Մեր էկոնոմիկան նախադեֆոլտային է, ներդրումների առումով՝ խայտառակ վիճակում․ Ատոմ Մարգարյան

Նիկոլ անունով մի ընդդիմադիր պատգամավոր դեռ 2017 թվականին վստահեցնում էր՝ «Հայաստանը ԵԱՏՄ-ում անելիք չունի», իսկ ասվածը հիմնավորում էր կառույցի անարդյունավետությամբ, ավելին՝ նա իր քաղաքական թիմի հետ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցն ուսումնասիրող հանձնաժողով էր նախաձեռնել, բայց այդ գաղափարն այդպես էլ հորով-մորով չէր արել։

2018 թվականի հայտնի իրողություններից հետո, թավշյա դիտանկյունից, պարզվեց, որ ԵԱՏՄ-ն այդքան էլ վատ բան չէ Նիկոլ Փաշինյանի համար․ 2019 թվականին արդեն նա Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հոբելյանական նիստին հայտարարեց․ «Ինչպես բազմիցս նշել եմ, մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությամբ և կգործադրենք բոլոր ջանքերը` համագործակցության մեխանիզմների կատարելագործման համար»։ Այսօր էլ՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ դիմավորեց ԵԱՏՄ տնտեսական ֆորումի մասնակիցներին։

Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը դեմ չէ, քանի որ այն ցուցանիշները, որոնք արձանագրում է Հայաստանը տնտեսական կառույցի ներսում, թույլ են տալիս բարձրագոչ հայտարարություններ անել, գլուխ գովել։

Ու այսօր, երբ արտահանման հիմնական շուկան մնացել է ԵԱՏՄ-ն, ի մասնավորի՝ Ռուսաստանը, երբ մինիմալի են հասցվել եվրոպական երկրների հետ առևտրային հարաբերությունները, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի տնտեսագետները խոսում են տնտեսության ու արտահանման դիվերսիֆիկացիայից։

Կարդացեք նաև

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը թեև ԵԱՏՄ-ում դրական զարգացումներ չի տեսնում, սակայն նաև նշում է՝ այս իշխանության պարագայում այլընտրանքներ փնտրելն էլ իրատեսական չէ։

«Միշտ խոսել են, որ ԵԱՏՄ-ն կարող է գեներացնել հորիզոնական, փոխշահավետ հարաբերություններ, բայց քանի որ իրականում կողմերը Կռիլովի առակի նման տարբեր ուղղություններով են քաշում իրենց բեռները, արդյունքում ստացվում է, որ ոչ մի նման զարգացումների մասին խոսք լինել չի կարող։ Ընդհանուր շուկաները (առաջին հերթին՝ ռեսուրսների շուկան) ձևավորված չեն. որտե՞ղ է ընդհանուր գազային շուկան, էլեկտրաէներգետիկական շուկան և այլն,- 168am-ի հետ զրույցում մանրամասնեց Ատոմ Մարգարյանը և հավելեց,- Փաստը մնում է փաստ՝ այդ շրջանակում հարաբերությունները վասալի և սուվերենի հարաբերություններ են»։

Տնտեսագետը շեշտեց՝ այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակում դրական սպասումներն իրատեսական չեն, իրատեսական չեն նաև ԵԱՏՄ-ին այլընտրանք փնտրելու մասին հարցադրումները։

«Օրվա վարվող քաղաքականությունը բացարձակապես ադեկվատ չէ ռազմաքաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, էթնոմշակութային ռիսկերին ու մարտահրավերներին։ Եվ այլընտրանքների փնտրտուքների մասին կարող ենք խոսել, եթե բոլոր առումներով ձախողված ու տապալված այս իշխանությունը հեռանա,- նշեց մասնագետը՝ վստահեցնելով, որ գործող իշխանություններն ի վիճակի չեն անգամ 2-3 տարվա ռազմավարական ծրագրեր մշակել,- Իրադրային՝ այո՛, կառավարվում է, բյուջեն կարողանում է հավասարակշռել, որովհետև պարտք են տալիս»։

