Փաշինյանը ճանաչեց Էրդողանի դերը ՀՀ-Ադրբեջան բանակցություններում․ ինչ տեղի ունեցավ Փաշինյան-Էրդողան հանդիպմանը
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում կայացավ Փաշինյան-Էրդողան հանդիպում։ Ինչպես և հայտարարել էին թուրքական ԶԼՄ-ները ՄԱԿ ԳԱ-ի հերթական նստաշրջանի մեկնարկից առաջ, հանդիպումը կայացավ «Թուրքական տուն» կամ «Թուրքևի» կոչվող 36 հարկանի երկնաքեր շենքում, որը գտնվում է Միդթաուն Մանհեթենում՝ ՄԱԿ կենտրոնակայանի անմիջապես դիմաց։ Այն ծառայում է որպես Նյու Յորքում թուրքական բազմաթիվ դիվանագիտական առաքելությունների, այդ թվում՝ գլխավոր հյուպատոսության և ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչության կենտրոնակայան և գործում է որպես թուրքական մշակութային գործունեության կենտրոն։ Հայտնի է, որ Թուրքական տունը (Türkevi) համաշխարհային քաղաքականությունում Թուրքիայի, այսպես կոչված, աճող վարկանիշի խորհրդանիշն է։ Եթե նույնիսկ դա այդպես էլ չէ, Թուրքիայի իշխանություններն այս ներկայացուցչությունն այդ մտքով ու նպատակով են կառուցել։ Հենց այս «տունն» է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորած պատվիրակության համար դառնում երկրորդ տուն վերջինիս ամերիկյան այցերի և հատկապես ՄԱԿ ԳԱ նստաշրջանների ընթացքում, քանի որ սովորաբար այստեղ է Էրդողանն ընդունում և ծավալում երկկողմ շփումները։
Բնականաբար, Փաշինյանի այցը «Թուրքական տուն» չէր կարող չարժանանալ հայաստանյան հասարակության ուշադրությանը՝ հաշվի առնելով այդ կառույցի նշանակությունը թուրքական աշխարհի համար և հաշվի առնելով հանգամանքը, որ երկկողմ շփումները կարող էին կազմակերպվել ՄԱԿ կենտրոնակայանում։ Ի դեպ, Էրդողանի բոլոր երկկողմ շփումները չէ, որ տեղի են ունեցել «Թուրքական տանը», օրինակ՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ամենայն հավանականությամբ հրաժարվել է հանդիպում ունենալ Էրդողանի հետ «Թուրքական տանը», ուստի նրանց հանդիպումը կայացել է ՄԱԿ կենտրոնակայանում։ Ուստի Փաշինյանը կարող էր փոքր-ինչ ցանկության դեպքում չայցելել «Թուրքական տուն»՝ խուսափելով հայաստանյան հասարակության զգայական արձագանքներից, սակայն հանդիպումից տարածվող լուսանկարները, որոնցում Փաշինյանը լայն ժպիտով իր կրծքին է սեղմել Էրդողանի հեղինակած «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» վերտառությամբ գիրքը, մեծ աղմուկ բարձրացրեց։ Տարակուսելի է, թե ինչն է այդքան ուրախացնում Փաշինյանին կամ արդար աշխարհի մասին Էրդողանի ո՞ր մտորումները պետք է կարդա Փաշինյանն այդ գրքում՝ այն, որ 44-օրյա պատերազմում թուրք-ադրբեջանական հարձակման հետևանքով զոհերն էին արդա՞ր, թե՞ գուցե Հայոց ցեղասպանությունն էր արդար․․․ «Հենց այդ տեղից են աշխատում թուրքերը հայկական համայնքների դեմ, Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, Արցախի հարցի դեմ, մեր դեմ»,- իր գրառումներից մեկում գրել էր թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Վերադառնալով արարողակարգին, նշենք, որ հայկական կողմն այդ հանդիպմանը ներկայացնում էին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխնախարար Վահան Կոստանյանը և Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, իսկ թուրքական կողմից՝ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, Ազգային հետախուզության պետ Իբրահիմ Քալընը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
Նրանք բոլորն Էրդողանի կառավարության ամենաառանցքային պաշտոններն են զբաղեցրել վերջին տասնամյակների ընթացքում և թուրքական քաղաքականության ամենափորձառու գործիչներն են։ Օրինակ՝ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի դեմ դիմաց նստած էր Իբրահիմ Քալընը՝ Էրդողանի երկարամյա նախկին խոսնակ, արտաքին քաղաքական հարցերով խորհրդական, Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նախկին փոխնախագահ, իսկ ներկայումս Թուրքիայի ազգային հետախուզության պետ, այս տեսանկյունից հայաստանյան և թուրքական պատվիրակությունների միջև գործիչների քաշային կատեգորիաների տարբերությունը աչք է ծակում, ինչը խիստ բացասական արարողակարգային հանգամանք է նման հանդիպումների ժամանակ։
Գաղտնիք չէ, որ նման հանդիպումների ընթացքում արարողակարգն ամենակարևոր գործընթացն է, ակնհայտ է, որ այս հանդիպմանը ևս արարողակարգերը հստակ աշխատել են, յուրաքանչյուրն ունի նստելու իր տեղը, ու հանդիպումն ունի հստակ ձևաչափ։ Արարողակարգի հաստատման փուլում հաստատվում են հանդիպման հետ կապված բոլոր փոքր ու մեծ հարցերը, այդ թվում՝ օրակարգը՝ քննարկվելիք թեմաները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ միմյանց ուղղված ժեստերը, այս դեպքում՝ նվերները հատկապես, երբ խոսքը նման զգայուն ու բարդ հարաբերությունների մասին է։ Սա նշանակում է, որ նման վերնագրով գիրք նվիրելը ևս համաձայնեցվել է, այսինքն՝ Փաշինյանը հոժարակամ վերցրել է Էրդողանից «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը, ինչն ինքնին հասկանալիորեն խիստ բացասական ասոցիացիաներ է առաջացնում հայ հասարակության շրջանում։
