Բաժիններ՝

Տեսախցիկները ցույց տվեցին, որ այդ օրերին Դավիթ Սիրադեղյանն ընդհանրապես ՀԱԿ գրասենյակ չի այցելել. ՀԱԿ-ից հերքում են Վանո Սիրադեղյանի որդուն ծեծի ենթարկելու լուրերը

Օրեր առաջ Ֆեյսբուքում և մամուլում տարածվել էր Վանո Սիրադեղյանի դստեր՝ Արփի Սիրադեղյանի հայտարարությունն այն մասին, որ իբր իր եղբայրը՝ Դավիթ Սիրադեղյանը, ծեծի է ենթարկվել Հայ Ազգային Կոնգրեսի տարածքում:

Ավելի ուշ՝ Oragir.Newsի հետ զրույցում Արփի Սիրադեղյանը, ներկայացնելով դեպքի մանրամասների՝ իր վարկածը, ասել էր. ««Մի քանի օր առաջ եղբայրս «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում է եղել, որտեղ դեռևս չպարզված հանգամանքներում վիճաբանություն է եղել և նրան ծեծել են»։

168.am-ի հետ զրույցում, սակայն, «Հայ ազգային կոնգրեսից» կտրականապես հերքեցին այդ տեղեկությունը.

«Դավիթ Սիրադեղյանի հարազատները հրավիրվել են Կոնգրեսի գրասենյակ և նրանց տրամադրվել է հնարավորություն դիտելու դեպքի կատարման ենթադրյալ ժամանակահատվածում անվտանգության տեսախցիկների տեսանյութերը: Երկու օր տևած դիտարկումներից պարզվել է, որ նման ոչ մի դեպք Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակում կամ դրսի դիտարկվող տարածքում չի արձանագրվել: Ավելին, պարզվեց, որ այդ օրերին Դավիթ Սիրադեղյանն ընդհանրապես Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակ չի այցելել: Կոնգրեսը նաև կոչ է անում իրավապահ մարմիններին արագ հետաքննել կատարվածը և պարզություն մտցնել այս հարցում»,- մեզ հետ զրույցում ասացին ՀԱԿ-ից:

Կարդացեք նաև

Կոնգրեսը նաև իր զարմանքը հայտնեց այն լրատվամիջոցների պրոֆեսիոնալիզմի բացակայության  վերաբերյալ, որոնք այդ ապատեղեկատվությունը հրապարակել են՝ առանց Հայ Ազգային Կոնգրեսի հետ նշված ենթադրյալ դեպքի հանգամանքները ճշտելու:

Տեսանյութեր

Լրահոս