Այլանդակությո՛ւն… Էդ շոուն ինչի՞ եք սարքում, որ ի՞նչ… ի՞նչ եք անելու, եթե ռուսները թողեցին-գնացին, նա ո՞ւմ շունն է, որ Հայաստանում կրոն փոխի. Արման Գրիգորյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Արման Գրիգորյանը։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Ընտրությունները սովորաբար ծառայեցվում են գոյություն ունեցող տարաձայնությունների մեջ պարզություն մտցնելու համար, բայց հայաստանյան ընտրությունները չվերացրեցին բևեռացումը երկրում: Մեր ընտրություններն ընդամենը նեգատիվ ռեյտինգների պայքար էր: Մարդիկ ինչ-որ բանի դեմ էին քվեարկում, ոչ թե ինչ-որ բանի օգտին:
- Ես չգիտեմ՝ ընտրությունների ալտերնատիվը որն է: Եթե իշխանափոխության համար այլընտրանքը հեղափոխությունն է, ես չեմ տեսնում այդ հեղափոխական էներգիան, ոչ էլ ջանքեր՝ նման մթնոլորտ ստեղծելու համար: Ընդդիմության օրակարգերով հեղափոխական պայքար չեն սկսում: Արտաքին քաղաքական հարցերում ընդդիմության տեսակետները Փաշինյանի տեսակետներից չէին էլ տարբերվում: Ընդդիմության համար Փաշինյանի դրսի աջակցությունն արդարացում չէ: Ընդդիմությանը չհաջողվեց առաջարկել այնպիսի օրակարգ, որը թույլ կտար իշխանափոխություն իրականացնել:

- Ընտրություններից առաջ թոշակների բարձրացումը, առողջապահական ապահովագրության ներմուծումը և նման գործողություններ անընդունելի են համարվում, ոչ լեգիտիմ ու ընտրությունների արդյունքների վրա ազդող: Գիշերը ժամը 2-ին ինքն իրեն հաղթող հայտարարելը, երբ դեռ 10 տոկոսն էլ ձայների չէր հաշվարկվել, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կապված պատմությունները լուրջ ստվեր են գցել այս իշխանության լեգիտիմության վրա:
- Միշտ, երբ իրական շանս է ստեղծվել գործող իշխանությանը հեռացնելու համար, դա եղել է ընդդիմության միավորման շնորհիվ: Առանց կոնսոլիդացիայի հնարավոր չէր իշխանափոխության հասնել:
- Հարցի մյուս կողմն էլ կա: Քաղաքական ուժը եթե ընտրություններին չի մասնակցում, ուրիշ ի՞նչ պիտի անի: Մի տեսակ հակադեմոկրատական բան կա այն խոսակցությունների մեջ, երբ ասում էին՝ չպետք է մասնակցեիք ընտրություններին, որ ձայներ չփոշիացնեիք: Ես ընդունում եմ, որ այդ արգումենտը կա, որ գուցե ավելի լավ կլիներ միավորվելը, կամ իրենց աջակիցներին հորդորեին՝ ընտրել այս կամ այն ուժին, բայց դա էլ, վստահ չեմ, որ արդյունավետ կլիներ:
- Նիկոլ Փաշինյանի իշխանության ու նրա քաղաքական թիմի կռվաններից մեկը նախկիններ-ներկաներ հակադրությունն է, և որքան էլ մենք քննադատենք այդ մոդելն ու ասենք՝ այս քաղաքական ուժն արդեն իշխանության է 8 տարի, ու իրենց ձեռքբերումների հիման վրա իրենց օրակարգը պիտի կառուցեն, նախկիններ-ներկաներ հակադրության օրակարգն աշխատում է:

