Հայ-ռուսական վերջին որոշումները կարող են լարվածություն առաջացնել հայ-իրանական հարաբերություններում․ վերլուծաբան

Հոկտեմբերի 7-8-ը Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում որոշում կայացվեց էլ ավելի կրճատել ՀՀ-ում ՌԴ ներկայությունը։ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառում արեց՝ նշելով, որ համաձայնություն է ձեռք բերվել նաև այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։

Ըստ Բաղդասարյանի, Փաշինյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար։

Ուշագրավն այն է, որ այս մասին հայտնի դարձավ ոչ թե պաշտոնական հաղորդագրությունից, այլ խոսնակի գրառումից, ինչպես Փաշինյան-Պուտին նախորդ հանդիպման ժամանակ, երբ որոշում էր կայացվել հանել ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից։

ՀՀ ԱԳՆ-ն ևս առանձին հաղորդագրությամբ, խոսնակի միջոցով հրապարակայնորեն հաղորդեց, որ ՀՀ-ն չի միացել ԱՊՀ նախարարների հայտարարությանը, թեև հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասաց, որ ՀՀ-ն ակտիվորեն մասնակցել է փաստաթղթի մշակմանը, ինչպես նաև ներկայացրել է առաջարկություններ, որոնցից որոշներն ընդունվել են։

Կարդացեք նաև

Վերադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպմանը, ստացվում է, որ հազվադեպ դարձած Փաշինյան-Պուտին յուրաքանչյուր հանդիպմանը որոշում է կայացվում կրճատել ՌԴ ռազմաքաղաքական ներկայությունը Հայաստանում, թեև հայաստանյան փորձագիտական համայնքի ստվար հատվածը գտնում էր, որ Փաշինյանը փոքր-ինչ փոխել է մոտեցումները Ռուսաստանի նկատմամբ։

Կրեմլամերձ «Ռիբար» թելեգրամյան ալիքը գրում է, որ չնայած երկրների միջև հարաբերություններում առկա տարաձայնություններին, որոշակի պայմանավորվածություն ձեռք բերվեց, և Փաշինյանը, ինչքան էլ որ շեղվեց, եկավ Մոսկվա, բայց, ինչպես սովորաբար լինում է, ամեն ինչ մանրուքների մեջ է։

Տելեգրամյան ալիքը թվարկել է, թե որ հատվածներից են այս ընթացքում հեռացվել ռուսները։ Ըստ հրապարակման, ռուս սահմանապահները լքում են հայ-իրանական սահմանն ամբողջությամբ, թեև համատեղ պարեկությունն այլ բան չի ենթադրում, քան ֆիկտիվ անվտանգության ապահովումը սահմանին։

Բացի այդ, «Ռիբար»-ի տեղեկություններով, ՌԴ ԶՈւ անձնակազմի ընդհանուր թիվը Հայաստանում կրճատվել է 50%-ով, և ռուսական ուժերը վաղուց հետ են քաշվել մի քանի բնակավայրերից՝ Գորիսից, Սիսիանից, Երասխից։

«Սևանա լճի մերձակայքում գտնվող Մարտունիում ռուսական ռադիոտեղորոշիչ խմբերը նույնպես լքել են իրենց դիրքերը։ Հենց նրանք են ապահովել Հայաստանի օդային տարածքի վերահսկողությունը և տվյալներ փոխանցել հայերին։

  • Ռուս սահմանապահներին երբեք թույլ չեն տվել մտնել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարա անցակետ։ Միաժամանակ, վերջին մի քանի տարիների ընթացքում հայ-թուրքական սահմանին ռուսական ԱԴԾ անձնակազմի թիվը նպատակաուղղված կրճատվել է։
  • Արդյունքում ձևավորվում է հետևյալ պատկերը. սահմանային կարևորագույն կետերն այլևս չեն գտնվում ՌԴ ԱԴԾ-ի վերահսկողության տակ, բայց հենց դրանց միջոցով են հիմնական տնտեսական հոսքերը և բոլոր այլ հաղորդակցությունները Իրանի, իսկ ապագայում՝ Թուրքիայի հետ»,- ասված էր գրառման մեջ։

Բացի այդ, տելեգրամյան ալիքն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Սյունիքի մարզում՝ Իրանի հետ սահմանին, դիրքավորվում և ամրապնդվում է ԱՄՆ-ը։

Նշենք, որ վերջին շրջանում էապես աճել է ԱՄՆ հետաքրքրությունը Սյունիքի մարզի նկատմամբ, այդ ուղղությամբ ամերիկյան այցերը, ինչպես նաև ամերիկյան միջոցառումները հաճախակիացել են։

Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ իշխանություններն իրականացվողը ներկայացնում են ՀՀ ինքնիշխանության ամրապնդման քողի ներքո, որ իբրև թե ռուս սահմանապահներին իրենց տեղակայման վայրերից հանելով՝ ՀՀ-ն ամրապնդում է իր անկախությունն ու ինքնիշխանությունը։ Սակայն, ըստ նրա, իրականում տեղի է ունենում այլ բան։

«Այս ամենն արվում է Հայաստան-Արևմուտք գործընթացի շրջանակում, դա է պատճառ, որ հրապարակային ներկայացվում է, որ ՀՀ-ն բոյկոտել է միջոցառումը, որոշել է դուրս բերել ռուսական ուժերին, սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, չի համաձայնում հանդիպման Ադրբեջանի հետ ռուսական հովանու ներքո։

Այս բոլոր քայլերը, այդ թվում՝ Իրանի հետ սահմանից ռուսական ուժերի դուրսբերումը, միտված են գոհացնել Արևմուտքին և ստանալ ինչ-որ բան դրա դիմաց։ Սակայն անհասկանալի է, թե ինչ է ստանում և ստանալու Հայաստանը նման կարևոր որոշումների դիմաց։ Մենք տեսնում ենք, որ Արևմուտքին ոգևորում են ՀՀ որոշումները՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից, դուրս բերել ռուս սահմանապահներին օդանավակայանից։

Վստահաբար այս վերջին որոշումները ևս կոգևորեն Արևմուտքին։ Սակայն իրականում, բացի հայտարարություններից, ոգևորությունից, իրական քաղաքականության տեսանկյունից ի՞նչ է ստանալու Հայաստանը։ Ես կարծում եմ՝ ոչինչ, բացի հորդորները՝ կարգավորել բոլոր հարցերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ ու ապրել իբրև թե խաղաղ, սակայն տեղում՝ ռեգիոնում ի՞նչ զարգացումներ կարող են ընթանալ, հեռու Արևմուտքում որևէ մեկին չի հետաքրքրում։ Հետաքրքրությունը մեկն է՝ թուլացնել Ռուսաստանն ու Իրանը»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Եվսեևն այս ամենին զուգահեռ՝ չափազանց հետաքրքիր է համարում ՀՀ մասնակցությունը ԵԱՏՄ-ին։

«Հայաստանին այս օգուտները պետք են, քանի որ նման օգուտներ ՀՀ-ն չի ստանա Արևմուտքից, սակայն այդ ամենը հարկավոր է առանց ռուսական ազդեցության»,- նկատեց նա։ Եվսեևի խոսքով, գործընթացի վերջնանպատակը, իհարկե, պետք է դառնա ռուսական ռազմաբազայի դուրսբերումը, որի մասին ակնարկներ Նիկոլ Փաշինյանն արևմտյան լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներում բազմիցս արել է։

Նրա դիտարկմամբ, Իրանի հետ հարաբերություններում քաղաքական մակարդակում պետք չէ բացառել տարաձայնություններն և լարվածությունը, քանի որ Իրանում խիստ լարմամբ են հետևում ՀՀ քաղաքականությանը և հասկանում են, թե ինչ է կատարվում հարևան երկրում։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, նրա խոսքով, ՌԴ-ն միջանկյալ որոշումներ է կայացնում։

«ՌԴ-ում հակված չեն հավելյալ խնդիրներ ստեղծել այս խնդրահարույց աշխարհաքաղաքական իրավիճակում։ Թե կոնկրետ հաշվարկը ո՞րն է, չեմ կարող ասել, սակայն ՌԴ քաղաքականությունը ևս փոփոխվում է պատերազմի իրավիճակում, հարմարվում որոշ նոր իրողությունների։ Սակայն սա ժամանակավոր փուլ է մինչ նոր աշխարհակարգի հաստատումը, որից հետո շատ բան կարող է այլ լինել։

Հարավային Կովկասը և Մերձավոր Արևելքը ներկայումս բավականին բարդ ռեգիոնների են վերածվել, որտեղ հնարավոր են բազմաթիվ զարգացումներ․ գուցե որոշումները կապ ունեն նաև հնարավոր զարգացումների հետ»,- ասաց Եվսեևը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել էր, որ Հարավային Կովկասի երկրների համար անցանկալի է Ռուսաստանի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը:

«Ապագան, որը կառուցվում է Ռուսաստանի և Իրանի՝ որպես տարածաշրջանի (Հարավային Կովկասի) անվտանգության հիմնական մասնակիցների առանցքի շուրջ, անկայուն է և անցանկալի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար»,- ասել էր Օ՛Բրայենը:

Տեսանյութեր

Լրահոս