Ճապոնիան 2025 թվականի հունիսից առաջին անգամ ռուսական նավթ է գնել
Ճապոնական Taiyo Oil ընկերությունը գնել է Սախալինից Sakhalin Blend տեսակի ռուսական նավթի խմբաքանակ՝ Մերձավոր Արևելքից դուրս մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման ջանքերի շրջանակում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցչին։
Ըստ Taiyo Oil-ի ներկայացուցչի, ընկերությունը «սոցիալական պատասխանատվություն է կրում նավթամթերքների կայուն մատակարարումների ապահովման համար» և այդ կապակցությամբ «պատշաճ կերպով գործում է Բնական ռեսուրսների և էներգետիկայի գործակալության հետ համագործակցությամբ»։ Դրա համար օգտագործվում են նավթի ազգային պաշարները, ինչպես նաև «ջանքեր են գործադրվում մատակարարումները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ [տարածաշրջաններից] Մերձավոր Արևելքից դուրս»։
Ընկերության ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Sakhalin Blend տեսակի նավթի մատակարարումների վրա պատժամիջոցներ չեն տարածվում»։ Միևնույն ժամանակ, «Sakhalin Blend տեսակի նավթի ապագա գնումների վերաբերյալ որոշումներ չեն ընդունվել»։
«Կոմերսանտ» պարբերականի տեղեկություններով, վերջին տարիներին Ճապոնիան նավթի մատակարարումների 95%-ը ստանում է Մերձավոր Արևելքի երկրներից։ Ներմուծման մեծ մասն անցնում է Հորմուզի նեղուցով։ 2022 թվականից գործում է բացառություն «Սախալին-2»-ից ռուսական նավթի ներմուծման համար, քանի որ դա անհրաժեշտ է Ճապոնիայի էներգետիկ անվտանգության համար։ Վերջին անգամ Taiyo Oil-ը ռուսական նավթ էր գնել 2025 թվականի հունիսին։ Այդ ժամանակ ճապոնական ընկերությունը ստացել էր Sakhalin Blend մակնիշի նավթի 600 հազար բարել, և այդ մատակարարումը դարձել էր առաջինը ավելի քան երկու տարվա ընթացքում։



