Ժողովուրդ, ձեզ բացեիբաց ասում է՝ ձեզ Հայրենիք պետք չէ, խաշլամա կերե՛ք ու հեծանիվ քշե՛ք. Արթուր Խաչիկյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Վեց տարի շարունակ արևմտյան/հակառուսական քարոզիչները մեզ համոզում էին, որ կան արևմտյան արժեքներ ու մարդու իրավունքներ, բայց մենք տեսնում ենք, որ ամերիկյան այս կառավարությունը չի ներկայացնում ամերիկյան ժողովրդի շահերը, այլ սպասարկում է Իսրայելի շահերը։ Ցինիկ ու ցավալի է, որ Իսրայելին ամեն ինչ թույլ է տրվում, այդ թվում՝ պաղեստինցի երեխաների սպանությունները… Դա տեռորիզմ է՝ ահաբեկչություն։ Իսրայելը բացարձակ ցինիկ, ֆաշիստական պետություն է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի իսրայելական լոբբիի կողմից։ Իսրայելցիները փողով ցեղասպանություն են իրականացնում։
- Պարզվեց, որ Իսրայելն անպաշտպան է այսպիսի ծավալի հարձակման առջև, չդիմացան իսրայելական հանրահայտ «Երկաթե գմբեթները»։ Սա մեծ հարված էր Իսրայելի հեղինակությանը։ Նրանք ասում են, որ պատասխանելու են Իրանին։ Կարող է լինել հարված Իրանի ռազմական կամ միջուկային օբյեկտների դեմ, կամ ԱՄՆ-ի օգնությամբ ավելի ծավալուն հարված կհասցնի Իրանին։ Նպատակը կլինի Իրանի ապակայունացումը, որի հետևանքով, ինչպես իրենք են սիրում ասել, ռեժիմը կփոխվի։ Իհարկե, կլինի հակահարված, և ես հույս ունեմ, որ այն չի վերածվի մեծածավալ էսկալացիայի։ Այսպիսի պատերազմի կոնտեքստում մենք ավելի անկարևոր կլինենք աշխարհի համար։
- ԱՄՆ-ում գրեթե բոլոր լրատվամիջոցները հօգուտ Իսրայելի քարոզչություն են տանում․ տեսնում եք՝ Պուտինին դարձրել են սատանա։ ԱՄՆ-ում ատում են Ռուսաստանին։ Կարծում են՝ բոլորը պետք է ենթարկվեն իրենց։ Նրանք կարծում են, որ բռնի ուժով կարող են տարածել արևմտյան արժեքները։ Դա հանգեցրեց Սիրիային, Ուկրաինային…
- Ցավում եմ, որ այսօր Ամերիկայից մնացել է Ամերիկայի շողքը, չկա ամերիկացիների ինքնությունը, վերացել է միջին խավը։ Ես սիրում եմ Ամերիկան և ցավում եմ, որ այսօր այդ երկիրը հնարավոր չէ ճանաչել… Այնտեղ հիմա իշխում է ֆանատիկ ձախ գաղափարախոսությունը։ Ամերիկայում կա 36 սեռ, այդ թվում՝ ջրիկ, կասկածող, չկողմնորոշված ու նման սեռեր։ Ըստ նոր օրենքի՝ երեխաներին դպրոցներում սեռափոխության վիրահատության են ուղարկում՝ առանց ծնողների հետ խորհրդակցելու։ Երեխաների մեջ կասկած ենք գցում, հարցնում են՝ դուք համոզվա՞ծ եք, որ տղա եք կամ աղջիկ։ Սա բոլշևիկներից ավելի վատ քաղաքականություն է։ Քամալա Հարիսը ֆանատիկների, գլոբալիստների ճամբարից է։ Կասկածում եմ, որ նա կկարողանա երկիր ղեկավարել։
- Ուկրաինան գրեթե ստորագրում էր խաղաղության պայմանագիրը, բայց եկավ Բորիս Ջոնսոնը և Զելենսկուն համոզեց կռվել։ Դրանից հետո 500.000 մարդ է զոհվել։ Ուկրաինացիների սպանդը նրանց խղճին է։ Ցավոք, Զելենսկին այնքան խելք չունեցավ, որ իր ժողովրդին չներքաշի այդ ավանտյուրայի մեջ։ Վրացիները, բարեբախտաբար, հասկացան և իրենց երկիրը չներքաշեցին այդ ավանտյուրայի մեջ։
