Բաժիններ՝

Օլեգ Թումանովի «Լաբիրինթ» օպերայի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Երևանում

Օլեգ Թումանովը Հայաստանի երաժշտասերների դատին կհանձնի «պաստիչո» ժանրի «Լաբիրինթ» օպերան։ Առաջնախաղերը տեղի կունենան նոյեմբերի 28-29-30-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Միջազգային թիմի և տեղի պրոֆեսիոնալ մասնագետների ջանքերով կցուցադրվի օրիգինալ ներկայացում օպերային ժանրում՝ պոստմոդեռնիստական թատրոնի բոլորովին նոր ստեղծագործություն։ Այն նոր լիբրետոյի շնորհիվ մեկտեղում է Բախի, Մոցարտի, Ռոսինիի, Դոնիցետիի, Օֆենբախի, Գունոյի, Բիզեի, Չիլեայի, Շարպանտիեի, Սեն-Սանսի, Վերդիի, Կալմանի, Ջենկինսի և շատ այլ կոմպոզիտորների երաժշտությունը:

«Լաբիրինթ. ամենևին էլ պարտադիր չէ, որ այն կապված լինի հրեշ մինոտավրոսի կամ հին եգիպտական տաճարների խճճված, ելքի որևէ հույսից զուրկ ուղիների հետ: Ընդհակառակը, երբեմն դրա անցումներում թափառելը կարող է վերակառուցել գիտակցությունը: Հենց դա էլ պատահում է իր դրամատուրգիայով և կոմպոզիցիայով եզակի «պաստիչո» ժանրի «Լաբիրինթ» օպերայի հերոսների հետ։ Օպերայի մտահղացման և սցենարի հեղինակ Օլեգ Թումանովը որոշել է մինչև եվրոպական բեմերում ներկայացման հայտնվելն այն առաջինը ցուցադրել իր պատմական հայրենիքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Թումանովի խոսքով՝ իր համար շատ կարևոր է հատկապես Հայաստանում կազմակերպել  օպերայի բեմադրությունը։

«Հայտնի է, որ հայ հանդիսատեսը շատ լավ ճաշակ ունի, և շատ խստապահանջ է։ Վստահ եմ, որ այս եզակի օպերան շատ կսիրվի հայ հանդիսատեսի շրջանում, հատկապես, որ մենք ներկայացնելու ենք վերջին 300 տարվա ընթացքում ստեղծված լավագույն օպերային արիաները»,-նշում է նա։Հատուկ բեմադրության համար պատրաստվում են յուրահատուկ դեկորացիաներ և կոստյումներ, որոնք հանդիսատեսին կտեղափոխեն 17-րդ դար։

Օպերայի երաժշտական ղեկավարը Դմիտրի Վոլոսնիկովն է, դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը, խմբավարը՝ Նարինե Ոսկանյանը։

Ռեժիսոր-խորեոգրաֆն է Իվան Ֆադեևը, իսկ բեմադրող նկարիչը՝ Ելենա Սոլովյովան։ Նախագծի ղեկավարն է Անի Եփրիկյանը։

«Լաբիրինթ»-ում ներգրավված են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը։ Ելույթներով հանդես կգան աշխարհահռչակ Լա Սկալայի, Քովենթ գարդենի, Վերոնայի թատրոնի, Մետրոպոլիտեն օպերայի, ՌԴ Բոլշոյ և Մարիինյան թատրոնների օպերային երգիչները, որոնց թվում են բարիտոն Վասիլի Լադյուկը, տենոր Յարոսլավ Աբաիմովը, բարիտոն Արտյոմ Գարնովը, սոպրանոներ Քրիստինա Գոնցան, Մարիա Բույնոսովան և Քրիստինա Պոնոմարյովան, մեցցո սոպրանո Անաստասիա Լեպեշինսկայան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս