Քաղցկեղի նոր տեսակ Հայաստանում․ ախտանիշը՝ փախուստ իրականությունից
Գրեթե նույն օրերին, երբ Հայաստանի պատմության թանգարանում պետության ղեկավարի մասնակցությամբ տեղի էր ունենում Բրիտանական թանգարանից բերված Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի բացման արարողությունը, Բաքվում բացվում էր Ադրբեջանի ռազմարդյունաբերական միջազգային տոնավաճառը՝ Թուրքիայից այդ երկիր ժամանած բարձրաստիճան զինվորականության մասնակցությամբ։
Առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող այս երկու իրադարձություններն իրականում արտահայտում են այն մեծ, անդունդային անհամարժեքությունը, որում ապրում է Հայաստանը։
Խնդիրն ամենևին Անահիտ Աստվածուհու արձանի ցուցադրությունը չէ, որը, իհարկե, կարևոր մշակութային իրադարձություն է։ Խնդիրը մեր տարածաշրջանում, մեր աշխարհագրական, անվտանգային պայմաններում Հայաստանի ու նրան անմիջական վտանգ, առաջին հերթին՝ ռազմական վտանգ ներկայացնող պետության քաղաքականությունների տիեզերական անհամապատասխանությունն է։ Դրա մեկ այլ ցայտուն դրսևորումն Անահիտի կիսանդրիով հիացողների կողմից ամեն գնով խաղաղություն հաստատելու բարբաջանքն ու Ադրբեջանի ղեկավարի կողմից Հայաստանի դեմ պատերազմ սկսելու հարցի թիվ մեկ առաջնահերթության հռչակումն է։
Ավելի առարկայորեն այդ անհամարժեքությունն արտահայտվում է նրանով, որ մեզ պատերազմով սպառնացող պետությունն արտադրում (կամ ներկայացնում է, թե արտադրում է) ու ցուցահանդես է բերում ավիառումբեր ու բազմաթիվ այլ զինատեսակներ, իսկ Հայաստանը դրան ի պատասխան՝ զբաղված է «պոզիտիվ խոսույթ» ստեղծելով, որն առանց ամաչելու՝ ներկայացվում է ՄԱԿ-ի ամբիոնից։
Որևէ այլ ամբիոնից, սակայն, չեն բացատրվում ավիառումբերի դեմ «պոզիտիվ խոսույթով» պայքարելու եղանակները, որովհետև, մեծ հաշվով, ներկայացնողներին նման հարցեր ուղղողներ չկան։
Անհամարժեքությունը քաղցկեղի նման տարածվել է հայկական իրականության ու պետականության անգամ ամենահեռավոր անկյունները՝ ստեղծելով անհամարժեքության բուրգ, հիերարխիա, որում՝ որպես անհամարժեքության ևս մեկ դրսևորում, գրեթե բոլորն ապրում են թվացյալ երջանկության պայմաններում։ Անադեկվատության այդ համակարգում իշխանությունը համարժեքորեն չի վերաբերվում իրականությանը, Հայաստանին սպառնացող անվտանգային մարտահրավերներին և հեծանիվ վարելուց ազատ ժամանակ խոսույթ է ձևավորում։ Հասարակությունը համարժեքորեն չի վերաբերվում սեփական կյանքին ու ճակատագրին անհամարժեքորեն վերաբերվող իշխանությանը, բայց աշխարհը, ահա, միանգամայն համարժեք է վերաբերվում պետությանը, որի քաղաքացիները համարժեքորեն չեն վերաբերվում իրենց անհամարժեքորեն վերաբերվող իշխանությանը։
Համարժեքությունը/ադեկվատությունը անձի հոգեկան առողջության, նվազագույնը՝ հավասարակշռության չափման կարևորագույն ցուցանիշ է։ Նույնը, որոշակի առանձնահատկություններով, վերաբերում է նաև հանրությանն ու պետությանը։ Համարժեքության բացակայությունը հիվանդություն է, որը, համապատասխան միջամտության բացակայության դեպքում կարող է հանգեցնել ծանր հետևանքների, որոնցից ամենատարածվածը բնորոշվում է «փախուստ իրականությունից» համախտանիշով։
Հայաստանը՝ որպես պետություն, շատ մոտ է այդ համախտանիշին, ինչի վկայություններից մեկն այն է, որ հասարակությունը դեռևս անվրդով ընդունում է իշխանությունների կողմից որպես իրականությունից փախուստի մոդիֆիկացիա ներկայացվող «հոգեբանական փախուստ հայրենիքից» առաջարկը։ Չմտածելով անգամ հարցնել, այդուհանդերձ, ինչպե՞ս է հնարավոր «պոզիտիվ խոսույթով» պայքարել նեգատիվ ռումբերի դեմ։
Հարություն Ավետիսյան