«Եթե «միջանցքը» բացվեց, դա կլինի Հայաստանի ինքնիշխանության կորուստ, նշանակում է՝ մենք դառնում ենք թուրք-ադրբեջանական ինչ-որ վասալ, վիլայեթ». Ամատունի Վիրաբյան
Վերջին օրերի ընթացքում Թուրքիայի տարբեր պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարություններ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ։ «Ազատության» փոխանցմամբ, Kanal7-ի հետ զրույցում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանի արևելյան շրջաններից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել՝ ինչպես Իրանի, այնպես էլ՝ Հայաստանի տարածքով։
Ըստ նախարարի, առաջին դեպքում խոսքը 61 կմ երթուղու մասին է, երկրորդ դեպքում՝ մոտ 43 կիլոմետրի։
«Այսպես թե այնպես, մենք այս նախագիծն իրականացնում ենք Ադրբեջանի հետ միասին։ Որոշակի խնդիրներ կան, բայց դրանք կարող են լուծվել առաջիկայում։ Ժամանակի հարց է»,- ասել է Ուրալօղլուն։
Հոկտեմբերի 14-ին էլ Ժնևում հանդիպման ժամանակ այս թեմային անդրադարձել են Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները՝ Նուման Քուրթուլմուշը և Սաբիհա Գաֆարովան։
Քուրթուլմուշը նշել է, թե ցանկանում են, որ «ամենակարճ ժամանակամիջոցում Ղարաբաղը բարեկարգվի և «Զանգեզուրի միջանցքը» բացվի, օգուտ ապահովի Ադրբեջանի, Թուրքիայի և տարածաշրջանի մյուս ժողովուրդներին»։
Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցք» բացելը որևէ առնչություն չունի սահմանազատման ու սահմանագծման հետ, առավել ևս՝ Ալմա Աթայի հռչակագրի, որով իրականացնում են սահմանազատում։ Սա թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագիրն է, որը փորձում են իրականացնել։
«Միանշանակ սահմանազատումն ու սահմանագծումը որևէ «միջանցք» չի նախատեսում, նման գաղափար առհասարակ չկա այն հռչակագրում, որը երկու կողմերը հիմք են ընդունել գործընթացը սկսելու համար։ Այնտեղ մեկ տող է գրված, որ այս երկրները ճանաչում են Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող երկրների ադմինիստրատիվ սահմանները։
Ավելին՝ այսօր սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ անցկացնելու իմաստ չկա, որովհետև նման աշխատանքներ անցկացվել են 1986-1987 թվականներին։ Դրա հիման վրա կազմվել է 180-ից ավելի արձանագրություն՝ ամեն մի հատվածի վերաբերյալ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ամատունի Վիրաբյանը։
Ըստ Ամատունի Վիրաբյանի՝ ՀՀ իշխանությունը հստակ պետք է հայտարարի, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների հետ «միջանցքն» առնչություն չունի։ «Միջանցքն» այլ խնդիր է, որի մանրամասների մասին չի կարող որևէ բան ասել։
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ է նախատեսված «միջանցքը», որն այսօր կողմերից մեկը պարտադրում է, մյուս կողմը՝ դիմադրում, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին լավ չի պատկերացրել, թե դա ինչ է նշանակում։ Ռուսաստանի սահմանապահները պետք է այսօր հսկեին այս հատվածը, բայց նրանք չեն հսկելու։ Այդ կետը ներառվել է, որպեսզի Ռուսաստանն իր հսկողությունն այս տարածաշրջանում պահպանի, նաև գծի, թե այդ հատվածում ինչպիսի շարժ է լինելու:
Այնպես որ՝ սա Հայաստանի համար շատ բարդ խնդիր է, որովհետև եթե այդ «միջանցքը» բացվեց, դա արդեն Հայաստանի ինքնիշխանության կորուստն է, և դա նշանակում է, որ մենք դառնում ենք թուրք-ադրբեջանական ինչ-որ վասալ, վիլայեթ»,- ընդգծեց Ամատունի Վիրաբյանը։