- Ես չեմ ընդունում այն փաստարկը, որ 2018թ. տեղի ունեցավ զուտ գունավոր հեղափոխություն: Եթե ներսից պարարտ հող չլիներ, ոչ մի գունավոր հեղափոխություն էլ տեղի չէր ունենա: Օրինակ, երբ այս քարոզարշավի ժամանակ լսում էի Ռոբերտ Քոչարյանին ու նրա թիմին, տպավորություն էր, որ իր օրոք Հայաստանը դրախտավայր էր, ինքն էլ՝ ռեալիզմի ռահվիրա… Բայց դա այդպես չէր: Եվ Ռոբերտ Քոչարյանի գործոնը կարևոր է հենց նրանով, որ Հայաստանի բնակչության զգալի մասը, արդարացված թե ոչ, Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալը կապում է նախահեղափոխական վիճակի հետ: Ժողովուրդը դեմոնիզացված, չափազանցված կամ ոչ, չի ուզում վերադառնալ նախկինների իշխանությանը:
- Հայաստանում 2018թ. սկզբնական շրջանում ոչ ոք լուրջ չէր ընդունում տեղի ունեցողը, միշտ կար էն փաստարկը, որ Հայաստանում հեղափոխություն չի կարող լինել, իշխանությունն էլ արխային էր: Երբ վտանգը հասկացան, արդեն ուշ էր ինչ-որ բան անելու համար:
- Հայաստանի շուրջ տեղի ունեցողն աշխարհաքաղաքական ազդեցության պայքար է: Իմ կարծիքով, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հանձնառություն է ստանձնել երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումը փոխելու. Հայաստանը, ըստ իրենց, պետք է թոթափի ռուսական լուծը և ավելի ինքնիշխան լինի: Ու դա ունի որոշակի աջակցություն հասարակության մեջ: Ուկրաինայի և Վրաստանի օրինակները տեսնելով՝ մենք գիտենք, որ դա իր մեջ շատ վտանգներ է պարունակում, ու չնայած դրան՝ Հայաստանի իշխանությունը գնում է այդ ուղղությամբ: Եթե այս ընթացքը շարունակվի, մենք զրկվելու ենք հայ-ռուսական անվտանգության համակարգից այն պայմաններում, երբ մենք գիտենք, թե Ադրբեջանը որքան ագրեսիվ է տրամադրված:
- Արտադաշինքային պետության մասին խոսողները հասկանո՞ւմ են, որ էդ դաշինքը հենց մեզ է պետք: Ախր սրանք տարրական բաներ են: Մենք ինչ-որ ալտերնատիվ իրականության մեջ ենք ապրում: Ով սրան հակադարձում է, ասում են՝ ռուսական ագենտ է: Ի՞նչ եք անելու, եթե ռուսները թողեցին-գնացին, 102-րդ ռազմաբազան հանեցին, իսկ Ադրբեջանն էլ չի թաքցնում իր ագրեսիվ մտադրությունները, հայտարարում է, որ 300 000 ադրբեջանցիներ պետք է գան Հայաստան, «Խաղաղության պայմանագրով» էլ իրենց պահանջները չեն ավարտվելու… Երբ Հայաստանում խոսում ես այդ մասին, հեգնում են: Հասել ենք մի վիճարկի, երբ Հայաստանում վիճարկվում են ոչ միայն փաստարկները, այլև փաստերը:
- Առանձնահատուկ ոգևորությամբ հայտարարում են, թե Ռուսաստանի վիճակը լավ չէ… Ի դեպ, Իրանը նույնպես այս ընթացքի հետ խնդիրներ ունի: Իրանի ուժն ու ազդեցությունը վերջին պատերազմից հետո մեծացել են, զուգահեռ՝ փոքրացել են ԱՄՆ կարողությունները… Թրամփը որևէ լուրջ ծրագիր չունի՝ ինչ է անելու Իրանին իր կամքը պարտադրելու համար, որ մինչև հիմա չի արել: Ինձ համար հասկանալի չէ, որ այս իրավիճակը Հայաստանում հաշվի չեն առնում:

- Ենթադրենք՝ Եվրոպան թույլ տվեց մեր ապրանքների մուտքը, կարողանալո՞ւ է ամբողջովին կոմպենսացնել ռուսական շուկան:
- Ռուսաստանն ունի էսկալացիայի ուրիշ տարբերակ, ինչից նրանք կնախընտրեին խուսափել: Բայց եթե այլընտրանքը հանձնվելն է, ես վստահ չեմ, որ Ռուսաստանը չի գնա էսկալացիայի՝ իրենց տարբերակին: Ռուսաստանն Ուկրաինայի կորուստը համարում է էքզիստենցիալ սպառնալիք իր պետական շահերին, և միջազգային շատ վերլուծաբաններ գտնում են, որ միջուկային էսկալացիայի մասին խոսակցությունները շատ ակտուալ են: Արևմուտքում, սակայն, կարծում են, որ ռուսներն այդ քայլին չեն գնա: Ես այդպես չեմ կարծում:
- Թող չմտածեն նաև, որ Ռուսաստանը հեշտ ու հանգիստ կթողնի ու կգնա այստեղից: Բացի դրանից, ռուսների՝ ձեռքերը լվանալը, վստահ չեմ, որ մեզ համար երանելի հեռանկար է:
- Բազմաթիվ մարդիկ Արևմուտքում ասում են՝ Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատերազմը մեզ վրա էժան է նստում, որովհետև զոհվում են ուկրաինացիները: Այսինքն՝ սա իրենց պատերազմը չէ: Ըստ նրանց՝ պետք է զոհվեն ուկրաինացիները, բայց օգուտները քաղեն իրենք:
- Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցելությունից հետո էր Էրդողանը կարծեմ հայտարարել, որ TRIPP-ը միայն աշխարհաքաղաքական ծրագիր չէ, այլև ունի տնտեսական բաղադրիչ: Ֆիդանն էր բաց տեքստով խոսել դրա՝ աշխարհաքաղաքական նախագիծ լինելու մասին, Մեթյու Բրայզան, Փոլ Գոբլը, Ջեյմս Օ’Բրայենը… Վերջինս իր հարցազրույցում հստակ ասել էր՝ ռուսները ոչ միայն չպետք է վերահսկեն այդ ճանապարհը, այլ դրանում առհասարակ ոչ մի մասնակցություն չպետք է ունենան:
- Գլոբալ անկայունություն կա, որը կապված է աշխարհակարգի փոփոխության հետ: Միաբևեռ աշխարհը փոխարինվել է չգիտես ինչով, և կանխատեսել, թե անկայունության նոր օջախ որտեղ կարող է ստեղծվել, այդքան էլ ֆանտաստիկայի ժանրից չէ: Դա մեզ համար խիստ վտանգավոր ու անցանկալի սցենար է, բայց բացառված չէ: Հայաստանի իշխանությունը որոշակի հնարավորություն ունի երկիրն առավել անվտանգ ուղղության վրա դնելու համար, բայց չարեց, ի տարբերություն Վրաստանի:

