Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Իրանն «ահաբեկչության թիվ մեկ հովանավոր» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Իրանը «ահաբեկչության թիվ մեկ հովանավոր» է անվանել և հայտարարել, որ Թեհրանին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել։

«Աշխարհի ընդհանուր դժբախտության համար ուժ հավաքել թույլ տրված վտանգի ավելի լավ օրինակ չկա, քան ահաբեկչության հովանավոր թիվ մեկը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը»,- հայտարարել է Թրամփը։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ «իրանական ռեժիմը 51 տարի շարունակ իշխել է արյունահեղության և զանգվածային սպանությունների միջոցով՝ «մահ, ավերածություններ և քաոս» տարածելով Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս։

«Նրանք Մերձավոր Արևելքի խուլիգանն էին, բայց այլևս այդպիսին չեն»,- ասել է Թրամփը։

Նա հայտարարել է, որ իր քաղաքական կարիերայի հենց սկզբից հետևել է անփոփոխ դիրքորոշման՝ Իրանը չպետք է միջուկային զենք ստանա։

Ըստ Թրամփի՝ պաշտոնը ստանձնելուց հետո ինքն անմիջապես բանակցություններ է սկսել Թեհրանի հետ և առաջարկել լիարժեք տնտեսական համագործակցություն՝ միջուկային ծրագրից և ահաբեկչության աջակցությունից հրաժարվելու դիմաց։ «Բայց նրանք մերժեցին։ Նրանք կտրականապես մերժեցին։ Դա մեծ սխալ էր»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հայտարարել է նաև, որ ամերիկյան Midnight Hammer («Կեսգիշերյա մուրճ») գործողության շրջանակում ԱՄՆ զինված ուժերը «ամբողջությամբ ոչնչացրել են» Իրանի միջուկային ծրագիրը՝ հարվածներ հասցնելով դրա օբյեկտներին։ Ըստ նրա՝ դրանից հետո Վաշինգտոնը կրկին առաջարկել է Թեհրանին համաձայնագիր կնքել, սակայն իրանական ղեկավարությունը նորից հրաժարվել է։

ԱՄՆ նախագահն Իրանը մեղադրել է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մեծ զինանոցի ստեղծումը շարունակելու մեջ, որը, ըստ նրա, վտանգ էր ներկայացնում ամերիկացի զինծառայողների և տարածաշրջանի այլ երկրների համար։

«Նրանք նաև Եվրոպա հասնելու ունակ հրթիռ էին ստեղծել և շատ էին հպարտանում դրանով»,- հայտարարել է Թրամփը։

Նա եվրոպական երկրներին կոչ է արել հաշվի առնել, որ, իր վարկածով, Իրանի հրթիռային ծրագիրը կարող էր օգտագործվել որպես միջուկային զենք ստեղծելու փորձը քողարկող միջոց։

«Եթե նրանց դա հաջողվեր, այս հանցավոր ռեժիմը հնարավորություն կստանար հավերժ ահաբեկչություն և մահ սփռել՝ իմանալով, որ իրեն կանգնեցնելու ցանկացած փորձ կբախվի միջուկային ոչնչացման զինանոցի հետ»,- ասել է Թրամփը։

Իր ելույթում ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև, որ ամերիկյան քաղաքականության գլխավոր նպատակը մնում է Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելը թույլ չտալը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930