Մարկո Ռուբիո․ Ուկրաինան բազմիցս հարձակվել է ԱՄՆ-ի հետ կապված նավերի վրա
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ի հետ կապված նավերը և ամերիկյան նավթային մատակարարումները բազմիցս դարձել են ուկրաինական հարձակումների թիրախ, և կոչ է արել զինադադար հաստատել Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ։
«Ուկրաինան վերջին ամիսներին բազմիցս հարձակվել է ԱՄՆ-ի հետ կապված նավերի և ամերիկյան նավթային մատակարարումների վրա, հավանաբար՝ ոչ միտումնավոր։ Մենք չենք կարող թույլ տալ, որ սա շարունակվի։ Այս հարցը պետք է լուծվի», — հայտարարել է պետքարտուղարը։
Ռուբիոն չի հստակեցրել, թե կոնկրետ որ նավերի և որ միջադեպերի մասին է խոսքը։ Ավելի վաղ ուկրաինական ուժերը հարվածներ էին հասցրել Նովոռոսիյսկի շրջանում գտնվող օբյեկտներին, որը Սև ծովով նավթի արտահանման առանցքային կենտրոններից մեկն է։ Այս տարածաշրջանում գործում են ամերիկյան էներգետիկ ընկերություններ, այդ թվում՝ Chevron-ը և ExxonMobil-ը։
Միաժամանակ Ռուբիոն աջակցել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ զինադադարի գաղափարին։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը նպատակահարմար է համարում երկու երկրների էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ հարվածների դադարեցումը։
«Մենք կարծում ենք, որ էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ հարվածների դադարեցումը հիանալի գաղափար կլիներ։ Այդ դեպքում հարձակման չէին ենթարկվի ոչ Ուկրաինայի ենթակառուցվածքային օբյեկտները, ոչ էլ ռուսական էներգակիրների մատակարարումների հետ կապված օբյեկտները», — ասել է Ռուբիոն։
Պետքարտուղարի խոսքով՝ էներգետիկ զինադադարի հարցը քննարկվում է Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման նախապատրաստության ֆոնին։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցնել հարվածները ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ, եթե ստանա երաշխիքներ, որ Ռուսաստանը նույնպես կդադարեցնի հարձակումները ուկրաինական էներգետիկայի և կրիտիկական ենթակառուցվածքների վրա։