Ատոմ Մարգարյանն ուշադրություն հրավիրեց ոչ միայն դրսից, այլև՝ ներսից ներգրավվող պարտքային բեռի վրա և արձանագրեց․ պետական պարտատոմսերի գերուռճացված շուկան մի օր կարող է ուղղակի պայթել։

«Շատ թանկ հաճույք է ներքին պարտքի հաշվին այդպիսի բյուջետային կայունություն գեներացնելը․ դա մի գեղեցիկ օր ուղղակի պայթում է։ Մեր էկոնոմիկան նախադեֆոլտային է, ներդրումների առումով՝ խայտառակ վիճակում է․ այն, ինչ կարող էր դառնալ մասնավոր աղբյուրներից ներդրումներ, դրանք պետությունը քաշում է իր՝ բավականին թանկ ներքին պարտք գոյացնելու հաշվին, այսինքն՝ ինքը շատ բարձր տոկոսներով, հարկատուների և ապագա սերունդների հաշվին՝ կլանում է այդ ռեսուրսներն իր իշխանության խնդիրները լուծելու համար»,- շեշտեց տնտեսագետը։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի՝ հին ու նոր հայտարարություններում առկա հակասությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի մասին, չեն զարմացնում մասնագետին։

Ինչպե՞ս ստացվեց, որ ԵԱՏՄ-ն մերժող և անընդհատ Եվրոպայից խոսող պատգամավոր Նիկոլ Փաշինյանը թավշյա պաշտոնավարման ընթացքում արագորեն հարմարվեց ԵԱՏՄ իրականությանը՝ հարցին ի պատասխան՝ Ատոմ Մարգարյանը նկատեց․

«Եթե ձեր քաղաքականությունները, կարգավորումները, գործիքակազմերն ու ռազմավարություններն ուղղված չեն մրցունակ, բարձր արտադրողական, ավելացված արժեքի մեծ մասնաբաժին ունեցող պրոդուկտների խթանմանը, դուք չեք կարող ունենալ այնպիսի բրենդներ, արտադրել այնպիսի պրոդուկտներ, որոնք կընդունի եվրոպական շուկան․ գնալս ո՞րն է՝ դա ավտոբուս չէ՝ դու պետք է ունենաս այդ կարողությունը։ Շուկաները դեմոկրատական համակարգեր են, դրանք բացվում են, եթե մրցունակ պրոդուկտներով հայտ է ներկայացվում։ Իսկ Փաշինյանը կարո՞ղ է ասել այն բրենդները, որով նա կարող է մրցել եվրոպական, զարգացած ասիական… և ցանկացած շուկայում․ չկա՛։ Խոսելով չի։

Ինչ վերաբերում է, թե ժամանակին ինչ է ասել ու հիմա ինչ է ասում․․․ նա քաղաքականության խաղորդներից է եղել․ դա նորմալ է։ Պրոբլեմը ոչ թե Փաշինյանի ու օրվա իշխանության, այլ հասարակության մի հատվածի տգիտության ու խավարամտության մեջ է։ Հասարակությունն իր քվեով, ակտիվությամբ ու քայլերով պետք է մերժի այսպիսի մանիպուլյացիաներն ու քաղաքական աճպարարությունները»։

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում Երևանում անցկացվում է երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումը:

ՀՀ-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունն 2023 թվականին կազմել է 7 միլիարդ 616 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա համեմատությամբ՝ աճել է 42,7 տոկոսով․ 2022-ին այն կազմել էր ավելի քան 5 միլիարդ 300 միլիոն դոլար, Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը գերազանցել է 3,6 միլիարդ դոլարը՝ նախորդ տարվա համեմատությամբ աճելով մոտ 41 տոկոսով, ԵԱՏՄ երկրներից ՀՀ ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի՝ գերազանցել է 4 միլիարդ դոլարը, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ աճել է 45 տոկոսով։ Աճերը պահպանվել են նաև 2024 թվականի առաջին կիսամյակում։

Տեսանյութեր

Լրահոս