Փաշինյանը տեր է փնտրում Արևմուտքում` իշխանությունը պահելու համար. Արամ Մանուկյան
Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները եկան ապացուցելու, որ վրաց ժողովուրդը, պարզապես, չցանկացավ Վրաստանը դարձնել ուկրաինական սցենարի 2-րդ մասը. ժողովուրդը հասկացավ՝ չի ուզում հակառուսական դաշտում դառնալ Արևմուտքի ձեռքում գործիք,-168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Վրաստանում կիրակի օրն անցկացված ընտրությունների, դրանց արդյունքների մասին, նման տեսակետ հայտնեց այդ ընտրություններին որպես դիտորդ մասնակցած ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
«Վրաց ժողովրդի հիմնական վախն ուկրաինական սցենարն էր. դրա համար էլ չքվեարկեցին արևմտամետ ուղղությամբ»,- ասաց Մանուկյանը՝ ընդգծելով՝ որպես դիտորդ՝ չի տեսել ընտրությունների մասսայական կեղծիքներ, ուստի, կարծում է, որ այսօր փողոցում հավաքվածներին՝ վրացական ընդդիմությանը, որը, ի դեպ, միասնական մեկ առաջնորդ էլ չունի, դժվար է լինելու հասնել ընտրություններին արձանագրված արդյունքների չեղարկման և նոր ընտրության։
«Չի հաջողվելու, որովհետև նույն այդ ընդդիմությունն էլ գիտի՝ մեծ ծավալի խախտումներ չեն եղել»,– նշեց Արամ Մանուկյանը։
Զուգահեռներ տանելով հայաստանյան ներքաղաքական կյանքի հետ, Արամ Մանուկյանը նշեց՝ ի տարբերություն Վրաստանի Կառավարության, Հայաստանի իշխանությունը ներկայացնողներն Արևմուտքի ձեռքում դարձել են գործիք՝ ընդդեմ Ռուսաստանի։
«Մերոնք ամբողջապես տրվել են այդ խաղին՝ դարձել հակառուսական, միայն թե Արևմուտքն իրենց աջակցի։ Սրանք իրենց բրնձային քաղաքականությամբ ուղղակի մակերես են։ Այս իշխանությունը մակերեսի իշխանություն է, խորքային ոչինչ չունի։ Հակառակ պարագայում, ինչպե՞ս է հնարավոր, որ դու անընդհատ գնաս զիջումների, երբ ունես հարյուրով գերիներ, արժանապատվության կորուստ, քո տարածքից 300 քառակուսի կիլոմետր տրված է, երբ քո հակառակորդը քո երկրում է, ի՞նչ խաղաղության մասին կարող ես խոսել,- ասաց ՀԱԿ փոխնախագահը՝ ընդգծելով,- Փաշինյանը տեր է փնտրում Արևմուտքում՝ իշխանությունը պահելու համար, իսկ այդ իշխանությունը պահել նրան օգնում է այն Արևմուտքը, որի օգնությամբ մենք կորցել ենք Արցախը, Հայաստանից տարածքներ, կորցնելու ենք նաև Հայաստանի տնտեսությունը։ Սա դավաճանություն է, լինել միայն մեկինը և վատացնել հարաբերություններն ուրիշների հետ։ Հակառուսականության հիվանդությունն ահավոր տարածվել է մեր երկրում, դարձել մասսայական»,- ասաց Մանուկյանը՝ նկատելով՝ Հայաստանում այս պատկերն է այն պարագայում, երբ զուգահեռաբար ԲՐԻԿՍ-ն ընդլայնվում է։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։