Բաժիններ՝

Արքան՝ որպես գերագույն այգեպան․ Միքայել Բադալյան

Պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արարատի թագավորության միապետների բազմաթիվ արձանագրություններում հիշատակվում են պարտեզների կամ այգիների և խաղողուտների հիմնման մասին:

Սովորաբար, ուրարտական արքաները պարտեզ և խաղողուտ են հիմնել նոր քաղաք-ամրոցի, Խալդյան դարպասների հետ միասին:

Արձանագրություններից մեկում հիշատակություն կա Խալդյան դարպասների հիմնման, ինչպեսև նոր ամրոցի կառուցման մասին, որը Մենուան անվանում է «Խալդիի քաղաք»:

Այստեղ նշվում է նաև խաղողուտի (անվանվում է «Մենուայի խաղողուտ») և պարտեզի հիմնման մասին: Արձանագրության վերջին հատվածում տրված են Խալդյան դարպասների և պուլուսի կոչվող կոթողի առջև Խալդիին և Ուարուբանիին զոհեր մատուցելու և ինչ-որ արարողություններ կատարելու կարգադրությունները:

Կարելի է եզրակացնել, որ պարտեզներն ու խաղողուտները սովորաբար հիմնվել են նոր ամրոցների կառուցումից առաջ` խորհրդանշելով ուրարտական արքաների՝ որպես տերության գերագույն այգեպանի և պետության արգասաբերության երաշխավորի իշխանությունը: Այն, որ պարտեզների և խաղողուտների առնվազն մի մասը հիշատակվում են Խալդյան դարպասների և susi- տաճարների հետ նույն համատեքստում, մատնաշում է, որ նշված ձեռնարկումները որոշակի կապ են ունեցել Խալդի աստծո պաշտամունքի հետ և երբեմն կազմել նրա ծիսապաշտամունքային համալիրի մաս:

Նկարում՝ Ասորեստանի մայրաքաղաք Նինվեից գտնված Աշշուրբանիպալ արքայի բարձրաքանդակը, որտեղ երևում են վերջինիս հայր Սիննախերիբի այգիները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս