Իրան-Իսրայել սրացումն ամենաշատը կարող է անդրադառնալ հենց Հարավային Կովկասի վրա
Լիբանանի տարածքում Իսրայելի սկսած ցամաքային գործողությունից մեկ օր անց՝ հոկտեմբերի 1-ին, Իրանն ամենախոշոր բալիստիկ հրթիռային հարձակումն իրականացրեց դեպի Իսրայել։ Վերջին ամիսների ընթացքում սա Իրանի թվով երկրորդ նմանատիպ օդային գործողությունն է Իսրայելի ուղղությամբ։
Ապրիլի 13-14-ի գիշերն Իրանն արձակել էր 185 անօդաչու թռչող սարք, 110 բալիստիկ հրթիռ և 36 թևավոր հրթիռ։ Հրթիռների մեծ մասն արձակվել էր Իրանից, մի մասը՝ Իրաքից և Եմենից: Իրանն օպերացիան անվանել էր «Խոստման կատարում» և նախազգուշական հայտարարությամբ հանդես եկել։ Արևմուտքը սա կատարյալ ձախողում էր որակել, ինչպես և Իրանի իրականացրած վերջին գործողությունը, թեև տելեգրամյան ալիքներում տարածվող տեսանյութերից հստակորեն երևում է, որ իրանական հրթիռները հասնում են իրենց թիրախներին։ Բացի այդ, Mehr գործակալության փոխանցմամբ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ոչնչացրել է իսրայելական Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգը Fattah-2 հիպերձայնային հրթիռներով։ Այսինքն՝ առաջին անգամ ԻՀՊԿ-ն հիպերձայնային հրթիռներով ոչնչացրել է Arrow-2 և Arrow-3 հակահրթիռային պաշտպանության ռադարները։
Ընդհանուր առմամբ, ըստ տարբեր աղբյուրների, Իրանն արձակել էր 400 բալիստիկ հրթիռ, որոնց մեծ մասը՝ շուրջ 80%-ը, հաղթահարել են Իսրայելի ՀՕՊ համակարգը։ Գործողությունից հետո Իրանը հայտարարեց՝ Իսրայելի վրա իր ամենամեծ ռազմական հրթիռային հարձակումն ավարտել է՝ կանխելով հետագա սադրանքները։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները սպառնում են հակահարված տալ՝ ավելի լայն պատերազմի մտավախությունների ֆոնին։
«Մեր գործողությունները կավարտվեն, քանի դեռ Իսրայելի ռեժիմը չի որոշել հետագա պատասխան գործողություններ հրահրել: Այս դեպքում, սակայն, մեր պատասխանն ավելի ուժեղ և հզոր կլինի»,- X-ի իր ուղերձում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նույն հարթակում գրառում էր արել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեքշիանը՝ հայտարարելով, որ Իրանը պատերազմ չի «փնտրում»։ Սակայն, ըստ նրա, վճռականորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի ու կոչ անում Իսրայելին Թեհրանի հետ հակամարտության մեջ չմտնել։
Նա նաև հայտարարել էր, որ Իրանը պատասխանել է Իսրայելի գործողություններին հանուն անվտանգության և խաղաղության։ «Թող Նեթանյահուն իմանա, որ Իրանը ռազմատենչ երկիր չէ, բայց ամուր կանգնած է ցանկացած սպառնալիքի դեմ։ Սա մեր ուժի միայն մի կողմն է։ Իրանի հետ կոնֆլիկտի մեջ մի մտեք»,- գրել էր նա։ Իսկ ավելի վաղ, «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ը հայտարարել էր, թե սա Իրանի պատասխանն է Իսմայիլ Հանիեի, Սեյեդ Հասան Նասրալլայի և Նիլֆորոշանի սպանություններին։ «Մենք թիրախավորեցինք գրավյալ հողերի սիրտը»,- ասված էր ԻՀՊԿ հաղորդագրությունում, հավելելով, որ եթե Իսրայելը պատասխանի, ապա ջախջախիչ հարված կստանա։
«168 Ժամ»-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը, կանխատեսելով ռեգիոնալ հնարավոր զարգացումներ, ասաց, որ Իրանն իրականացրեց գործողություն, հասցրեց պատասխան հարված, սակայն հայտարարեց նաև դրա ավարտը։ Ավարտի մասին արձանագրումը, նրա խոսքով, առանցքային հանգամանք է, որը ցույց է տալիս, որ Իրանը երկարատև պատերազմ չի ցանկանում, սակայն պատրաստ է ետ մղել, անհրաժեշտության դեպքում՝ զսպել գործողությունները։
«Կցանկանայի ուշադրություն հրավիրել Արևմուտքի արձագանքների վրա, որոնք մեղմ էին Իրանի հանդեպ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Իսրայելի վրա արևմտյան որոշ կենտրոնների ազդեցությունը թուլացել է, նրանց չի հաջողվում հաճախ ազդել Իսրայելի կայացրած որոշումների, հավակնությունների վրա այն դեպքում, երբ Արևմուտքը, ԱՄՆ-ը և մնացած այլ երկրներն ու կենտրոնները Մերձավոր Արևելքի վերաբերյալ բանակցություններ են վարում, գործընթացներ գեներացնում։ Այս խնդիրն առաջանում է նաև այն պատճառով, որովհետև Արևմուտքը միատարր չէ։ Իհարկե, Արևմուտքն ընդհանուր գիծը պահպանեց, դատապարտեց, սակայն եղան նաև այնպիսիք, որոնք ընդհանուր կոչ ուղղեցին և հանդես եկան ռեգիոնում խաղաղության հաստատման օգտին և հայտարարվեցին անցանկալի անձ Իսրայելում։ Խոսքը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մասին է, որն օրերս էր հանդիպել Նյու Յորքում Իրանի նախագահին և քննարկել ռեգիոնալ իրավիճակը, լսել իրանական կողմին, և տարածված հաղորդագրությունից կարելի էր ենթադրել, որ հանդիպումն անցել էր դրական և ըմբռնողականության մթնոլորտում։ Իրանի իշխանությունը որքան էլ Արևմուտքի հետ բարդ հարաբերություններ ունի, փորձում է իր դիրքորոշումները հասցնել Արևմուտք և հասնել իրավիճակի որոշակի մեղմման»,- ասաց Բարզեգարը։
Նա գտնում է, որ ավելորդ է ասել՝ իրավիճակը բարդ է, բնականաբար, Իսրայելից լինելու են գործողություններ երկու ուղղություններով՝ Լիբանան և Գազա, չեն բացառվում նաև այլ ուղղություններ։ «Այնուամենայնիվ, Արևմուտքի դիրքորոշումը կարևոր է լինելու, և չեմ կարծում, թե Արևմուտքն այս անգամ մեծ աջակցություն է ցուցաբերելու այս ամենին և սրա խորացմանը։ Ուստի չեմ կարծում, որ լայնածավալ պատերազմ բռնկվի, կլինեն գործողություններ»,- նկատեց նա։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, Բարզեգարի խոսքով, բնականաբար, Մերձավոր Արևելքում այս բռնկումները չեն կարող չանդրադառնալ Հարավային Կովկասի վրա գոնե միայն այն պատճառով, որ Իրանն ավելի սերտ հարաբերություններ ունի Հայաստանի, իսկ Ադրբեջանը՝ Իսրայելի հետ։ Նրա գնահատմամբ, ամենաշատը հենց այս ռեգիոնի վրա կարող են անդրադառնալ։
«Բացի դա, կան մի շարք չլուծված հարցեր Հայաստանի ու Ադրբեջանի միջև, բանակցությունների վերջնական փուլը կարծես չի հաջողվում, լարվածությունը և սպառնալիքները պահպանվում են, ռազմական միջադեպերի վտանգներն այս ֆոնին ևս պահպանվում են, ուստի ցանկացած ապակայունացում հարևան գոտում կարող է իր անդրադարձն ունենալ Հարավային Կովկասի վրա։ Սովորաբար պատերազմը մեծ ռեգիոններում, մեծ երկրների բախումները շղթայական ազդեցությամբ տարածվում են ավելի փոքր ռեգիոնների ու խնդիրների վրա։ Ուստի հնարավոր հետևանքը տրամաբանական է։ Այս փուլում բոլորը, կարծում եմ, հավելյալ զգոնությամբ պետք է փորձեն կառավարել ռիսկերը։ Սակայն, ինչպես տեսնում եք, և ինչպես Իրանում հայտարարում են, Իրանն ամուր է կանգնած և աջակցում է նաև իր հարևաններին, կանգնած է իր սկզբունքային դիրքորոշումների վրա, որոնք տարածվում են նաև Հայաստանի վրա»,- ասաց վերլուծաբանը։ Նրա գնահատմամբ, հաշվի առնելով Իրանի հստակ դիրքորոշումը և հանձնառությունը, հայ-իրանական քաղաքական համագործակցությունը կարող է ունենալ ավելի խորը և համաձայնեցված բնույթ։
«Հայ-իրանական հարաբերությունները դրական հունով են ընթանում, դրանց նպաստում է թե ռեգիոնալ իրավիճակը, թե ԵԱՏՄ-ն, թե աշխարհաքաղաքական շահերը, սակայն ՀՀ-Արևմուտք հարաբերությունները և Արևմուտքի դիրքավորումը Հարավային Կովկասում, կարծում եմ, որոշակիորեն սահմանափակող գործոն է»,- ասաց նա։