ՀՀ կառավարությունը հանդիպումից հետո մամուլի հաղորդագրություն տարածեց, որը պակաս ուշագրավ չէր։ ՀՀ կառավարության համաձայն, զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին:
«Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերին»,- ասված էր հաղորդագրությունում: Եվ հաղորդագրության ամենահետաքրքիր մասն այն է, որ ՀՀ կառավարությունը պաշտոնապես ֆիքսել է, որ Փաշինյանն Էրդողանին «տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին»:
Սա դիվանագիտական բառապաշարից թարգմանաբար նշանակում է, որ Փաշինյանը զեկուցել է իրավիճակի մասին Էրդողանին։ Եվ այստեղ շատ հետաքրքիր նրբություն է պետք առանձնացնել. Չնայած այն հանգամանքին, որ, լավ թե վատ, ռուսական կողմը տասնամյակներ շարունակ զբաղվել է միջնորդությամբ, կանգնեցրել է 44-օրյա պատերազմը, սակայն Փաշինյանը Պուտինի հետ հազվադեպ հեռախոսազրույցների ընթացքում երբեք ՌԴ նախագահին չի զեկուցում իրավիճակի մասին, նման ձևակերպում հաղորդագրությունում երբեք տեղ չի գտնում, քանի որ ՀՀ իշխանությունը չի ճանաչում ՌԴ դերը՝ որպես միջնորդ, որպես ռեգիոնալ տերություն, սակայն Էրդողանի դեպքում փաստորեն հակառակն է։ Եվ սա չափազանց կարևոր նորություն է հայ-թուրքական հարաբերություններում և քաղաքական ընկալումներում։ Հայաստանի իշխանության համար Թուրքիան այլևս այն երկիրն է, ում պետք է հաշվետու լինել Երևան-Բաքու շփումների համար։
Թուրքական կողմի տարածած հաղորդագրությունում էլ ասվում է, որ Թուրքիայի նախագահն ասել է, որ՝ «Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը և նոր ժամանակաշրջանում երկու երկրների միջև ամուր բարեկամության հաստատմանը», նշելով՝ Անկարան պատրաստ է աջակցել այս գործընթացին։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ Փաշինյան-Էրդողան հանդիպմանը որևէ առանցքային որոշում չի կայացվել, սակայն դա ամենին չի նշանակում, թե այն հետաքրքիր չի եղել։ Ըստ նրա, ընդհանուր առմամբ ուշագրավ է այն հանգամանքը, որ Թուրքիայի կողմից չկա որևէ առարկայական քայլ, սակայն ՀՀ իշխանությունների կողմից կա մեծ պատրաստակամություն շփվելու, ճանաչելու Թուրքիայի դերակատարությունը ռեգիոնում և աշխարհաքաղաքական հարցերում, ինչը հնարավոր չէ ասել, օրինակ, Ռուսաստանի դեպքում։ Արեշևի խոսքով, սա ցույց է տալիս այն առանցքային բեկումը, որը տեղի է ունեցել ՀՀ արտաքին քաղաքականությունում։
«Սա նաև ցույց է տալիս, որ այդ բեկումն ամենևին պայմանավորված չէ Ռուսաստանի կամ Թուրքիայի քաղաքականությամբ կամ ՀՀ-ի հանդեպ վատ ու սխալ քայլերով, այլ լիովին այլ հանգամանքներով, որոնց մասին ՀՀ իշխանությունները միայն կիմանան։ Տևական ժամանակ թուրքական կողմի հետ բանակցում են ՀՀ իշխանությունները, որևէ առաջընթացի չեն հասնում, սակայն դա չի խանգարում, որպեսզի հայկական կողմը համարի, որ բանակցությունների արդյունքները պետք է ներկայացնի Թուրքիայի նախագահին։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն ճանաչում է Թուրքիայի դերը, ազդեցությունն այդ գործընթացում, իսկ թե սրան ի՞նչ կարող է հետևել, այդ մասին ևս հեշտությամբ կարելի է կանխատեսել»,- ասաց վերլուծաբանը։
Նրա կարծիքով, հանդիպման խորհրդանշականությունը ևս հետաքրքիր է, քանի որ թուրքական կողմը սովորաբար սիրում է դա՝ թե հանդիպման վայրը, թե գրքի ընտրությունը և նվերը, պատահական չեն։
«Այդ ամենը հստակ ցույց է տալիս հայ-թուրքական հարաբերություններում ձևավորվող մոդելը և Թուրքիայի ընդգծված գերադրությունը։ Որևէ պատահական բան թուրքական կողմը նման հանդիպումների ժամանակ չի անում, ամեն բան մտածված է ու լավ կազմակերպված։ Գիրք նվիրելը ցույց է տալիս նաև ՀՀ իշխանության նկատմամբ լավ վերաբերմունքը»,- նկատեց նա։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա վերլուծաբանը գտնում է, որ որքան էլ կողմերը հայտարարեն, թե հայ-թուրքական կարգավորումն առանց նախապայմանների է, Թուրքիան հայտարարում է, որ իր քայլը կանի, երբ համաձայնագիրը Երևանի և Բաքվի միջև կստորագրվի։
«Եթե նույնիսկ ուշադրություն դարձնենք թուրքական հաղորդագրությանը, ապա դրա կեսը Երևան-Բաքու հարաբերությունների և ռեգիոնի մասին է»,- ասաց Արեշևը՝ ակնարկելով, որ դա նշանակում է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում այդ օրակարգն ունի առանցքային դեր։