- Իսրայելի և Թուրքիայի հետ հարաբերությունների սրման կոնտեքստում, ես կարծում եմ, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները չեն սրվելու, որքան էլ այդ երկու պետություններն ունեն հակոտնյա շահեր:
- Շատ պետություններ, բնականաբար, Հայոց ցեղասպանությունը ճանաչել են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, և Իսրայելն էլ բացառություն չէ… Չնայած Իսրայելի Քնեսեթի լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն օրակարգում չի լինելու…
- Արևմտյան երեսպաշտությունը զզվելի է հենց նույն Գազայում իրականացվող ցեղասպանության համատեքստում:
- 70 տարեկան մարդուն, որը չի հրաժարվել հարցաքննության մասնակցելուց, դիմադրություն ցույց չի տվել, իր տանը փռում եք ասֆալտին, էդ տեսակ շոու եք սարքում, որ ի՞նչ: Որ դա կատարյալ այլանդակություն է, որևէ կասկած չկա: Ես Գագիկ Ծառուկյանին չեմ պաշտպանում, այլ խոսում եմ արդարադատությունից, բռնության անհարկի կիրառումից:
- Սինիրլիօղլուն ո՞ւմ շունն է, որ Հայաստանում կրոն փոխի: Հայ Առաքելական եկեղեցին այս քաղաքական ընթացքի խոչընդոտ հանդիսացող ինստիտուտ է, դիմադրության օջախ, որը բարձր վարկանիշ ունի հայ հասարակության շրջանում: ՀԱԵ-ի դեմ Ադրբեջանում էլ են խոսում: Եվ ինձ չի զարմացնում, որ նշված մարդիկ պատրաստակամություն են հայտնել գործողություններ անել Հայ եկեղեցու դեմ…
Հիշեցնենք. այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ռուս հայտնի պրանկերներ Վովանն ու Լեքսուսը զանգահարել են ազգությամբ թուրք ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին, խոսել նրա հետ Նիկոլ Փաշինյանի անունից, վերջինս էլ վստահ լինելով, թե Փաշինյանի հետ է խոսում, իր աջակցությունն էր հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին հեռացնելու, Հայաստանը կրոնափոխ անելու հարցում։
«Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել՝ կարծելով, թե խոսում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, մինչդեռ իրականում շփվում էր պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։ Իշխանություններն իսկական հալածանքներ են սկսել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Հոգևորականների ձերբակալություններ, անցանկալիների հալածանքներ։ Ամեն ինչ՝ Արևմուտքի հրահանգով»,- հայտնում է լրատվական ալիքը: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Առաջին ալիքը՝ հղում անելով Արտաքին հետախուզության ծառայությանը, Բրյուսելի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմադարյան հոգևոր կապերի ամբողջական խզումն է։ Եվ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել փոխարինել կաթողիկոսին։
«-Ես նաև հույս ունեմ ԵԱՀԿ-ի դիրքորոշման վրա, որ դուք նույնպես կարող եք ինձ աջակցել այս հարցում։ -Ես էլ կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխարինել կաթողիկոսին։
– Եվ ես կարծում եմ, որ հիմա ես հաղթաթղթեր ունեմ ձեռքիս, և մենք կարող ենք փոխել կրոնը։ Եվ այն ամենը, ինչ կարող եմ խնդրել ձեզանից, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ մենք բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների կողմից մեծ քննադատության։
– Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ»,- մեջբերում է լրատվական ալիքը սկանդալային այդ հեռախոսազրույցը:

- Ես չեմ բացառում, որ ինչ-որ պահի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 180 աստիճանով փոխի իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ: Դա իրեն բնորոշ է: Հիշո՞ւմ եք՝ 2018-2020թթ. ինչ ոչմիթիզական էին իրենք: Այնպես որ, դրա փորձն ունենք:
Մանրամասները՝ տեսանյութում:

