ունեցող երկրում ինչպե՞ս են նման որոշումներ կայացվում: Եվ արդյո՞ք դա թշնամու օրակարգ չէ՝ ուղղված Հայաստանի և հայ ժողովրդի դեմ: Պարզ է, չէ՞, եթե սահմանները փակվեն, ցորեն չլինի, դա ինչ հետևանքներ կարող է ունենալ մեզ վրա։
Մանրամասները՝ տեսանյութում