- Մեզ՝ հայերիս, Արևմուտքից «գցեցին»՝ շատ գեղեցիկ ձևով՝ օգտագործելով այն մարդկանց, ովքեր գրանտների դիմաց կործանեցին մեր երկիրը։ Որևէ մեկը մեզ չօգնեց, դաշնակից չեղավ։
«Հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո կա՛մ Վրաստանը կվերադառնա իր եվրոպական ուղուն` ես դրանում համոզված եմ, և վստահ եմ, որ դրանից հետո իրադարձությունները շատ արագ կզարգանան, և հունիսին Ուկրաինայի ու Մոլդովայի հետ կհայտնվենք եռյակում: Կա՛մ այլևս չի լինի Վրաստան, և դա ողբերգություն կլինի ոչ միայն նրա, այլ նաև հարևան Հայաստանի համար, որը զարգանում է նույն ուղղությամբ, և որին պետք է վրացական կամուրջը, և սա ողբերգություն կլինի Կովկասի ու այս տարածաշրջանում Եվրոպայի ներկայացուցչության համար, որը շատ կարևոր է իր գտնվելու վայրով»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
- Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու համար հեշտ է, նա Ֆրանսիայի քաղաքացի է, հարմար պահի կհավաքի իրերն ու կհեռանա, իսկ ի՞նչ է անելու վրաց ժողովուրդը։ Արևմուտքն ուզում է Վրաստանում Մայդան անել, սակայն վրացիները խելքները գլուխները հավաքեցին ու չեն սպասարկում ո՛չ Արևմուտքի, ո՛չ Ռուսաստանի շահերը, այլ բացառապես՝ իրենցը։
- Ադրբեջանի հետ Արևմուտքը միլիարդավոր դոլարների պայմանագրեր է կնքում, ու նրանց ոչ ոք չի ասում՝ հրաժարվեք Ռուսաստանից, ի տարբերություն մեզ։ Տարբերությունն այն է, որ Ալիևը թույլ չի տալիս, որ իր երկրում գործակալական ցանցը տարածի իր ազդեցությունը։
- Ադրբեջանը քայլ առ քայլ գնում է Հայաստանի ապամոնտաժմանը։ Հիմա ասում են՝ բանակ չեք ունենալու, հետո կգան հարյուր-հազարավոր ադրբեջանցիներ, հետո մենք չենք ունենա սահմաններ ու վերջում կունենանք Ադրբեջանի կազմում լայն ինքնավարություն։ Սա շատ լուրջ վտանգ է։ ՀՀ գործող իշխանությունների գործողությունների արդյունքում մենք արդեն ինքնիշխան պետություն չենք։ Ինքնիշխան պետությանը որևէ հարևան չի ասում՝ փոխի՛ր Սահմանադրությունդ ու վերացրո՛ւ բանակդ։
- Ցավալի է, բայց մեր ժողովուրդը շատ ավելի մեծ ցավով է խոսում անցյալի թերությունների մասին, քան Արցախի, Հայրենիքի կորստի մասին։ Այո՛, նախկինում եղել են սխալներ։ Բայց սա չէ սխալներ ուղղելու ձևը։ Հայրենիք կործանելը կոռուպցիայի դեմ պայքարելու ձև չէ։ Իսկ հիմա կոռուպցիա չկա՞․․․
- Մենք ունենք տապալված պետություն, որին աշխարհում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։ Ռուսաստանն ու Իրանը մեր մեջքի հետևում մեր մասին բան են որոշում, Թուրքիան ու Ադրբեջանն ընդհանրապես բանի տեղ չեն դնում մեզ։ ՀՀ այս իշխանությունները կանխատեսելի չեն, աշխարհում ոչ ոք սրանց չի վստահում։ Ամեն օր արթնանում ենք ու նոր բան ենք իմանում։ Մի օր Ռուսաստանի թշնամի են, մի օր՝ բարեկամը։ Սա բիպոլյար հիվանդություն է։ Մարդն իր տեղում չէ, ո՛չ կրթություն ունի, ո՛չ մակարդակ։ Անգամ ՄԱԿ-ի ամբիոնի մոտ նա չէր հասկանում՝ որտեղ է գտնվում։ Երևի գիտեր՝ ՔՊ-ի վարչության նիստն է։ 190 երկրների ներկայացուցիչներ նստել լսում էին, որ ապագա կա… Դա խայտառակություն էր, բոլորիս համար ամոթալի, որ մեր երկիրն այդ մարդն է ներկայացնում: Նա ոչ մի բան չասաց մեր ժողովրդի մասին, ստիպված Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մի 2 բառ ասաց, բայց նա էլ գեղեցիկ բառերից այն կողմ չի գնում, շարունակում է կոնտրակտներ կնքել Ադրբեջանի հետ։
- Արևմուտքը գեղեցիկ է խոսում, բայց իրականացնում է ռեալ պոլիտիկ, և միայն մեր եվրոշամանների համար է նրանց ելույթները կարևոր։
- Մենք երբեք չենք իմանա իրական ճշմարտությունը, թե Նյու Յորքի Թուրքական տանն ինչի մասին են պայմանավորվել Փաշինյանն ու Էրդողանը։ Կհանձնեն երկիրը, կստանան «խաղաղություն» ու Երևանում, մարզերում կանցկացնեն փառատոներ՝ գինու, գարեջրի, քյուֆթայի, բոզբաշի… Դուք տեսե՞լ եք փառատոների ցանկը։ Մարդը բացեիբաց ասում է՝ Հայրենիք ձեզ պետք չէ, դուք գնացե՛ք, խաշլամա կերե՛ք ու հեծանիվ քշե՛ք։ Ի վերջո, բարեկեցիկ կարելի է Լոս Անջելեսում էլ ապրել, ի՜նչ Հայրենիք։ Սա միկրոգորբաչով է հիշեցնում, բայց Գորբաչովն և իր կինն այլ մակարդակի մարդիկ էին, իհարկե։
- Ադրբեջանը շարունակելու է պահանջներ ներկայացնել։ Իհարկե, ամեն ինչ վերցնելու են։ Իսկ ինչո՞ւ պիտի կանգ առնենք։ Ես չեմ չափազանցնում։ Եթե մեզ ասում են՝ Սահմանադրությունը փոխեք, Արարատ սարի մասին մի՛ խոսեք, Ցեղասպանության հուշահամալիրն էլ կփակեն, Նեմեսիսի հուշարձանն էլ կհանեն, Հայաստանի բնակավայրերի անուններն էլ կփոխեն։
- Իմ կարծիքով՝ դեռ կան մի 15-20 % մարդիկ, ովքեր Փաշինյանի աղանդի կողմնակիցներ են։ Նրանք իսկապես սեկտանտներ են։ Կա մի ուրիշ զանգված, որ ձեռքբերովի անօգնականության մեջ են, կոտրված ու ապատիայի մեջ։
- Ես սատարում եմ Բագրատ սրբազանի շարժմանը։ Բայց ընդդիմությունը պետք է ցույց տա, որ ունի ծրագիր։
- Ես ինձ իրավունք չեմ վերապահում քննադատել Վեհափառին։ Իհարկե, դժվար է ընդունել, որ Սուրբ Մեռոնի օրհնությանը և Մայր Տաճարի վերաօծմանը հրավիրել են այսքան դժբախտություն բերածներին, բայց մյուս կողմից՝ նրանց քվեարկող 700.000-ի պատճառով նրանք այսօր ներկայացնում են մեր պետությունը։ Գուցե պետք էր հրավիրել։ Եկեղեցին իր քայլն արեց, պետք էր հարգանք ցուցաբերել Եկեղեցու հանդեպ։ Ափսոս, որ այսպես ստացվեց։
- Ես գուբերնիա չեմ ուզում դառնալ, բայց վիլայեթ էլ չեմ ուզում դառնալ։
Մանրամասները՝ տեսանյութում։