«Պատրա՛ստ եմ, հենց հիմա՛»,-ասաց Փաշինյանը. իսկ ՄԱԿ-ում հիմար չեն, պարզապես բարեկիրթ են
ՄԱԿ-ում հիմար մարդիկ, որպես կանոն, չեն լինում, կամ քիչ են լինում, այլ բան է, որ արևմտյան բարեկրթությունը պահանջում է ժպտալ և երեսին չշփացնել ողջ ճշմարտությունը: Նույնիսկ, երբ դիմացինը ամենաստոր սուտն է հնչեցնում ելույթում:
Նիկոլ Փաշինյանը ժամեր առաջ ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում:
Մի կողմ թողնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի պես Փաշինյանը բառացիորեն կրկնում էր նույն խոսքերը, որ պետք է օգտվել այս պատմական հնարավորությունից և փասթաթուղթ ստորագրել`շատ լավ իմանալով, որ այդ պայմանագիրը գործնականում որևէ խաղաղություն չի ապահովելու:
Հիշեցնենք, 2022թ. սեպտեմբերին էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 77-րդ նստաշրջանում իր ելույթում հայտարարում` Հարավային Կովկասում խաղաղության հաստատման պատմական հնարավորություն կա.
«Երբ Ադրբեջանը ազատագրեց իր գրավյալ տարածքները, Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման պատմական հնարավորություն ստեղծվեց», – հայտարարում էր Էրդողանը` ևս մեկ անգամ կրկնելով ի լուր աշխարհի, որ իրենք շարունակելու են սատարել ադրբեջանցի եղբայրներին, որոնք մարտնչում են հանուն իրենց իրավունքների և ապագայի։
Նաև մի կողմ թողնենք այն, որ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից, ի լուր աշխարհի հայտարարեց, որ պատրաստ է կատարել Ալիևի և Էրդողանի պահանջը` փոխել ՀՀ Սահմանադրությունը, այսինքն` չեղարկել Հայաստանի Անկախության հռչակագիրը և, փաստացի, կազմալուծել Հայաստանի Երրորդ հանրապետությունը:
«Ադրբեջանը պնդում է, թե Խաղաղության պայմանագրին խոչընդոտում է ՀՀ Սահմանադրությունը, որը իբրեւ թե տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Մեր Սահմանադրության մեջ նման բան չկա, չկա տարածքաին պահանջներ Ադրբեջանի նկատմամբ: Ասեմ ավելին՝ Ադրբեջանի սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում ՀՀ նկատմամբ և սրա մասին էլ կարող ենք գրավոր հիմնավորումներ ներկայացնել հարցով հետաքրքվող մեր բոլոր միջազգային գործընկերներին: Բայց ուշադրություն դարձրեք, մենք Ադրբեջանի Սահմանադրությունը խաղաղության պայմանագրի խոչընդոտ չենք համարում` այն պարզ պատճառով, որ Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված մասում ունենք ձևակերպում, որը լուծում է այդ խնդիրը: Այդ ձևակերպումը հետևյալն է՝ կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին ներքին օրենսդրության դրույթները, որպես հիմնավորում սույն համաձայնագրի չկատարման համար»,- հայտարարեց Փաշինյանը:
Հիմա նրա ելույթից ևս մի կարևոր դրվագ ներկայացնենք:
Հարգելի ընթերցող, 2020թ. նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ստորագրեցին եռակողմ համաձայնագիր, որի 9-րդ կետում տառացիորեն ասվում է .
«9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»:
Եվ ահա, այդ եռակողմ փաստաթուղթը իր իսկ ձեռքով ստորագրած Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից բառացիորեն հայտարարում է.
«Ապագային է միտված նաև ՀՀ կառավարության Խաղաղության խաչմերուկ նախագիծը, որի նպատակը ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև ավտոմոբիլային, երկաթուղային և այլ հաղորդակցությունները բացել է, այլև Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և ողջ տարածաշրջանի միջև կապի ապահովումը, ինչպես նաև խողովակաշարերի և մալուխների անցման և, ի վերջո, մարդկանց միջև շփումների հնարավորություններ ստեղծելը, ինչը կարևորագույն առանցքային գործոն է խաղաղության համար: Խաղաղության և զարգացման առանցքային գործոն է նաև այն, որ այս ամենը տեղի կունենա երկրների ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության հարգմամբ, հավասարության և հավասարազորության սկզբունքի հիման վրա: Եվ մենք պատրաստ ենք մեր տրանսպորտային ուղիները բացել թե Ադրբեջանի, թե Թուրքիայի և թե մեր մնացած հարևանների և գործընկերների համար: Եվ մենք պատրաստ ենք դա անել նույնիսկ այսօր:
Հենց այսօր: Խաղաղության խաչմերուկն, ի դեպ, Միջին միջանցքի մաս կարող է դառնալ` ապահովելով նրանով ապրանքների անցման ավելի մեծ արագությունը և արդյունավետությունը: Հայաստանի հանրապետությունն իր տարածքում պատրաստ է լիովին ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը: Դա մեր ցանկությունն է, պարտավորությունը, և մենք կարող ենք դա ապահովել: Ի դեպ, բոլոր այն պնդումները, թե Հայաստանը որևէ տեղ, որևէ փաստաթղթով համաձայնվել է իր տարածքում երրորդ ուժեր ապահովեն կոմունիկացիաների անվտանգությունը, պարզապես իրականության ձևախեղում են: Հայաստանի ստանձնած պարտավորությունը հստակ է` երաշխավորել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անվտանգությունը, և մենք երաշխավորում ենք դա»,-հայտարարել է նա:
Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում, առանց աչք անգամ թարթելու, նայում էր Փաշինյանին, լսում էր: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի դեմքը մռայլ էր, մտախոժոռ, թերևս հասկանում էր իր անմիջական շեֆն ինչ ստեր է հնչեցնում ամբիոնից և դրանք ինչ հետևանքներ են ունենալու… Դահլիճում ներկաներից շատ-շատերը անգիր գիտեն նոյեմբերի 9-ին Փաշինյանի ձեռքով ստորագրած փաստաթղթի բոլոր կետերը` հատ-հատ:
Բնականաբար, Փաշինյանի այս ելույթը լուրջ հետևանքներ է ունենալու: Եվ այդ հետևանքները կրելու է հայ ժողովուրդը, Հայաստանը, որին ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ Հայաստանին նվիրված լսումների ժամանակ ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ներկայումս «Քարնեգի» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների գծով ավագ փոխնախագահ Դեն Բաերն իր ելույթում
զգուշացրել էր` «հայերը պետք է պատրաստ լինեն մի քանի ցուրտ ձմեռներ» անցկացնել:
Մինչ Փաշինյանը առածներ է ցիտում ՄԱԿ-ի ամբիոնում, Ադրբեջանի նախագահ Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ ռազմարդյունաբերական համագործակցության նոր պայմանագիր է կնքում, նույն Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ «Դարի գործարքն» է նշում, որն ընդգրկում է աշխարհաքաղաքական կենտրոնների գազային և նավթային լուրջ ընկերություններ, տարբեր երկրներից նոր սպառազինություն ձեռք բերում և ռազմատենչ հայտարարություններ անում`պատրաստվելով պատերազմի և նոր պահանջներ ներկայացնում Հայաստանին:
2022թ. դեկտեմբերին Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն մատնանշելով հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, հայտարարել էր.
«Հիմա ճիշտ ժամանակն է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու։ Ադրբեջանը բռնազավթված իր տարածքների մի զգալի հատվածը նաև Թուրքիայի աջակցությամբ է վերադարձրել։ Հայաստանն ունի քաղաքական և տնտեսական խնդիրներ։ Պայմանները հարմար են, որպեսզի Թուրքիան կարողանա ստանալ այն, ինչ ցանկանում է» ։
Փաշինյանը ՄԱԿ-ում հայտարարեց` պատրաստ է, հենց հիմա: