Մակրոնի չեղարկված այցը ՀՀ, հայ-ֆրանսիական տարաձայնությունը և Ֆրանսիայի դիրքավորումը Հարավային Կովկասում․ ինչի՞ց է դժգոհ ֆրանսիական կողմը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով, ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ անկախության օրը պետք է լիներ ՀՀ-ում, և ում հայաստանյան այցը չկայացավ, վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հայաստանին՝ հայտարարելով, որ Բաքվի ճնշման և տարածքային մտադրությունների պայմաններում Փարիզն ուս ուսի տված կանգնած է Երևանի կողքին։

Այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ունեցած իր ելույթի ընթացքում։

«Վարչապետի հետ Ֆրանսիան ուս ուսի տված կանգնած է Հայաստանի կողքին Ադրբեջանի ճնշման և տարածքային մտադրությունների պայմաններում։ Միջազգային հանրությունը պետք է լինի այնտեղ, որպեսզի ապահովի խաղաղ բանակցությունների հաջողությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանումը»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Առաջին անգամը չէ, երբ նման բարձր ամբիոնից Էմանուել Մակրոնը խոսում է Հայաստանը Ռուսաստանից կամ Ադրբեջանից պաշտպանելու Ֆրանսիայի պատրաստակամության և դիրքավորման մասին։ Ըստ էության, Ֆրանսիայի նմանատիպ ակտիվ դիրքավորումը սկսվել է 44-օրյա պատերազմից հետո։

Մակրոնի՝ ՀՀ սեպտեմբերյան այցի տեղեկությունների ֆոնին, սեպտեմբերին ՀՀ այցելեց Ֆրանսիայի արդեն նախկին ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն։ Սեժուրնեի այցը ՀՀ մեկնարկել էր այցով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նա առանձնահատուկ շեշտել էր իր այցը հուշահամալիր՝ նշելով, որ հուզվել է այնտեղ գտնվելով և բուռն հույզեր ապրել։

Կարդացեք նաև

«Հայոց ցեղասպանությունը մի բան է, որը մեծ դեր է խաղացել մեր երկրների պատմության մեջ»,- նշել էր Սեժուրնեն։

Նրա խոսքով, հուշահամալիրի ճանապարհին ինքը հանդիպել է բազմաթիվ ֆրանսիացիների, ինչը երկու ժողովուրդների խորը հարաբերությունների ևս մեկ վկայություն է։

«Երբ պատմական ռևիզիոնիզմն օգտագործվում է պատմական հանցագործություններն արդարացնելու համար, անհրաժեշտ է պայքարել հանուն հիշողության և ընդդեմ ստի»,- ասել էր Սեժուրնեն։

Ըստ էության ՀՀ իշխանությունների մոտ, որոնք վաղուց չեն խոսում Հայոց ցեղասպանության մասին և հորդորում են կենտրոնանալ, այսպես կոչված, «Իրական Հայաստանի» վրա, Սեժուրնեն բարձրացրեց հանուն պատմական հիշողության, արդարության պայքարի հարցը՝ զուգահեռաբար ուշագրավ ուղերձ հղելով Թուրքիային։

Առանձին վերլուծության թեմա է այն, թե ինչու միաժամանակ մի քանի վստահելի աղբյուրներից տարածվող Մակրոնի այցը ՀՀ չեղարկվեց։

Առաջին անգամը չէ, երբ Մակրոնի այցը ՀՀ լայնորեն քննարկվում է, սակայն չի կայանում։ 2021 թվականի հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հյուրընկալվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Այդ հանդիպման ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ 2021-ի աշնանը Մակրոնին «սպասում է Երևանում»:

Ավելին, օրերս ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին հայտնեց, որ Ֆրանսիայի կառավարությունը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովին մասնակցելու, որը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին և 5-ին Ֆրանսիայի Վիլեր-Կոտըրե և Փարիզ քաղաքներում։

Այսինքն՝ Մակրոնը չայցելեց Հայաստան, այլ Փաշինյանին հրավիրեց Փարիզ, ինչը հայ-ֆրանսիական հարաբերությունների որոշակի տարաձայնության դրսևորում է, ինչպես նաև՝ ոչ թե ՀՀ այցելելու, այլ ՀՀ ղեկավարին Ֆրանսիա տանելու ցանկություն՝ հարաբերություններում դիրքեր շեշտադրելու նպատակով։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ մի շարք ուժեր ցանկություն ունեն լցնելու Հարավային Կովկասում ՌԴ թուլացող ազդեցության դատարկությունը։ Նրա խոսքով, այդ ուժերի թվում են առաջինը՝ Թուրքիան, մասամբ՝ Իրանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Ֆրանսիան։

«Հարավային Կովկասի փոփոխվող աշխարհաքաղաքականության շրջանակում Ֆրանսիայի՝ այդ ռեգիոնում դիրքավորման ջանքերը հաջողվում են, սակայն միմիայն մասամբ, քանի որ Ֆրանսիայի ռեսուրսներն ամեն դեպքում սահմանափակ են, իսկ Երևանը փորձում է հարաբերություններ կառուցել նաև մնացած ուժերի հետ։ Սա, կարծում եմ, կարող է որոշակի հակասությունների պատճառ դառնալ կողմերի միջև»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Ֆյոդոր Լուկիանովի խոսքով, իրականում որոշակի աջակցություն Ֆրանսիայի կողմից Հայաստանի ուղղությամբ տեսանելի է։

«Սակայն այս ռեգիոնում երաշխիքներ տալու համար իրական և լուրջ ի՞նչ լծակներ ունի Ֆրանսիան։ Բացի հռետորաբանությունից և հայտարարություններով ՀՀ-ին աջակցելուց՝ ի՞նչ քայլերի է պատրաստ և ունակ Ֆրանսիան մի երկրի հանդեպ, որն ունի բազմաթիվ խնդիրներ»,- նկատեց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, Ցեղասպանության հարցի շեշտադրումը Երևանում, ամենայն հավանականությամբ, պատահական թեմա չէ։

«Այդ թեման, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններում խնդիրները, Երևան-Բաքու երկխոսության խնդիրներն այն հիմքն են, որոնց վրա Ֆրանսիան ցանկանում է հայկական ուղղությամբ կառուցել իր դերակատարությունը Հարավային Կովկասում։ Վրացական ուղղությամբ ևս Ֆրանսիայի նմանատիպ հավակնությունները դրսևորվում են։ Ուստի ընդհանուր առմամբ աջակցությունը լավ է, սակայն Ֆրանսիայի աշխարհաքաղաքական հավակնություններն ավելի մեծ են, քան հնարավորությունները»,- նշեց Լուկիանովը։

Հարցին, թե Փաշինյան-Էրդողան հանդիպումը կարո՞ղ է արդյոք մտահոգել ֆրանսիական կողմին, վերլուծաբանը պատասխանեց, որ դա ևս չի բացառվում, քանի որ Թուրքիայի դիրքավորումը Հարավային Կովկասում Ֆրանսիայի համար մրցակցային կարող է դիտարկվել։

Տեսանյութեր

Լրահոս