«Ալենն ինքը տեղը չի բերում՝ որտեղ է գտնվում. ես չեմ վախենում, վախերս թողել եմ Արցախում». Մետաքսե Հակոբյան
«Այստեղ Ադրբեջանը չէ գլխավոր դերակատարը, այլ Թուրքիան, որի ցանկություններն ու նպատակները շատ լավ պատկերացնում ենք: Ի տարբերություն մեզ՝ Փաշինյանը ոչ թե պատկերացնում է, այլ հստակ գիտի դրանք: Կա պայմանավորված, հստակեցված ծրագիր՝ իր ժամկետներով, իր սկզբով, ընթացքով և ավարտով: Փաշինյանն այդ պայմանավորվածություններն իրագործողներից մեկն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Նա անդրադարձավ նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ալեն Սիմոնյանի հետ միջադեպին և դրանից հետո Սիմոնյանի արած հայտարարություններին:
«Նախ՝ ես խոստացել եմ, որ այլևս երբեք նրան ազգանունով չեմ դիմելու, իր այդ խոսքից հետո, իմ անունը նախ ձևափոխած ասելու և առանց ազգանունի դիմելու համար: Ինձ համար ցավալի է, որ նման բառապաշար ունեցող մարդիկ այսօր ներկայացնում են Հայաստանը նաև այլ հարթակներում, բայց օրինաչափ է այն հանգամանքը, որ մարդիկ, ովքեր փողոցից, իրենք չեն թաքցնում, ես փաստն եմ ընդամենն արձանագրում, եկել և զավթել են իշխանությունը, բնական է, որ պետք է ունենան փողոցային խոսույթ, ինչն ուղղակի մեզ համար է խորթ:
Բայց ինչևէ, ես փորձում եմ այդ բառապաշարն ավելի մեղմ դարձնելով՝ ասել՝ Ալենն ինքը տեղը չի բերում՝ որտեղ է գտնվում, մենք շատ լավ տեղը բերում ենք՝ որտեղ ենք, մենք մեր հայրենիքի մյուս հատվածում ենք: Հավասարապես գիտակցելով, որ տասնամյակներ շարունակ մեր քաջորդիները նահատակվել են հանուն Արցախի և Հայաստանի, հետևաբար, այն պատգամը, որ նրանք թողել են և որն անընդհատ շարունակվում է, այն է, որ մենք պետք է կարողանանք անպայման պահել, ուժեղացնել ՀՀ-ն և վերադարձնել Արցախը:
Շատ լավ տեղը բերելով մեր գտնվելու վայրը, իհարկե, չենք դադարեցնելու մեր գործունեությունը՝ անկախ այն հանգամանքից՝ ինչպիսի բռնաճնշումների կենթարկվենք, ինչպիսի հոխորտանքներ ու սպառնալիքներ կհնչեն մեր հասցեին: Վերջին 4 տարիներին վախերի միջով անցել ենք շատերս, այդ վախերը փաթեթավորած՝ թողել եմ Արցախում, ես այստեղ վախենալու խնդիր չունեմ՝ բացի այն, որ կկորցնեմ հայրենիքիս մյուս հատվածը: Հետևաբար, պետք է պայքարել հայրենիքի այդ հատվածը փրկելու, ուժեղացնելու համար, որպեսզի կարողանանք խոսել նաև հայրենիքի մյուս հատվածի մասին, ոչ թե հեքիաթներին հավատալ կամ հույսեր տածել, որ մի օր ինչ-որ հրաշքով կվերադարձնենք Արցախը: Երբ կվերադառնամ Արցախ՝ իմ մարդկային բոլոր վախերը կվերականգնվեն»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:
Ալեն Սիմոնյանը մասնավորապես նշել էր. «Իրենք տեղը չեն բերում, թե որտեղ են գտնվում. Կրկնում եմ՝ իրենք տեղը չեն բերում, թե իրենք որտեղ են գտնվում և ում հետ են շփվում։ Ես խոստանում եմ իրեն, իր շուրջը պտտվող մարդկանց, որ իրենք հաստատ տեղը բերելու են»:
Մետաքսե Հակոբյանը նշեց, որ չեն կոտրվելու և կանգ չեն առնելու և գնալու են Արցախ տանող ճանապարհով. «Մեր արժանապատվության տեղն օտարներն են ցույց տալիս, իսկ իշխանությունները հերքում են դա: Միջազգային հանրության համար գոնե արցախցիների վերադարձի իրավունքը հաստատ փակ չէ, և դա հստակ ակնարկ է, որ մաքսիմում այն, ինչ կարող են անել միջազգային դերակատարները՝ խոսելն է: Նրանք ասում են, որ՝ ձեր իշխանությունները չեն խոսում այդ մասին, ինչպե՞ս կարող են օտարներն անել կոնկրետ քայլեր: Այն, ինչ նրանք կարող են անել, հայտարարություններն են»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում