Ոսպով և բազուկի ճավով ապուր
Բաղադրիչները՝
- 200 գ շագանակագույն ոսպ
- 300 գ բազուկի ճավ
- 3 միջին չափի հասած լոլիկ
- 1 միջին չափի գլուխ սոխ
- 100 գ շատ մանր մակարոն
- 4 ճ/գ ձիթապտղի ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը
Ոսպի վրա սառը ջուր լցրեք, և թողեք մնա 12 ժամ: Այնուհետև ջուրը թափեք, ոսպի վրա 1,5 լիտր սառը ջուր լցրեք, հասցրեք եռման աստիճանի և թույլ կրակի վրա 1 ժամ եփեք, վերջում աղ արեք:
Բազուկի ճավը կտրատեք և ոսպի եփելուց 20 րոպե առաջ բազուկի ճավն ավելացրեք կաթսայի մեջ:
Լոլիկները մաքրեք, սերմերն ու հեղուկը հեռացրեք, պտղամիսը մանր կտրատեք, սոխը մանրացրեք:
Խորը թավայի մեջ տաքացրեք ձեթը, սոխը մի փոքր տապակեք՝ չթողնելով, որ գույնը փոխվի, մոտ 5 րոպե: Ավելացրեք լոլիկը, մի փոքր աղ արեք ու 3 րոպե տապակեք:
Լոլիկի սոուսը ավելացրեք ոսպով ու բազուկի ճավով կաթսայի մեջ, ավելացրեք նաև մանր մակարոնը: Եփեք մինչև մակարոնի պատրաստ լինելը, մոտ 3-5 րոպե:
Ապուրը մատուցեք տաք վիճակում:
Խորհուրդ: Ապուրի մեջ կարող եք օգտագործել ինչպես վերմիշել, այնպես էլ ձևավոր մակարոնեղեն՝ աստղիկներ, խխունջիկներ և այլն: